Պատերազմի առաջին իսկ օրերից զինվորի հետ ռազմաճակատ մեկնեցին նաեւ բժիշկները: Վանաձորի բժշկական կենտրոնի բուժաշխատողները նույնպես այս օրերին գտնվում են Արցախում: Նրանց մի մասը հենց ճակատում է՝ զինվորի կողքին, մյուս մասն էլ Արցախի հիվանդանոցներում է օգնություն ցուցաբերում հիվանդներին. «Հենց լուրն իմացան՝ մեր բուժաշախատողները ցանկություն հայտնեցին կամավոր մեկնել: Առողջապահության նախարարությունը համակարգեց գործընթացը, եւ այն բուժաշխատողները՝ բժիշկները, բուժքույրները, վարորդները, որոնք կցագրված են զինկոմիսարիատներին, հոսպիտալներին՝ մեկնեցին Արցախ: Մի մասը կամավոր, մյուս մասն էլ նախարարության հրամանով տեղափոխվեցին աշխատելու այն հատվածներում, որտեղ պետք էր օգնություն ցուցաբերել»,- ասում է Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
Հերթական տեղափոխության ժամանակ, թշնամին թիրախավորել է նաեւ բուժաշխատողներին, կրակ բացելով շտապօգնության մեքենայի վրա: Ի դեպ, այդ ժամանակ արդեն իսկ հայտարարված է եղել հումանիտար հրադադարը. «Կարող ենք այս ամենից նույնպես հետեւություն անել, որ մեր դեմ կռվող թշնամին նենգ եւ ստոր թուրք է, միջազգային ահաբեկիչ եւ ռազմական հանցագործ: Ցանկացած կոնվենցիաներով եւ պատերազմների օրենքներով արգելված է թիրախավորել հիվանդանոցները եւ շտապօգնության մեքենաներին ու անձնակազմին: Բայց այսօր մեր թշնամին հատուկ թիրախավորել է մեր մեքենան ու բուժաշխատողին: Սա եւս մի ապացույց է, որ թշնամին չի պահում միջազգային մակարդակով ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Աստված պաշտպանել է մեր վարորդին, հրաշքով է փրկվել»,- ասում է տնօրենը:
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, օրթոպեդ-տրավմատոլոգ, վիրաբույժ, այս օրերին ահա այս մասնագետների կարիքն է լինում սահմանում: Իսկ մյուս մասնագետները մնալով թիկունքում՝ պայքարում են օրեցօր ավելացող համավարակի դեմ: Վանաձորի ԲԿ-ն նույնպես աշխատում է գերծանրաբեռնված: Հիվանդանոցի տնօրենն ասում է, որ օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացիները մի մասը սկսել է դիմակ չկրել, ինչի հետեւանքով էլ կորոնավիրուսով հիվանդների թիվը գնալով ավելանում է. «Ուղղակի խնդրում եմ՝ պահպանեք սանիտարաէպիդեմիոլոգիական համաճարակաբանական կանոնները, ինչ-որ տեղ խնայելով նաեւ մեր բուժաշխատողներին: Առանց այդ էլ մեր ռեսուրսները քիչ են, մասնագետներն այստեղ չեն: Ժողովուրդը, որ պահպանի կանոնները, գոնե կորոնավիրուսի թվերը կնվազեն, բայց ցավոք սրտի այդպես չէ»,- եզրափակեց Մկրտչյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Վահագն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից