Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը չի վերցնում իր զինվորների դիակները. Արցախում շարունակվում է խաղաղ բնակչության հրետակոծումը

Հոկտեմբեր 13,2020 23:59

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պնդել, որ իրենք չեն ընդունի հրադադարը, քանի դեռ հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել Արցախից: Այլ կերպ ասած, նրանք ցանկանում են վերագրավել Արցախը և վերացնել հայկական ներկայությունը:

Կողքից Թուրքիան շարունակ յուղ է լցնում կրակի վրա՝ շեշտելով, որ Արցախի դեմ պատերազմը չպետք է դադարի, մինչև հայերը հողերը չվերադարձնեն Ադրբեջանին: Այնուամենայնիվ, երբ ադրբեջանցիների և ջիհադիստ ահաբեկիչների կորուստներն աճեցին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսեց մեղմել իր դիրքորոշումը՝ անցած ուրբաթ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք առաջ են քաշվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, պետք է հիմք հանդիսանան կարգավորման համար»:

Նույն օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներն ավելի քան տասը ժամ տևողությամբ հանդիպում ունեցան Մոսկվայում և պայմանավորվեցին հումանիտար հրադադարի մասին, որն սկսվեց հոկտեմբերի 11-ին, ժամը 12-ին (տեղական ժամանակով)՝ ռազմագերիների փոխանակման և սպանված զինվորների դիակները հավաքելու նպատակով։ Իսլամական օրենքի համաձայն՝ թաղման արարողությունը պետք է անցկացվի մարդու մահվանից հետո 24 ժամվա ընթացքում:

Սակայն, զարմանալի չէ, որ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր չէին պահպանել հրադադարի ռեժիմը: Հրադադարն սկսելուց մի քանի րոպե անց Ադրբեջանը շարունակեց քաղաքացիական և ռազմական թիրախների հրետակոծումը: Ալիևը հարգանք չցուցաբերեց զոհվածների և նրանց սգավոր ընտանիքների նկատմամբ՝ հրաժարվելով միջոցներ ձեռնարկել զոհված ադրբեջանցի զինվորների դիակները հավաքելու համար: Նա նաև հարգանք չդրսևորեց իսլամական թաղման սեղմ ժամանակացույցի նկատմամբ, քանի որ բարեպաշտ մահմեդական չէ:

Իրական պատճառը, որ Ալիևը ձևացնում էր, թե համաձայն է հրադադարին, այն  էր, որ ուզում էր դա որպես քող օգտագործել իր ջախջախված զինված ուժերը վերախմբավորելու և Իսրայելից նոր զինտեխնիկա տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում էր Սիրիայից ավելի շատ ահաբեկչական վարձկաններ հավաքագրել, քանի որ հայերը նրանց անընդհատ ոչնչացնում էին ռազմի դաշտում:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարի ռեժիմի բացահայտ խախտումները պետք է վերջապես Պուտինին արթնացնեն նիրհից։ Այս վարձկանների տեղափոխումը Ադրբեջան չի բխում ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերից, այլ որ ավելի կարևոր է` Ռուսաստանի ազգային շահերի դեմ է: Եթե ​​Պուտինը չի մտածում հայերի սպանությունների մասին, ապա նա պետք է հոգ տանի ապագա ահաբեկչական գործողությունների մասին այն վարձկանների կողմից, որոնք Սիրիայում կռվում էին ռուսական ուժերի դեմ: Հայաստանն ու Արցախը մեծ օգուտ են բերում Ռուսաստանին՝ վերացնելով հարյուրավոր իսլամիստ ջիհադիստների, որոնք սպառնալիք էին Սիրիայում և, հնարավոր է՝ Ռուսաստանում: Այս վարձկանները չէին կարող լավ կռվել Արցախի դեմ, քանի որ նրանք մարզված զինվորներ չեն, բայց ունակ են ահաբեկչական ինքնասպանություններ իրականացնել և պայթեցնել քաղաքացիական թիրախներ Ռուսաստանի քաղաքներում:

Ավելին, Պուտինը պետք է իրեն վատ զգա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իր կողմից կնքված հրադադարը չի հարգվում Ալիևի և Էրդողանի կողմից: Սա վերջապես կարող է ստիպել Պուտինին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի դեմ: Հակառակ դեպքում Ռուսաստանը սեփական հեղինակության անկում կունենա։

Ռուսաստանը նաև պետք է հարգի ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) շրջանակում իր ստանձնած պարտավորությունը Հայաստանի նկատմամբ: Այն պետք է պաշտպանի Հայաստանի սահմանները, քանի որ Ադրբեջանը բազմիցս հրետակոծել է խաղաղ բնակչությանը Հայաստանի ներսում:

Այս իսլամիստ ահաբեկիչներով առավել քան մտահոգված է Իրանը, որը նրանց դեմ պայքարում է Սիրիայում: Իրանի սահմանին հազարավոր ահաբեկիչներ ունենալը լուրջ վտանգ է ներկայացնում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին բազմիցս նախազգուշացրել է Ադրբեջանին և Թուրքիային այդ վարձկաններին Իրանի սահմանին հարող շրջաններ տեղափոխելու մասին: Ռոհանին նույնիսկ խոսել է Պուտինի հետ այս սպառնալիքի մասին: Եթե այս վտանգը շարունակվի, հնարավոր է Իրանը ստիպված լինի ռազմական գործողություններ ձեռնարկել այդ օտարերկրյա ահաբեկիչների դեմ ՝ սեփական սահմանները պաշտպանելու համար:

Մի բան, որ մնում է զարմանալի, մարտում հայկական ուժերի քաղաքավարի և քաղաքակիրթ արձագանքն է: Ադրբեջանը շարունակում է ամեն օր հրետակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ պատճառելով տասնյակ զոհեր և վիրավորներ, ինչպես հրադադարից առաջ, այնպես էլ դրանից հետո: Սակայն անհասկանալի է, թե ինչու են հայկական ուժերը դրա դիմաց զերծ մնում ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը հրետակոծելուց: Բացառություն էր միայն հայկական կողմից Ադրբեջանի Գյանջայի (Գանձակ) օդանավակայանի հրետակոծումը, որտեղ տեղակայված են ադրբեջանական և թուրքական օդուժի ինքնաթիռները:

Հայերը բոլոր իրավունքներն ունեն պատասխանելու ադրբեջանական թիրախներին: Սա պատերազմ է: Երբ թշնամին չի հարգում միջազգային իրավունքը և բազմիցս ռազմական հանցագործություններ է կատարում, ապա Ալիևը պետք է հասկանա, որ հայերը պատասխան հարված կհասցնեն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել թիրախավորել հայ խաղաղ բնակչությանը: Նույնիսկ Շուշիի Ղազանչեցոց պատմական տաճարն է հայտնվել ադրբեջանական հրթիռակոծության տակ, որը մեծ վնաս է հասցրել այս սրբատեղիին։ Քանի դեռ չեն դադարում ադրբեջանական նման բարբարոսական հարձակումները, Հայաստանը պետք է պատասխան հարված հասցնի ադրբեջանական բոլոր թիրախներին, մասնավորապես՝ Ադրբեջանի նավթամուղին:

Ես շատ ուրախ էի, որ հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի հայ համայնքը զանգվածային բողոքի ցույց կազմակերպեց Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: Պետք է ճնշում գործադրել Թուրքիայի խելագար ղեկավար Էրդողանի վրա՝ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության շարունակումը դադարեցնելու համար: Աշխարհի բոլոր հայ համայնքները պետք է նման ցույցեր կազմակերպեն Թուրքիայի հյուպատոսությունների և դեսպանատների դիմաց և պահանջեն, որ բոլոր կառավարությունները ճնշեն Թուրքիայի վրա՝ դադարեցնելու իր մասնակցությունը պատերազմին և ահաբեկչական վարձկանների հավաքագրմանը: Պատերազմը միավորել է ամբողջ աշխարհի տասը միլիոն հայերին, որոնք պատրաստ են աջակցել իրենց հայրենիքին ընդդեմ համաթուրքական հարձակման, որը շատ ավելի չարագույժ է, քան կորոնավիրուսի համաճարակը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի չեղյալ համարվի Էրդողանի՝ իր քիթը Արցախյան հակամարտության մեջ խոթելու փորձը: Հակառակ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը՝ Թուրքիան չպետք է մասնակցություն ունենա ոչ պատերազմական գոտում, ոչ էլ բանակցությունների սեղանի շուրջ:

Նույնքան կարևոր է, որ տարբեր երկրներում բողոքի ցույցեր անցկացվեն Իսրայելի հյուպատոսությունների և դեսպանատների առջև, քանի որ Իսրայելը վաճառել և շարունակաբար վաճառում է միլիարդավոր դոլարների մահացու ժամանակակից անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ՝ սպանելով ու խեղելով հարյուրավոր անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Ֆեյսբուքում տարածված հայտարարությունը ճիշտ է նկարագրում այս խելահեղ իրավիճակը. «ցեղասպանության մեջ մեղավորների թոռները սպանում են ցեղասպանությունը վերապրածների թոռներին՝ Հոլոքոստը վերապրածների թոռների տրամադրած զենքով»:

Անցյալ շաբաթ Իսրայելի հայտնի մտավորականների մի խումբ հանդես եկավ համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Իսրայելին «անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին… որը հիմնականում ուղղված է մի ժողովրդի դեմ, որը քսաներորդ դարում հրեա ժողովրդի նման ցեղասպանության է ենթարկվել: Մենք կոչ ենք անում մյուս իսրայելցիներին իրենց ձայնը բարձրացնել այս կարևոր խնդրի վերաբերյալ»։ Ես ուրախ եմ, որ ստորագրողների թվում են պրոֆեսորներ Յաիր Աուրոնը, Իսրայել Չարնին և Մայքլ Սթոունը, որոնք մշտապես պաշտպանել են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և կոչ արել այն ճանաչել Իսրայելի կառավարության կողմից:

Քանի որ Ռուսաստանի կառավարությունը չի կարողացել վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, ես առաջարկում եմ բողոքի ցույցեր կազմակերպել Ռուսաստանի հյուպատոսությունների և դեսպանատների առջև տարբեր երկրներում, մասնավորապես Երևանում և Մոսկվայում՝ ցույց տալու նախագահ Պուտինին, որ այս պատերազմում իր անգործությունը հանգեցնում է նրան, որ ամենուր հայերը կորցնում են իրենց համակրանքը Ռուսաստանի և նրա կառավարության նկատմամբ:

Վերջապես, Արցախի և Հայաստանի կառավարությունները աշխարհի բոլոր երկրներին կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սա շատ զգայուն թեմա է՝ հեռուն գնացող հետևանքներով։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս ողբերգական հանգամանքները, հայ ժողովրդին այլ բան չի մնում, քան դիմել նման միջոցի՝ որպես արձագանք արցախահայության ոչնչացման ադրբեջանական և թուրքական փորձերի: Արցախի անկախության ճանաչումը համարժեք պատասխան կլինի Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործություններին: Սակայն առաջին քայլը պետք է լինի Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Հակառակ դեպքում, երբ հայերը դիմեն օտարերկրյա ղեկավարներին, նրանց կասեն, թե ինչու պետք է առաջինը իրենք ճանաչեն Արցախը, քանի դեռ Հայաստանն ինքը դա չի արել․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031