«Եթե գյուղից ոչ ոք չգնա, մեկ է, ես գնալու եմ»,-Գոռն է ասել, երբ Ծաղկաբերդի գյուղապետը տեղեկացրել է՝ հավաք է լինելու, բոլորին տանելու են ռազմաճակատ։ Սկզբում ասել են՝ հոկտեմբերի 10-ին են տանելու, բայց պատերազմի հենց առաջին օրն էլ տարան։
Երիտասարդ էր, 24 տարեկան, մեկ տարի է՝ ինչ ամուսնացել էր, ծրագրել էին, թե քանի երեխա պետք է ունենան, ոնց են ապրելու, ինչ է անելու։ Սեպտեմբերի 29-ին ընտանիքը լուր ստացավ՝ Գոռ Հարությունյանը վիրավոր է։
«Ամբողջ օրը Գոռին էինք ման գալիս, բոլոր հիվանդանոցում փնտրեցինք, չէինք գտնում։ Եկանք Գորիս, էլի չգտանք, Գորիսի հիվանդանոցում ասացին՝ նման անունով վիրավոր չունենք։ Հետո կեսրայրս ասաց՝ ողջերի մեջ չգտանք, փնտրենք զոհվածների մեջ։ Գնաց մորգ, ես էլ անընդհատ Գոռին էի զանգում։ Մորգում սկեսրայրս զանգեց, զանգը ներսում լսվեց․․․»,- Գոռի կինը՝ Նելլի Մանվելյանն է պատմում։
Կարդացեք նաև
«Աղունիկներիս լավ կնայեք, էրեխիս լավ կնայեք, ձեզ լավ կնայեք, շուտով հետ եմ գալու։ Չեկավ, ասեց ու չեկավ»։ Այսպես է հրաժեշտ տվել ընտանիքին։
Նելլին ընդամենը 18 տարեկան է, որդու՝ Արենի մի տարին էլ չի բոլորել։ Մայրն ասում է՝ փոքրիկը երեւի զգացել է հոր մահը, ամբողջ օրը լավ չէր, բարձր ջերմություն ուներ։ «Մինչեւ պապային չէր տեսնում, չէր քնում։ Պապան ինչքան էլ հոգնած գար տուն, Արենի հետ մի երկու ժամ պիտի խաղար, նոր հանգստանար։ Էնքան բարի էր, ընկերասեր, բոլորին օգնում էր, ուզում էր բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի»,-պատմում է Նելլին։ Ժպտում է, երբ Գոռի մասին է պատմում, որովհետեւ, ինչպես Նելլին է ասում, Գոռն էլ կենսուրախ էր, սիրում էր բոլորին ուրախացնել, երեխայի պես ուրախացնող ու ուրախացող․ «Չգիտեմ, հավատս չի գալիս, որ չկա»։
Կինը հիշում է, երբ ամուսնացել էին, Գոռին մի քանի օրով էլի «պոստեր» պիտի տանեին․«Էլի առաջինն ինքը գնաց»,-ասում է Նելլին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Օպերատոր՝ Ռուբեն Մնացականյան