Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության բաց նամակը հայերեն թարգմանությամբ՝ ուղղված Շվեյցարիայի Դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասսիսին, որով կոչ է արվում միջամտել և անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային։ Նամակը ստորագրել են կուսակցության նախագահ Մարիաննա Ստրայֆ-Ֆելլերը և փոխնախագահ Նիկ Գուգգերը, որոնք Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ են։
Դաշնային խորհրդական Իգնասիո Կասսիսին
Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի
ղեկավար (Արտաքին գործերի նախարար)
Բաց նամակ Դաշնային խորհրդական Իգնասիո Կասսիսին
Ցեղասպանության վտանգ Լեռնային Ղարաբաղում․ Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը պահանջում է, որ Դաշնային խորհուրդը գործի
Հարգելի՛ Դաշնային խորհրդական, Իգնասիո Կասսիս,
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա։ Ռմբակոծվել են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պաշտոնապես աջակցում է Ադրբեջանին և անօրինական ճանապարհներով Սիրիայից հազարավոր ջիհադականներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ կռվելու։ Մինչ օրս Լեռնային Ղարաբաղին պաշտպանում է միայն հարևան փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։
Հայ քրիստոնյաները 1915-1923թթ Թուրքիայում ենթարկվել են Ցեղասպանության։ 1990-ական թվականների սկզբին Ադրբեջանը փորձել է էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս պատերազմում ևս առկա են ցեղասպանության նմանատիպ միտումները։ Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում է։ Հրադադարը կրկին խախտվել է և զինադադարի հեռանկարը տեսանելի չէ։
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է և կոչ է անում Դաշնային խորհրդին պահանջել անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային։ Անտեսելն ու լռելը հարիր չէ Շվեյցարիային և համահունչ չէ իր մարդասիրական ավանդույթին։ Ժնևյան կոնվենցիան շարունակաբար անտեսվում և ոտնահարվում է։ Դա չի կարող անպատասխան մնալ։
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը խնդրում է Ձեզ, Դաշնային խորհրդական պարոն Կասսիս, որպես Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի, ներկայացնել դիրքորոշում՝ դատապարտելով պատերազմական այս գործողությունները։ Բացի այդ, անհրաժեշտ է արագացնել մարդասիրական օգնության տրամադրումը և արգելել ռազմական տեխնիկայի ցանկացած արտահանում, որը միտված է օգտագործելու հայ ժողովրդի դեմ։ Մենք այստեղ հնարավորություն ենք տեսնում Շվեյցարիայի համար՝ պաշտպանելու մարդասիրական հիմնարար արժեքները և առաջարկելու իր միջնորդությունը։
Ներկայումս պատկերացնում ենք, թե ինչ տեղի կունենա, եթե Թուրքիան ու Ադրբեջանը նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը՝ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմամբ շարունակական հարձակումներ իրականացնելով քաղաքացիական թիրախների ուղղությամբ։ 1915թ.-ի Ցեղասպանության հիշողությունները արթնանում են։
Մարիաննա Ստրայֆ-Ֆելլեր
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության նախագահ
Ազգային խորհրդական (Շվեյցարիայի խորհրդարանի անդամ, պատգամավոր)
Նիկ Գուգգեր
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության փոխնախագահ
Ազգային խորհրդական (Շվեյցարիայի խորհրդարանի անդամ, պատգամավոր)