Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն, հանձինս նախարար Շոյգուի, ընդունել է Անկարայի եւ Բաքվի մարտահրավերը». Արման Մելիքյան

Հոկտեմբեր 13,2020 22:15

Ռուսական բանակի անմիջական մասնակցությունն Արցախում ընթացող ռազմական գործողություններին, այս վիճակում, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը բացառում է:

Այսօր ՌԴ ՊՆ-ից լրագրողներին փոխանցել էին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարում տարբեր երկրների իր գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու նպատակով: Aravot.am-ը Արման Մելիքյանից հետաքրքրվեց՝ սա նշանակո՞ւմ է, որ ռուսական բանակն անմիջական մասնակցություն է ցուցաբերելու ռազմական գործողություններին:

«Դրա անհրաժեշտությունը չկա: ՌԴ պաշտպանության նախարարը հրադադարի ռեժիմը չապահոված կողմին առանց այդ էլ շատ ծանրակշիռ ու համոզիչ փաստարկներ կարող է ներկայացնել՝ ռազմական դիվանագիտության մակարդակում»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջին շրջանում տարբեր խոսակցություններ նաեւ են պտտվում՝ շփման գծում խաղաղապահների, մասնավորաբար ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորությունների մասին: Ի դեպ, այդ հարցի մասին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել:  «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, լրագրողի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, վարչապետը պատասխանել էր. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Արման Մելիքյանը դեռ վաղ է համարում խաղաղապահների տեղակայման մասին խոսելը, քանի որ՝ «արցախա-ադրբեջանական սահմանն առաջիկայում դեպի արևելք ու հյուսիս տեղաշարժվելու միտում է ցուցաբերելու»: Ըստ մեր զրուցակցի, այս թեմայով առարկայական կկարողանանք խոսել այն ժամանակ, երբ այդ գործընթացը կավարտվի:

Մոսկվայում՝ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ արդեն իսկ հանրային որոշակի շրջանակներից քննադատություն հնչեց ՀՀ իշխանության հասցեին՝ ռուսական առաջարկին ընդառաջ գնալու համար: Ըստ քննադատների, ՀՀ-ն այսպիսով շարունակում է մնալ ՌԴ-ի կամակատարը: Այս առիթով էլ, Արման Մելիքյանը նկատում է. «Մարտավարական տեսանկյունից ՀՀ պահվածքը ճիշտ էր՝ ի սկզբանե էլ պարզ էր, որ թշնամին հրադադարի ռեժիմը պահպանելու շահագրգռություն չի կարող ունենալ: Մարդասիրական դադարը ձեռնտու չէր ոչ Անկարային, ոչ էլ Բաքվին և վերջիններս, խախտելով ՌԴ նախագահ Պուտինի հորդորով ու նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, հանդուգն մարտահրավեր նետեցին Ռուսաստանին: Փաստորեն, այժմ ՌԴ-ն, հանձինս նախարար Շոյգուի, այդ մարտահրավերն ընդունել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031