Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չենք լսում Պուտինին, ստիպված կլինենք լսել Էրդողանին և իր ահաբեկիչներին». Վիգեն Հակոբյան

Հոկտեմբեր 13,2020 17:51

Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը

– ՌԴ նախագահի հրահանգով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարում տարբեր երկրների իր գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու նպատակով: Այսինքն, ռուսական բանակը մտնում է պատերազմի դա՞շտ: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

– Թեպետ այն, ինչ ստորագրվեց Մոսկվայում, իհարկե, եռակողմ հանդիպման արդյունք էր, բայց, այնուամենայնիվ, բոլորս էլ հասկանում ենք, որ տվյալ դեպքում Ռուսաստանը մոդերատորի դեր էր խաղում և Ռուսաստանի միջնորդական գործողությունները համաձայնեցված էին մյուս միջնորդների հետ: Այսինքն, խոսք չի գնում, որ այստեղ զուտ ռուսական ծրագիր կամ միջնորդություն է: Պարզապես Ռուսաստանը՝ որպես մեր տարածաշրջանում ամենաազդեցիկ պետություն, որի աշխարհաքաղաքական շահերը հասկանալի են և որի ազդեցությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա մեծ է՝ ինքն էր ստանձնել բանակցությունների կազմակերպման առաքելությունը: Այս տեսակետից, երբ մենք դիտարկում ենք ՌԴ ՊՆ-ի ակտիվությունը, դա էլ է հասկանալի, որովհետև մի բան է քաղաքական որոշում ընդունել և քաղաքական փաստաթուղթ կնքել, օրինակ՝ հրադադարի մասին, մեկ այլ բան է կոնկրետ քայլերով ապահովել այդ գործընթացի իրականացումը:

Այս տեսակետից թերևս Ռուսաստանի բանակը կարող է ապահովել որոշումների անթերի իրականացումը: Ընդհանրապես միակ գործուն օպերատորը, որը կարող է կյանքի կոչել մոսկովյան որոշումները՝ թերևս հենց ռուսական բանակն է: Պատահական չէ, որ պաշտպանության նախարարը բավականին ակտիվ ռազմադիվանագիտական գործունեությամբ է զբաղված:

Ինչ վերաբերվում է ռուսական բանակի միջամտելուն, ապա ասեմ, որ հայ-ադրբեջանաթուրքական պատերազմին ուղղակիորեն միջամտելու համար պետք է նման մանդատ ունենալ: Այդ ձևաչափ չի բացառվում, որ կարող է լինել հակաահաբեկչական կոալիցիան: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը նախապատրաստում է այդ մանդատը: Սկզբից քաղաքական մակարդակով հայտարարություններ եղան, որ պատերազմում կան Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչներ, հետո Արտաքին հետախուզության պետը՝ Նարիշկինը հայտարարեց ահաբեկիչների մասին և նույնիսկ ահաբեկչական խմբավորումների անուններ տրվեցին: Հիմա էլ հերթը հասավ պաշտպանության նախարարին, որը մտահոգություն է հայտնել այդ ահաբեկիչների՝ տարածաշրջան ներմուծմամբ և ուղղակիորեն մատնացույց է արել, թե ովքեր են այդ ահաբեկիչներին բերել տարածաշրջան: ՌԴ ՊՆ հայտարարության մեջ ուղղակիորեն գրված էր, որ մտահոգությունը հայտնվել է գործընկերոջը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին: Ուստի ես կարծում եմ, որ, եթե Ռուսաստանը միջամտի, ապա դա կլինի հակաահաբեկչական պայքարի ֆորմատով: Այլ հարց է, դա կլինի միայն Ռուսաստանը թե նաև այլ դաշնակիցներ, ինչպես եղավ Սիրիայում:

Վիգեն Հակոբյան

– Հավանական համարո՞ւմ եք, մասնավորաբար, ռուս խաղաղապահների տեղակայումը սահմանին:

– Ես կարծում եմ, որ վաղ է այս մասին խոսել, որովհետև խաղաղապահների մասնակցությունը մադրիդյան բազային սկզբունքներից մեկն է, բայց մինչև դրանց հասնելը դեռևս բավականին ծանր կետեր կան, մասնավորապես տարածքների հետհանձնման, կոմունիկացիաների հետ կապված: Թեպետ Ռուսաստանում չեն թաքցնում, որ այդ տարբերակը քննարկվում է և ռուս քաղաքական էլիտայի որոշ մասի համար խորթ չէ: Ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է Ռուսաստանի ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով, որպեսզի ռեգիոնում խաղաղապահներ լինեն, անհրաժեշտ է առնվազն երկու կողմերի համաձայնությունը: Բայց ես կարծում եմ, որ հարկավոր է նաև տարածաշրջանային այլ կարևոր խաղացողների քողարկված համաձայնությունը: Նախ և առաջ, չի կարող հաշվի չառնվել Իրանի կարծիքը, որը բավականին խանդոտ է վերաբերվում տարածաշրջանում խաղաղապահ ուժերի նկատմամբ, մանավանդ, երբ դրանք հայտնվում են իր սահմանին: Այնպես որ, սա բավականին նուրբ և արագ տեմպերով չլուծվող հարց է:

– Մոսկվայում՝ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ արդեն իսկ հանրային որոշակի շրջանակներից քննադատություն հնչեց իշխանության հասցեին՝ ռուսական առաջարկին ընդառաջ գնալու համար: Ըստ քննադատների, ՀՀ-ն այսպիսով շարունակում է մնալ ՌԴ-ի կամակատարը:

– Նորից եմ ուզում ասել, սխալ է դիտարկել այդ հանդիպումը զուտ որպես Ռուսաստանի հովանու ներքո կազմակերպվող բանակցություն, քանի որ ակնհայտ է, որ այդ մանդատը Ռուսաստանը ստացել է մյուս աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնից, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահներից, ԵԱՀԿ-ից, այլ միջազգային կառույցներից: Այսինքն` ասել, որ ամեն ինչ Ռուսաստանի դիրիժորությամբ է իրականացվում, սխալ մոտեցում է: Ի վերջո, մենք չենք տեսնում, որ այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ հերթ էին կանգնել, որպեսզի կազմակերպեն այդ հանդիպումը: Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլորը սահմանափակվում են հերթապահ խաղաղասեր հայտարարություններով ուղղված երկու կողմերին: Բայց, սա էլ հասկանալի է: Մի բան է քաղաքական հայտարարություն անել, մեկ այլ բան է գործուն մեխանիզմներով ապահովել դրա իրականացումը:

Մեզ դուր գա թե ոչ, կա մի փաստ. միայն Ռուսաստանն է ի վիճակի իր լծակները գործի դնելով ինչ-որ չափով տարածաշրջանում կայունություն հաստատել: Հիշենք Սոլովյովի հայտարարությունն այն մասին, որ, ով չի լսում Լավրովին, ստիպված կլինի լսել Շոյգուին: Հիմա, եթե չեք լսելու Ռուսաստանին, ստիպված կլինեք լսել Թուրքիային, եթե չեք լսում Պուտինին, ստիպված կլինեք լսել Էրդողանին և իր ահաբեկիչներին. այս պատերազմը դա ապացուցում է: Պետք է գտնել ուժեղ և պրագմատիկ խաղացող դաշնակիցներ, այլ ոչ թե ռոմանտիզմով տառապել: Այլ հարց է, թե ով մեզ դրեց այս ընտրության առաջ:

Զրույցը Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հակոբ says:

    Էս կարգի վայ քաղաքագետներին քիչ խոսացրեք, ասեք վեշերը հավաքի։ Ու ամեն բարբաջանք որպես վերնագիր աչքներս մի մտցրու, Առավոտ

Պատասխանել