Արցախի Հանրային ռադիոյի ղեկավար Անի Մինասյանը, որի տարիքն ու համարձակությունը շատերին է զարմանք պատճառում, Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ պատերազմն ու ներկա իրավիճակն են թելադրել իրենց կանոնները՝ ապրելու եւ աշխատելու այն ձեւով, որն իրենք չեն որոշում. «Ես այստեղ տեղափոխվել էի 3 ամիս առաջ, ապրում եւ աշխատում էի որպես Արցախի Հանրային ռադիոյի ղեկավար: Այնպես է ստացվել, որ առաջին օրերին է Արցախի Հանրային ռադիոյի թիմը զբաղվել է միայն ռադիոյով: Դրանից հետո ամեն օր անում էինք այն, ինչ հնարավոր էր անել եւ ինչ կարող էինք անել»:
Անին պատմում է, որ մարդիկ շատ էին գալիս-գնում ռադիո, բոլորին հետաքրքրում էր այն, որ ինքը տարիքով մեծ չէ, Երեւանից է. «Նյուանսներ կային, որ մարդկանց գրավում էին ռադիո գալու առումով: Երեւի չի եղել դրսի կամ հայաստանյան մի լրատվամիջոց, որ ինձ հետ չխոսի ռադիոյից: Իսկ վերջին մեկ շաբաթում հասկացա, որ հստակ ուղերձներ կան, որոնք հնարավորություն կա ճիշտ տեղեր հասցնելու, հատկապես միջազգային լրատվամիջոցներով, որոնք հսկայական լսարան ունեն եւ իրենց ոտքով հասել են Արցախ: Այսինքն` պետք էր իրենց հետ աշխատել, եթե, իհարկե, դա կարելի է աշխատանք անվանել: Խոսակցությունները սովորաբար սկսվում են ռադիոյով, անընդհատ փորձում են անձնական տիրույթ բերել, իսկ ես փորձում եմ այնտեղ չմտնել, իրենք իմ մասին են ուզում խոսել, ես հասկանում եմ, որ ես չեմ այս պահին կարեւոր, մենք ենք կարեւոր, ռադիոն է կարեւոր եւ, բնականաբար, անցնում եմ այն հարցերին, որոնք ուզում եմ իրենց միջոցով տեղ հասցել»:
Արցախի Հանրային ռադիոյի երիտասարդ ղեկավարին խնդրեցինք տպավորիչ դրվագներ պատմել արտասահմանցի լրագրողների հետ ունեցած հանդիպումներից եւ զրույցներից: «Օրինակ, Reuters-ի լրագրողի հետ հարցազրույցից հետո նկարվեցինք անընդհատ, ինքը կատակով ասում էր, որ եթե այս նկարը տեսնեն հարեւան երկրից, վերջ, այլեւս այդ երկիր չի կարողանա մուտք գործել… Հումորով էր ասում, հետո էլ մի վայրկյան լռելուց հետո ավելացրեց՝ ոչինչ, ես նախ թոշակի եմ անցնում, հետո էլ ինձ համար միեւնույն է, իրենց հերն էլ անիծած… Ես նկարը հրապարակեցի, որտեղ երեւում է, թե ում հետ է հարցազրույցը, ու մենք որտեղ ենք»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեկ այլ դրվագ էլ հիշեց BBC World Service-ի հետ զրույցից. «Երբ խոսում էինք, իրենք անընդհատ մեջբերում էին անում, թե ինչ են ասում ադրբեջանցիները եւ իրենց իշխանություններն՝ Արցախի մասին: BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ ես երբեք չեմ օգտագործել Ղարաբաղ կամ Լեռնային Ղարաբաղ բառերը, հատուկ շեշտել եմ Արցախը, իրենք էլ տեմպի մեջ ընկած՝ արդեն Արցախով էին հարցերը ձեւակերպում: Իրենք հարցրեցին՝ ես Երեւանից եմ, ի՞նչ զգացողություն ունեմ Արցախում: Ես ծիծաղեցի, ասացի, երբ դուք Անգլիայում մի քաղաքից մյուսն եք գնում, ձեզ մոտ ի՞նչ զգացողություններ են առաջանում, դուք ուրիշ երկի՞ր եք գնում: Ես էլ մի քաղաքից մյուսն եմ եկել:
Կարդացեք նաև
Հետո ասացի՝ մի փակեք ձեր աչքերը, Անգլիան էլ է փակել իր աչքերը՝ մեր հազարամյակների պատմության առաջ: Ասացի՝ դուք այստեղ ամենաշատը մի քանի մզկիթ կգտնեք ու մի քանի դետալ, ուրիշ ոչինչ իրենցից:
Մի անգամ իտալացիները եկել էին հարցազրույցի, հետո հրթիռակոծություն սկսվեց, մենք նույն ապաստարանում մնացինք, իմ կողքին քնեցին: Ամբողջ գիշեր մենք խոսում էինք այն մասին, որ երբեք չես իմանա, թե պատերազմն ինչ կբերի: Այս օրերին դու չգիտես, թե գիշերն ում հետ կանցկացնես: Ես հարցրի՝ իրենք կիսվո՞ւմ են խմբերով, իրենց գործընկերների մի մասն էլ երեւի Ադրբեջանում է, որպեսզի երկու տեղից էլ տեղեկատվություն ունենան, ասացին՝ այո, բայց իրենք մեզ նախանձում են, որ այստեղ ենք, ոչ թե այնտեղ:
Իրենք պատերազմի մաս չեն, լրագրողներ են, կողքից նայող երրորդ աչք: Նաեւ շատ զգացմունքային մարդկանց եմ այստեղ հանդիպել, արտասահմանցի լրագրողների, որոնք որոշ դեպքերում չեն կարողանում իրենց զգացմունքները թաքցնել, հատկապես ուժեղ հրթիռակոծության ժամանակ, երբ մենք առանց լույսի ու ինտերնետի ենք մնում երկար ժամանակ: Դա լավ հնարավորություն է տալիս երկար ժամանակ խոսելու»:
Անի Մինասյանը պատասխանելով մեր հարցին՝ նշեց, որ արտասահմանցի լրագրողներին նաեւ հետաքրքրում է, թե ինչպես է կազմակերպում ռադիոյի աշխատանքը. «Երբ պատերազմը սկսվեց, ռադիոյի աշխատակիցներից երկուսն էին այստեղ, մնացածը Երեւան էին տեղափոխվել…Պատերազմն այնպիսի բան է, որ բերում է վախ, տարբեր գործողություններ, ով ուզում ես եղիր: Դու չես կարող գնացող մարդուն ասել՝ մի վախեցիր, մնա ու աշխատիր, չնայած ովքեր Երեւանում են, իսկ Երեւանում է աշխատողների 90 տոկոսը, այնպես ենք կազմակերպել աշխատանքը, որ այնտեղից են աշխատում: Ռադիոյի աշխատանքը չի կանգնել: Օրինակ՝ մի օր յոթ ժամ լույս չունեինք, բայց ռադիոն չի կանգնել ոչ մի վայրկյան: Իրենք դրա վրա էին զարմացած: Զարմանում էին, որ տարիքով փոքր եմ, չեմ վախենում, իսկ վախի հետ կապված հարցի պատասխանն իրականում չեմ էլ գտել…
Ինձ այսօր նաեւ հարցրել են՝ արդյոք իրենց հետ կան հաշտության եզրեր, ես իրենց ասել եմ, որ եթե 17 օր առաջ հարցնեին, գուցե եւ այո պատասխանեի ու եթե-ների շարք գնար, բայց 17 օր ապրելով ու աշխատելով պատերազմում, ես դժվար թե կարողանամ ասել՝ այո, որովհետեւ այն, ինչ ես իմ ծնված օրվանից լսել եմ, 17 օր տեսել եմ առաջնագծից, կենտրոնից ու իմ մաշկի վրա զգացել եմ ամեն ինչ, դրանից հետո դժվար է ասել՝ այո: Երեւի հոռետեսական բաներ եմ ասում, բայց ես հաշտության եզրեր չեմ տեսնում, որովհետեւ իրենք ուզում են այս հողը, որն իրենցը չէ՝ առանց մեզ: Ուրեմն, ինչպե՞ս կարող ես դրանից հետո պատկերացնել, որ հաշտության եզրեր կարող են գտնվել:
Ես կարող եմ պատկերացնել, թե տարբեր քաղաքներում ու Սփյուռքում ինչ իրավիճակ կարող է լինել, եւ մարդիկ ինչպես կարող են արձագանքել այստեղ եղածին, բայց ուզում եմ վստահեցնել, որ ցանկացած ոք, ով գալիս է այստեղ, համոզվում է՝ ինչքան մոտ ես այստեղին, այնքան խուճապն անցնում է, վախը քչանում է: Մեզ շատ են մեզ ասում, թե այստեղ մնացածները հերոսներ են, բայց ոչ մի հերոսություն էլ չկա, մենք մեր աշխատանքն ենք անում, ուղղակի այնպես է ստացվել, որ այստեղ ենք ու չենք վախենում: Յուրաքանչյուրը՝ ինձանից սկսած, կարող էր այլ կերպ արձագանքել ու լինել Երեւանում, ուղղակի այդպես է ստացվել: Մինչեւ 17-րդ օրը ես չգիտեի, որ եթե պատերազմ սկսվեր, ու իմ գլխավերեւում ինչ-որ բան պայթեր, ես ինչ կանեի, դրա համար այստեղ հերոսության հարց չկա, մենք մեր աշխատանքն ենք կատարում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Արցախի հանրային ռադիոյի կայքից եւ Անի Մինասյանի ֆեյսբուքյան էջից