«The Times» բրիտանական պարբերականում հրապարակված «Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի» վերնագրով հոդվածի հայերեն թարգմանությունը
Փորձեք պատկերացնել, եթե կարող եք, որ Գերմանիան ռազմական միջամտություն է իրականացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը՝ ուղարկելով ահաբեկիչներին Իսրայելի պետության դեմ կռվելու, օգտագործելով սեփական կործանիչ ինքնաթիռներն իսրայելական ինքնաթիռները խոցելու նպատակով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ ռմբակոծելու քաղաքացիական բնակավայրերը։ Անհնար է պատկերացնել, քանզի ժամանակակից Գերմանիան խորապես մտահոգված է իր պատմական հիշողությամբ և համապատասխան բարոյական պատասխանատվությամբ։ Հոլոքոստի հերքումը քրեական հանցագործություն է, և Բեռլինում կան հրեա զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։
Փաստացի, ճիշտ հակառակ իրավիճակը Թուրքիայում է, որտեղ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն հանցագործություն է համարվում 1915թ․ սառնասրտորեն ծրագրված և տեղի հայ բնակչության հանդեպ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելը, և որտեղ նույնիսկ այնպիսի մեծագույն ստեղծագործողները, ինչպիսիք են Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆաքը, ենթարկվել են հետապնդման՝ թույլ տալու համար իրենց գեղարվեստական կերպարներին կիրառել նմանատիպ արտահայտություններ։
Այսպիսով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։
Կարդացեք նաև
Այդ տարածքը, որտեղ բնակչության գերակշռող մասը մշտապես կազմել է հայկական բնակչությունը, Ստալինի կողմից տրվել է այն ժամանակվա Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը։ Սովետական Միության փլուզումից հետո տեղի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին: Սա հանգեցրեց պատերազմի, որի արդյունքում հազարավոր մարդիկ սպանվել են, շատերը՝ տեղահանվել, իսկ ապա Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն է հաստատվել, մինչ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսեց մարտական գործողությունները։ Բոլորովին նոր է, արտաքին ուժի՝ Թուրքիայի ուղիղ միջամտությունը նախկինում զուտ տեղային բնույթ կրող հակամարտությանը։
Սա Թուրքիայի որդեգրած վճռականության վերջին օրինակն է՝ նախկին Օսմանական կայսրության տարածքում ծագած ցանկացած հակամարտության մեջ հանդես գալու որպես իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավոր։ Թուրքիան այդպես վարվեց Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ՝ Կովկասում: Ապշեցուցիչ է, որ դա արվում է ՆԱՏՕ անդամ երկրի կողմից․ դեռևս միայն ֆրանսիական կառավարությունն է պատրաստ դա մատնանշել։ ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ առումով անկարող էր ասել (ուր է, թե՝ անել) որևէ բան Թուրքիայի այս ռազմավարության առնչությամբ, ինչը հարկադրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախորդ տարվա նոյեմբերին որակել կազմակերպությունը որպես «մեռած ուղեղ»։ Նույն Մակրոնն էր, որ նախորդ շաբաթ հրապարակայնորեն հայտարարեց Անկարայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի իսլամիստների ուղարկման մասին, ինչի վերաբերյալ նա տեղին նշեց․ «Սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը»։
Ի հեճուկս դրան` բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է։ Հատկապես այն պատճառով, որ արտասովոր հայ ազգը, որը պաշտոնապես առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ Հռոմեական կայսրությունից շատ առաջ, մշտապես գրավիչ է եղել որոշ անգլիացիների համար։ Լորդ Բայրոնը հայտարարել է․ «Հայերենն Աստծո հետ խոսելու լեզուն է» (և այդ նպատակով փորձել է սովորել հայերեն)։
Ուիլյամ Գլադստոնն ասել է՝ «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը։ Ավելի ուշ, վարչապետ Ուինսթոն Չերչիլը պարզ արտահայտել է այդ ժողովրդի հետ կատարվածը․ «1915թ․ թուրքական կառավարությունը սկսեց և անխղճորեն իրագործեց տխրահռչակ մեծածավալ կոտորածը և հայերի տեղահանումը Փոքր Ասիայում։ Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»։
Եվ իսկապես, Օսմանյան կայսրությունն աղետալի պարտություն կրեց 1912-1913թթ. Բալկանյան պատերազմներում, ինչը հանգեցրեց իրենց միլիոնավոր մահմեդական հայրենակիցների տեղահանմանը դեպի արևելք: Այն ժամանակ հենց կազմավորվեցին Անատոլիայի նահանգները, տեղահանված մահմեդականների համար որպես նոր «հայրենիք» օգտագործելու և երբեմնի Հայոց թագավորություն կոչվող (մինչ այն կկլանվեր Օսմանյան կայսրության կողմից) հայերի պատմական հայրենիքը հայաթափելու նախագիծը: Այդպես, մոտավորապես 1.5 միլիոն հայեր սպանդի ենթարկվեցին իրենց իսկ բնակավայրերում կամ (կանանց և երեխաների դեպքում) արտաքսվեցին անապատ՝ մահվան երթերի: Նրանց փափագած ունեցվածքն ու կարողությունը, իսկ հայերը հոյակապ առևտրականներ էին, բաժանվեց նրանց սպանդի կազմակերպիչների միջև:
Սա Հիտլերի «Լեբենսրաում»-ի քաղաքականության նախադեպն էր: Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրող կողմի ապացույցներում առկա էր գերմանացի բռնապետի՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին իր գեներալների հետ Օբերզալցբերգում կայացած հանդիպման մասին արձանագրությունը/վկայությունը, որի ընթացքում Հիտլերը հռետորական հարց էր ուղղել. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:
Այս ցեղասպանության կազմակերպիչների հռետորաբանությունը կրում էր նացիստների կողմից առաջ քաշված կենսաբանական գերակայության այլասերված գաղափարական հենքի դրոշմը: Դիարբեքիրի նահանգապետ, բժիշկ Մեհմեդ Ռեսիդը հայտարարել էր. «Մենք նրանց կոչնչացնենք, այլապես նրանք կոչնչացնեն մեզ…հայ ավազակները վնասակար մանրէների ամբողջություն են, որոնք վարակել են հայրենիքի մարմինը: Մի՞ թե մանրէներին ոչնչացնելը բժիշկի պարտքը չէ»:
Իմիջիայլոց, Միացյալ Թագավորության վարչապետի ընտանիքն անմիջականորեն և հերոսաբար առնչվել է այս դրվագին: Բորիս Ջոնսոնի հորական կողմից նախապապ Ալի Քեմալ Բեյը թուրք լրագրող և թերթի խմբագիր է եղել, ով հետագայում մուտք է գործել քաղաքականություն և դարձել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Հավանաբար, նա ավելի քան Օսմանյան կայսրության որևէ այլ հասարակական գործիչ վճռական էր տրամադրված Հայոց ցեղասպանությունն իրականացրած հազարավորներին արդարադատության առջև կանգնեցնելու հարցում։ 1919թ․-ին նա գրում էր․«Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լի է ապուշներով։ Մենք հափշտակել ենք մեր իսկ կողմից արտաքսված և սպանդի ենթարկված մարդկանց կարողությունը, ինչը պատմականորեն եզակի հանցագործություն է՝ հանցագործություն, որից սարսռում է ամբողջ աշխարհը»:
Մասնավորապես, հենց այս մեկնաբանություններն էին, որ հանգեցրին Ստամբուլի վարսավիրանոցներից մեկից Քեմալի առևանգմանը և նրա հետագա քարկոծմանն ու Լինչի դատաստանին ենթարկվելը: Ականատեսներից մեկի հուշերում նկարագրվում էր, թե ինչպես կախաղան բարձրացվեց նրա արնաշաղախ մարմինը, որին զետեղված մագաղաթի կտորի վրա գրված էր «Արթին Քեմալ»: Ոճրագործների կարծիքով հայկական Արթին անունը նրա կրծքին դաջելը, դիակը պղծելու «լավագույն» տարբերակն էր:
Որքան, որ ինձ հայտնի է, Բորիս Ջոնսոնը հպարտանում է իր թուրքական արմատներով: Երբ նա ընտրվեց վարչապետի պաշտոնում, թուրքական մամուլը նրան կնքեց «Օսմանցի թոռ» մականվամբ: Չնայած այս ամենին, նա երբեք հանրայնորեն չի հիշատակել իր նախնիի սպանությունը կամ դրա դրդապատճառները: Ես խիստ կասկածում եմ, որ նա դրա մասին հիշատակած լինի սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Էրդողանի գրասենյակը հայտարարություն էր տարածել առ այն, որ երկու առաջնորդները քննարկել են առևտրաշրջանառության չափերը 20 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելուն ուղղված քայլերը և ռազմական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը:
Վերոնշյալը երեք հարց է ի հայտ բերում․ արդյո՞ք Էրդողանն այն անձնավորությունն է ում վաճառվող զենքի ծավալը պետք է ավելացվի բրիտանական իշխանությունների կողմից, ինչպե՞ս իրեն կզգա վարչապետը, եթե այդ զենքերն օգտագործվեն ավելի շատ հայերի սպանելու համար և ի՞նչ կասեր նրա նախապապը: