Լրահոս
Օրվա լրահոսը

5 քայլ, որի արդյունքում Ձեր երեխան կդառնա ինքնուրույն և ինքնավստահ

Հոկտեմբեր 13,2020 21:12

Տարբեր հետազոտություններ կան այն մասին, որ ինքնուրույնությունը ոչ միայն առօրյա հմտություններին տիրապետելն է, այլև ինքնավստահությունը, որոշում կայացնելու ունակությունը, վճռականությունը:

Ծնողներից շատերն անհանգստանում են, որ երեխան ինքնուրույն չէ, չափից ավելի շատ է կախված իրենցից: Այս դեպքում հոգեբանները խնդիրը դիտարկում են այն տեսանկյունից, թե ինչ է նշանակում լինել ինքնուրույն:

Տարբեր հետազոտություններ կան այն մասին, որ ինքնուրույնությունը ոչ միայն առօրյա հմտություններին տիրապետելն է, այլև ինքնավստահությունը, որոշում կայացնելու ունակությունը, վճռականությունը:

Ելիզավետա Ֆիլոնենկոյի «Երեխաներ առանց վանդակի. 5 քայլ դեպի անկախության զարգացում» գիրքը կօգնի ծնողներին ձեռք բերել ինքնուրույն երեխա դաստիարակելու հմտություններ:

Իհարկե, մեր օրերում բոլորս էլ ապրում ենք «լավագույնը` երեխաներին» սկզբունքով՝ փորձելով մինչև չափահասության տարիք նրանց ապահովել ամեն ինչով: Հաճախ կարելի է լսել այս արտահայտությունը, «Քո աշխատած գումարը պետք չէ, դու միայն դասերովդ, քո կրթությամբ զբաղվիր»: Մինչդեռն հոգեբաններից շատերը կարծում են, որ սա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Ըստ նրանց՝ երեխան դեռ փոքրուց պետք է գիտակցի, որ ինքն էլ ունի իր պատասխանատվության բաժինը: Օրինակ՝ 10 տարեկան աղջնակը կարող  տնային գործերում օգնել մայրիկին. իր դարակը դասավորել, սենյակի փոշիները մաքրել և այլն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այն երեխաները, որոնց ծնողները նրանց ամենօրյա պարտականություններ չեն տալիս, դառնում են.

-պահանջկոտ,

-ոչ ինքնավստահ,

-հակված են դեպրեսիվ  վարքի,

-դժվարությունների նկատմամբ համբերատար չեն:

Եվ հակառակը, որքան երեխան ավելի շատ բան է անում ինքնուրույն, այնքան ավելի ինքնավստահ է և ունի ցանկություն առաջ գնալու՝ չնայած սխալներին և անհաջողություններին: Ինքնուրույնությունը օգնում է նաև երեխայի բնավորության ձևավորման հարցում: Երեխան պետք է հասկանա, որ կյանքում ցանկացած հաջողության հասնելու համար ջանքեր են պետք՝ կոճակ կոճկել, առաջին անգամ պայուսակը դասավորել և այլն: Այս գործողությունները կատարելիս՝ թեկուզ դժվարությամբ, երեխայի մոտ զարգանում են կամային հատկանիշները: Այսինքն՝ ինքնուրույնության հասնելու բանալին էվոլյուցիան է՝ վաղը մեկ քայլ առաջ սկզբունքով:

Ներկայացնում ենք տարբեր հոգեբանների առաջարկած և ծնողների կողմից առավել արդյունավետ համարվող հինգ քայլ, որոնց արդյունքում Ձեր երեխան կդառնա ինքնուրույն և ինքնավստահ:

  1. Ծնողների վստահություն

Երեխայի ինքնուրույնության ձևավորման կարևորագույն նախապայմաններից է ծնողների վստահությունը նրա ուժերի վրա և ձգտումը նրան դարձնել ինքնուրույն: Իհարկե, երեխայի ավելի վաղ տարիքում նրա ինքնուրույնությունը հաճախ ծնողների մոտ խուճապ է առաջացնում՝ վայ չկորի, վայ իրեն չվնասի, վայ, փորձանք չգա և այլն: Այդ փուլում ոչ այնքան կարևոր է ինքնուրույնությունը, որքան ինքնուրույնության հասնելու փորձերը:

  1. Աջակցություն

Երեխաներն ավելի վաղ են սկսում ինքնուրույնության փորձեր անել, քան ծնողները դրան պատրաստ են: Այս դեպքում կարևոր է երեխայի՝ ինքնուրույնության այսպես կոչված ծիլերը չփչացնելը: Օրինակ, երբ ծնողն ասում է՝ թող ես կանեմ, քո այդ գործով միայն ինձ համար նոր խնդիրներ ես ստեղծում, սա երեխային հուսահատեցնում է: Իսկ եթե ժամանակին ծնողը նկատի նրա գործողությունները և ճիշտ խորհուրդներ տա, դա երեխայի համար կլինի շատ օգտակար և ոգևորող:

  1. Հմտությունների զարգացում

Երբեմն միայն ծնողի անձնական օրինակը բավական չէ: Երբեմն ակտիվ մայրիկներն ու հայրիկներն այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ երեխայի ինքնադրսևորման դաշտ չեն թողնում: Եթե ուզում եք, որ Ձեր երեխան դառնա ինքնուրույն, փորձեք Ձեր ակտիվությունը մի քիչ նվազեցնել:

  1. Ճիշտ սահմաններ

Այն, ինչ դու կարող ես ինքնուրույն անել, ես չեմ անի քո փոխարեն. սա ոսկե կանոն է և ճիշտ գծված սահման, որի շնորհիվ երեխան կդառնա ավելի ինքնուրույն: Իսկ եթե երեխան չի կատարում իր պարտականությունները, պետք է դրան համարժեք հետևանքներ լինեն, այլ ոչ թե ծնողը նրա փոխարեն կատարի այդ պարտականությունները:

  1. Երեխայի ՝ որպես անկախ անձի կերպարի ձևավորում

Միայն մեզնից է կախված՝ երեխան կմեծանա «մամայի բալա»,  թե «համարձակ տղա»: Սկզբում երեխան չի մտածում իր կերպարի մասին. իր կերպարը ձևավորվում է իր փորձով և մարդկանց հետ հարաբերություններում: Այնպես որ, ինչպիսին մենք համարում ենք մեր երեխային, այնպիսին նա ի վերջո դառնում է: Այնպես որ, ձևավորեք նրա դրական կերպարը: Մասնագետները խորհուրդ են տալիս նկատել երեխայի գործողությունները և բարձրաձայնել դրանց մասին, հաճախ նրան գովել, օրինակ՝ ինչ լավ է՝ այսօր ժամանակին տուն եկար, ինչ լավ ես իրերդ դասավորել և այլն

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031