Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ջանքերն ակնհայտ են եւ ողջունելի, այժմ պետք է հասնել ԱՄՆ-ի ակտիվ ներգրավմանն այս գործընթացում

Հոկտեմբեր 13,2020 18:45

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանի հետ

– Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, այսօր կայացավ նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի արդյունքում ընդունվեց հայտարարություն։ Մնացականյանի մոսկովյան այցը տեղի է ունենում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված ժամանակավոր հրադադարի պայմանավորվածությունից հետո, որը, սակայն, ադրբեջանական կողմը չի պահպանում արդեն երրորդ օրը։ Ինչպե՞ս եք գնահատում հիմնախնդրի լուծման ուղղությամբ տարվող քաղաքական աշխատանքը, մասնավորապես՝ համանախագահող երկրների դիրքորոշումները։

– Հայաստանի արտաքին գործերի նախարարի այդ այցը չափազանց կարևոր էր ինչպես ՌԴ արտգործնախարարի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների առումով։ Պետք է ուշադրություն դարձնել, որ, փաստորեն, համանախագահներն առայժմ միայն առանձին-առանձին են հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Անցած շաբաթ նրանք Ժնևում հանդիպել էին Ադրբեջանի արտգործնախարարի և միայն այսօր՝ ՀՀ արտգործնախարարի հետ։ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո համանախագահների տարածած հայտարարությունը գործնականում որևէ նորություն չի պարունակում, այն, ըստ էության, առավելապես կողմերին ուղղված կոչ է՝ հոկտեմբերի 9-ին ձեռք բերված մարդասիրական հրադադարը պահպանելու վերաբերյալ և կրկին՝ առանց հրադադարը խախտող կողմին մատնանշելու։

Մյուս կողմից, սակայն, ավելին սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից՝ իրատեսական չէ, քանի որ, անկախ ամեն ինչից, նրանք ունեն միջնորդական առաքելություն և չեն կարող հանդես գալ կողմերից որևէ մեկի օգտին անգամ այն դեպքում, երբ առկա են հակառակ կողմի մեղավորությունն ապացուցող առարկայական փաստեր։ Բոլոր դեպքերում ողջունելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անում է առավելագույնը՝ հրադադարի հաստատման ու կողմերին բանակցային սեղան վերադարձնելու նպատակով։ Անկեղծ ասած, այդ հեռանկարն այս պահին շատ մշուշոտ է թվում՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողականությունն ու հրադադարը հետևողականորեն խախտելու քաղաքականությունը։

Բայց պետք է հույս ունենալ, որ մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մյուս կողմից՝ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրների տարբեր գերատեսչությունների ջանքերը, ինչպես, օրինակ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջնորդական քայլերը, ի վերջո, արդյունք կտան և հնարավոր կլինի առաջին փուլում գոնե հումանիտար հրադադար հաստատել։ Բայց ուզում եմ ընդգծել, որ, ընդհանուր առմամբ, պատերազմը դադարեցնելու հարցում միջազգային արձագանքը, միջազգային հանրության հավաքական դիրքորոշումը պետք է դրական և գոհացուցիչ համարել։ Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները միակամ են այն հարցում, որ Թուրքիան տարածաշրջան է ներմուծել վարձու ահաբեկիչների, որոնք վտանգում են տարածաշրջանային կայունությունը։

Չափազանց կարևոր է այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանի դիրքորոշումը, որն օգտագործում է բոլոր հնարավոր գործիքները խաղաղություն հաստատելու և բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով դատապարտել է ահաբեկչական խմբավորումներ ներմուծելու Թուրքիայի գործողությունները և դրանից հետո գործում է այդ սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ։ Ցավոք, մենք չենք տեսնում նույն ակտիվությունն ու նախաձեռնողականությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի կողմից, ինչը, իհարկե, պայմանավորված է այդ կառույցի բազմաշերտ բնույթով ու անդամների հակասական շահերով։ Բայց, ըստ էության, Ռուսաստանը փոխհատուցում է ՀԱՊԿ-ի պասիվությունն իր ակտիվությամբ ու նախաձեռնողականությամբ։ Կարող ենք ասել, որ գործնականում Ռուսաստանի կողմից ունենք համալիր, համապարփակ ռազմաքաղաքական աջակցություն և իրական դաշնակցային դիրքորոշում, ինչը չափազանց կարևոր է ստեղծված իրավիճակում։

Ռուսաստանը, բնականաբար, մեր տարածաշրջանում ունի իր աշխարհաքաղաքական շահերը, որոնք այսօր գրեթե ամբողջությամբ համապատասխանում են մեր շահերին, այսինքն՝ մենք մի կողմից ունենք գործնականում ողջ ծավալով դրսևորվող հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ, մյուս կողմից՝ հայ-ռուսական շահերի համընկնում, և հանրագումարում մեր դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն, ըստ էության, նույնանում է Ռուսաստանի դեմ ոտնձգության՝ դրանից բխող բոլոր ռազմաքաղաքական հետևանքներով։ Այս համատեքստում չափազանց կարևոր է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ և Եվրամիության առանցքային պետության՝ Ֆրանսիայի միարժեք մոտեցումը. նախագահ Մակրոնի մակարդակով պատերազմի հենց առաջին օրերից հայտարարվեց Թուրքիայի ապակառուցողական և վտանգավոր դերակատարության մասին, և կարծում եմ՝ Մակրոնի այդ հայտարարությունն էական նշանակություն ունեցավ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ձևավորման հարցում։ Ցավով պետք է արձանագրել, որ, ի տարբերություն Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ մենք գոնե առայժմ չենք տեսնում նույնքան նախաձեռնողականություն և հետևողականություն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրի՝ ԱՄՆ-ի կողմից, ինչը մեծ մասամբ պայմանավորված է այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններով, մասամբ էլ ԱՄՆ-ի՝ այս տարածաշրջանում ընդհանուր պասիվացմամբ։ Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում չափազանց կարևոր է, քանի որ իրականում մենք գործ ունենք ոչ թե սոսկ Ադրբեջանի ապակառուցողականության, այլև Թուրքիայի դերակատարման հետ։

Եթե ավելի պարզ ձևակերպենք, ապա ներկայումս գերտերությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խնդիրն է զսպել Թուրքիային, ինչը, փաստորեն, գոնե մինչև այս պահը ամբողջությամբ չի հաջողվում։ Եվ կարծում եմ՝ չի հաջողվում նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն ամենատարբեր պատճառներով բավարար ակտիվություն չի ցուցաբերում այդ հարցում։ Կրկնում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերն այս ուղղությամբ ակնհայտ են և ողջունելի, և մեր խնդիրը պետք է լինի բոլոր հնարավոր միջոցներով հասնել այս գործընթացում նաև ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությանը։ Թուրքիայի համար, ըստ էության, չեզոք ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես դաշնակից՝ իր պասիվությամբ կամ ոչ նախաձեռնողականությամբ։ Եվ մենք պետք է անենք առավելագույնը ԱՄՆ-ին մեզ դաշնակից դարձնելու համար՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Թուրքիայի սանձարձակությունն այլևս հատել է բոլոր սահմանագծերը, և միայն միջազգային միասնական հակազդեցությունը կարող է զսպել Թուրքիային։

Հետևաբար՝ այս պահին մեր գերխնդիրը պետք է լինի Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերին գումարել ամերիկյան իսթեբլիշմենթի ակտիվությունը, որը կարող է զսպող գործոն դառնալ Ադրբեջանին արդեն ամբողջությամբ որպես գործիք օգտագործող Թուրքիայի համար։ Ընդհանուր առմամբ, այս պահին կարող ենք արձանագրել, որ ահաբեկիչների օգտագործմամբ դրսևորվող թուրք-ադրբեջանական համատեղ այս չարիքի դեմ պայքարում մենք ոչ միայն միայնակ չենք, այլև գործնականում վայելում ենք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի բարոյական, քաղաքական, իսկ որոշ դեպքերում՝ ռազմաքաղաքական աջակցությունը, ինչն ուղղակի անհամադրելի է ադրբեջանաթուրքական տանդեմին աջակցող պետությունների հետ, որոնք սահմանափակվում են, թերևս, Աֆղանստանով ու Պակիստանով։ Հետևաբար՝ մեր խնդիրը պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի այս աջակցության էլ ավելի խորացումը, ինչը հնարավորություն կտա այդ աջակցությունն առարկայացնել, կապիտալիզացնել ինչպես ռազմական գործողություններում, այնպես էլ դիվանագիտական ճակատում։

– Դուք խոսում եք այս գործընթացում ԱՄՆ-ի ոչ ակտիվ դիրքորոշման մասին։ Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին իրականացնել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարով համաձայնեցված կարգով և դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, մասնավորապես Գյանջայի և Ստեփանակերտի ուղղությամբ: Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը, երբ կրկին հավասարության նշան է դրվում կողմերի միջև։

– ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունը ևս վկայում է իմ նշած այն իրողության մասին, որ ԱՄՆ-ն, կարծես, իրեն դուրս է դրել մեր տարածաշրջանից ու դիրքավորվում է առավելապես չեզոք դիտորդի դերում։ Պոմպեոյի հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն դեռևս շարունակում է այս խնդրին վերաբերվել նախկին կաղապարներով, այն կաղապարներով, որոնցով առաջնորդվում էր մինչև սեպտեմբերի 27-ը։ Բայց այս պատերազմից հետո մեր տարածաշրջանում քաղաքական ու աշխարհաքաղաքական իրողություններն ամբողջությամբ փոփոխության են ենթարկվել, ինչը նշանակում է, որ նախկին մոտեցումներն ու կարծրատիպերն այլևս չեն կարող արդյունավետ լինել։ ԱՄՆ-ն այս հայտարարությամբ հանդես է գալիս ստանդարտ միջնորդի դիրքից, այն դեպքում, երբ, կրկնում եմ, իրավիճակն այլևս դուրս է նախկին ստանդարտներից։

Այսօր խոսել արցախյան պատերազմի մասին և չանդրադառնալ այդ պատերազմում Թուրքիայի դերակատարությանը, վերջինիս կողմից տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու արդեն իսկ հաստատված իրողությանը, նշանակում է համարժեք չգնահատել երևույթները։ Ցավոք, իր այսպիսի դիրքորոշմամբ ԱՄՆ-ն ըստ էության խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբում տարիներ, տասնամյակներ գործող հավասարակշռությունը, քանի որ մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան իրերը կոչում են իրենց անուններով, դատապարտում են ահաբեկիչներ ներմուծելու Թուրքիայի քայլը, մինչդեռ ԱՄՆ-ն՝ շրջանցելով այդ կարևորագույն, առանցքային իրողությունը և հանդես գալով սովորական միջնորդի՝ կողմերի միջև հավասարության նշան դնողի դիրքերից, իրեն դուրս է դնում համանախագահության շրջանում գերիշխող մոտեցումից ու տրենդից։ Իսկ դա նշանակում է, որ նախաձեռնությունն ամբողջությամբ անցնելու է ռուսական ու ֆրանսիական համանախագահությանը, ինչը կարող է կարճաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն ունենալ, սակայն ավելի երկարաժամկետ կտրվածքով կարող է վնասել բանակցային գործընթացին, քանի որ, ինչպես նշեցի, դրա արդյունավետությունը մեծապես կապված է եղել այդ ձևաչափի շրջանակներում համանախագահների միջև հաստատված ուժերի հավասարակշռությունից։ Պոպմեոյի հայտարարությունը, այս որակի հայտարարությունը էլ ավելի է սրում իմ նշած այն անհրաժեշտությունը, որ պետք է բոլոր ուղղություններով ու բոլոր խողովակներով աշխատել ամերիկյան կողմի հետ՝ նրան այս պասիվ ու դիտորդի կարգավիճակից գործընթացի լիակատար մասնակից դարձնելու համար։ Դա բխում է ոչ միայն Հայաստանի ու տարածաշրջանի կայունության ապահովման, այլ հենց ԱՄՆ-ի շահերից։

– Պատերազմի մեկնարկից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցն է, որը չի դադարում նաև այս օրերին։ Օրեր առաջ հետ կանչվեց Իսրայելում ՀՀ դեսպանը, սակայն զենքի մատակարարումն Ադրբեջանին կրկին շարունակվում է։

– Այո՛, դա իսկապես լրջագույն խնդիր է։ Փաստորեն Ադրբեջանն այս պահին հրթիռակոծում է մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը թուրքական և իսրայելական զինատեսակներից, անօդաչու թռչող սարքերից։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվում դիվանագիտական ուղիներով հասնել գոնե Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կասեցմանը։ Եվ այս հարցում պետք է կրկին խոսել ԱՄՆ-ի դերակատարության մասին։ Ակնհայտ է, որ Իսրայելի հետ ունեցած հարաբերությունների բնույթով պայմանավորված՝ Միացյալ Նահանգները կարող է հասնել այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցման, ինչը մինչև այս պահը տեղի չի ունենում։ Հետևաբար՝ մեր բոլորի, առաջին հերթին դիվանագիտության, նաև Սփյուռքի կառույցների խնդիրը պետք է լինի ԱՄՆ իշխանությունների ու քաղաքական շրջանակների հետ աշխատել այնպես ու այնքան, որ հնարավոր լինի նաև ԱՄՆ-ի ազդեցության միջոցով հասնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցման։ Այս ուղղությամբ աշխատանքի մեծ ռեսուրս եմ տեսնում ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում, իսկ սա մեր բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու, համախմբելու պատմական պահն է, որը մենք իրավունք չունենք բաց թողնելու։ Ինչպես ասացի, այս ուղղություններով հսկայական անելիք ունեն մեր լոբբիստական կառույցները, նրանք այս պահին էլ անդադար աշխատում են, բայց պետք է բազմապատկել այդ աշխատանքը։

Բայց մենք դեռևս չիրացված ռեսուրսներ ունենք նաև Հայաստանում, և այդ հարցում կցանկանայի առանձնացնել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա ունի անպատկերացնելի մեծ կապեր և անձնական հեղինակություն, որը կարող է իրացվել ի պետս այս խնդիրների լուծման՝ ինչպես ԱՄՆ դերակատարության ակտիվացման, այնպես էլ Իսրայելի հետ աշխատանքի ուղղություններով։ Ամենևին պարտադիր չէ, որ Արմեն Սարգսյանի կարողություններն օգտագործվեն միայն պաշտոնական, ֆորմալ խողովակներով։ Նման ֆորսմաժորային իրավիճակներում շատ հաճախ ավելի կենսունակ ու արդյունավետ են լինում ոչ պաշտոնական խողովակները, անձնական հարաբերությունները։ Խորապես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն ունի բոլոր այդ կապերն ու որակները, և նրա է՛լ ավելի ակտիվացումն ու ներգրավվածության մեծացումը կարող են նպաստել մեզ համար բոլոր այս կենսական խնդիրների լուծմանը։

– Որպես ստեղծված իրավիճակից հնարավոր ելք դիտարկվում է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական գործողությունները ևս 3 օր, ինքը կարող է դիմել Հայաստանին ու աշխարհի երկրներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Այդ տարբերակն իր բազմաթիվ հարցազրույցներում չի բացառել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։

– Արցախի անկախության ճանաչումը եղել է մեր քաղաքական զինանոցում միշտ և ավելի արդիական է դարձել այս օրերին։ Ինչպես Արցախի ու Հայաստանի ղեկավարությունը, այնպես էլ մենք՝ քաղաքական գործիչներս, մեր արտերկրյա գործընկերների հետ ակտիվորեն քննարկում ենք այս հնարավորությունը, որը պետք է իրացնել բոլոր ռիսկերի ու սպառնալիքների ճշգրիտ հաշվարկմամբ։ Այս առումով ևս մենք ունենք բավական նպաստավոր միջազգային ֆոն։ Ժնևի քաղաքային խորհրդի արդեն հայտնի որոշումը, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղխորհրդի՝ Արցախի անկախությունը ճանաչող հայտարարությունը, տասնյակ, հարյուրավոր արտերկրյա հեղինակավոր փորձագետների կարծիքները, այդ թվում՝ ռուսական և եվրոպական, վկայում են, որ աշխարհում կամ առնվազն դրա զգալի հատվածում ևս հասունացել է Արցախի ճանաչման հրամայականը։ Մեր խնդիրը, սակայն, պետք է լինի այդ քայլին դիմել միայն սառը, կշռադատված որոշման, նախորդող ու հաջորդող քայլերի հստակ հաշվարկման և ոչ երբեք զգայական հարթության հիման վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց քայլերով ամեն ժամ մոտեցնում են Արցախի անկախության ճանաչման պահը։

Մենք, սակայն, պետք է մեր բոլոր ուժերի ու ռեսուրսների մոբիլիզացիայով այդ քայլին դիմենք միայն այն դեպքում, երբ վստահ լինենք, որ կկարողանանք ապահովել անհրաժեշտ նվազագույն արդյունք։ Դրա նախադրյալները, ինչպես նշեցի, այսօր առկա են։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին՝ կախված նաև ռազմաճակատում հնարավոր զարգացումներից, Արցախի անկախության ճանաչման առումով գործընթացները ավելի պարզորոշ կդառնան։ Մենք հիմա մարտնչում ենք զուգահեռաբար մի քանի ճակատներում, առաջին հերթին՝ սահմանին, Արցախում, որտեղ մեր հերոսական զինված ուժերը իսկական սխրանքներ են գործում, և դիվանագիտական ճակատում՝ արտաքին ուղղությամբ։ Եվ, ինչպես բազմիցս եմ ասել, մենք՝ քաղաքական գործիչներս, պարտավոր ենք անել առավելագույնը՝ քաղաքական, դիվանագիտական դաշտում մեր հերոս զինվորների սխրանքներին արժանի քաղաքական արդյունքներ ապահովելու համար։ Այլապես պատմությունն ու սերունդները մեզ չեն ների մեր հերոսական բանակի քաջագործությունները դիվանագիտական ճակատում չամրագրելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031