Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր

Հոկտեմբեր 13,2020 23:13

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը:

Մասնավորապես, զեկույցում ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների որոշ ապացույցներ ու միջազգային իրավական վերլուծություն:

Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ: Հիշյալ անձանցից 18-ը սպանվել է անմիջապես իր բնակության վայրում (այդ թվում՝ մանկահասակ աղջիկը և հինգ կանայք), 3-ը՝ աշխատանքի վայրում, 10-ը՝ հասարակական այլ վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս և այլն): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (10 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ), Զագլիկ (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (2 անձ) և Տիգրանակերտ տեղամասում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 106 մարդ, որից 86 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 70-ը արական, իսկ 16-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 45-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 12-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:

Ճշգրտված տվյալներով Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 5 անձ, Թաղասեռ համայնքում` 2 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 15 անձ, Սպիտակշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Շոշ համայնքում՝ 1 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Թարմացված զեկույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Հիշեցնում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031