«Ազատ, անկախ Արցախ», «Ճանաչում», «Միացեք»-հոկտեմբերի 13-ին Երևանում այս կոչերով քայլերթ անցկացվեց ՌԴ դեսպանատան մոտից դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:
Քայլերթի մասնակիցները, «Էրդողա′ն, տեռորիստ», «Կեցցե′ հայոց բանակը» վանկարկումներով, դիմելով աշխարհին, կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը՝ հայտարարելով. «Հանուն Արցախի անկախության միացե′ք»:
Հավաքի մասնակիցները հայտարարեցին՝ ինչպես արդեն մի քանի գերտերություն հայտարարել է, Արցախի դեմ պատերազմում են ահաբեկիչներ: ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նրանք դիմելով կազմակերպությանը նշեցին. «ՄԱԿ-ը պետք է հստակ գնահատական տա, թե ինչ գործ ունեն Լիբիայի ահաբեկիչները Հայաստանի և Արցախի սահմաններին: Պետք է միջոցներ ձեռնարկվեն կանգնեցնելու այդ ահաբեկիչներին, որոնք զանգվածաբար փորձում են ոչնչացնել հայությանը: ՄԱԿ-ի գրասենյակը պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին, պետք է կոնկրետ արձագանքի և կոնկրետ ազդակներ տա ու ստեղծի պայմաններ, որոնք կարող են կանգնեցնել պատերազմը ու կրկին հակամարտությունը տանել բանակցության սեղան: ՄԱԿ-ը պետք է զբաղվի հայ ժողովրդի իրավունքների խախտումներով, և մենք կոչ ենք անում ձեր բոլոր հնարավորություններն օգտագործել, որպեսզի բոլոր պետությունները ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը»:
Նրանք կոչ արեցին օտարերկրյա կազմակերպություններին օգտագործելով իրենց հնարավորությունները՝ կանգնեցնել ահաբեկիչներին, ամեն բան անել, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա հանգիստ, խաղաղ ապրել իր երկրի վրա, որպեսզի ահաբեկիչներն այլևս չկրակեն մեր խաղաղ բնակիչների, մեր երեխաների վրա:
Կարդացեք նաև
Հավաքի կազմակերպիչներից Հայկ Ստեփանյանը նշեց. «Մեր կոչն ուղղված է միջազգային հանրությանը, ՀՀ-ում գտնվող դեսպանատներին, որ ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, և դա կարող է կանգնեցնել այսօր պատերազմը, որը մենք վարում ենք Արցախում ադրբեջանաթուրքական վարձկանների դեմ: Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ճանաչել Արցախի Հանրապետությունը»:
Հայկ Ստեփանյանը տեղեկացրեց՝ երեկ եղել են նաև Իտալիայի և Ֆրանսիայի դեսպանատան առաջ, նույն կոչով դիմել են նաև նրանց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ