Սեպտեմբեր 27-ից Փրկարար ուժերի վարչության ողջ անձնակազմը ծառայություն է անցկացնում ուժեղացված ռեժիմով։ Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասաց Վարչության պետ Մեխակ Արզումանյանը։ «Ստեփանակերտի բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հրետակոծման հենց առաջին օրվանից մեր ծառայողները, նույնիսկ օդային տագնապի ազդանշանի տակ, կատարում էին իրենց առջև դրված պարտականությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ հանրապետությունում քաղաքացիական բնակչությունից ունենք 25 զոհ և 100-ից ավելի վիրավոր, 5800-ից ավելի բնակելի, մշակութային կամ հասարակական նշանակության օբյեկտների վնասներ։
Այս պահին Ծառայության հիմնական գործառույթներն ուղղված են չպայթած զինամթերքի հայտնաբերմանն ու ոչնչացմանը. «Ծառայության տնօրենի ցուցումով ողջ հայտնաբերված և չպայթած զինամթերքը ոչնչացվում է Ստեփանակերտից դուրս։ Մեր գործառույթներն ունեն հումանիտար բնույթ, պետք է ունենալ ավելի ուժեղ թիկունք։ Բոլոր բժիշկները, փրկարարները կարող են օգնել և սահմանը պահել»։
Նելլի Գրիգորյան