Լրահոս
Օրվա լրահոսը

«Տագնապային» պայուսակի պարունակությունն ու արդյոք կարելի՞ է տագնապի ժամանակ վերելակից օգտվել

Հոկտեմբեր 13,2020 17:18

Օդային տագնապ ազդանշանը լսելուց հետո պետք է վերցնել «տագնապային» պայուսակը, արագ հագնվել, ապա` հագցնել երեխաներին, անջատել գազամատակարարումը, էլեկտրաէներգիան փակել ջրի ծորակներն, արագ դուրս գալ՝ մոտակա թաքստոցում պատսպարվելու համար: Այսօր այս մասին ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը՝ Մեդիա կենտրոնի կազմակերպած առցանց վեբինարի ժամանակ:

Պայուսակում պետք է լինեն անձնագրեր, այլ անհրաժեշտ փաստաթղթեր, դեղեր, որոշակի քանակությամբ ջուր, սնունդ, երեխայի խաղալիքներ, լուսավորման փոքր սարքավորումներ՝ լապտերներ, մոմ, լուցկի, առաջին անհրաժեշտության այլ իրեր, տաք հագուստ, որոնք պետք կգան առաջիկա երկու-երեք ժամվա կամ մի փոքր ավելի երկար ժամանակի համար:

Հովհաննես Եմիշյանի խոսքով, օդային տագնապի ազդանշանը լսելուց հետո մարդիկ ունեն 2-3 րոպե ժամանակ՝ բնակարանը լքելու եւ պատսպարվելու: Ըստ նրա, օդային տագնապի ժամանակ բարձրահարկերում բնակվող քաղաքացիները չպետք է օգտվեն վերելակներից, քանի որ կարող է շենքը հոսանքազրկվել եւ վերելակում մնալու դեպքում ավելի լուրջ խնդիրներ առաջանան մարդկանց տարհանելու հարցում: Պետք է օգտվել միայն աստիճանավանդակներից:

ԱԻՆ մասնագետը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, եթե տագնապի պահին ավտոմեքենայում կամ քաղաքային տրանսպորտում ես: Խուճապի պարագայում ավելի մեծ խնդիրներ են առաջանում, մարդիկ փորձում են իրենց դուրս նետել տրանսպորտային միջոցից եւ ավելի վտանգավոր իրավիճակում են հայտնվում: Պարոն Եմիշյանի խոսքով, պետք է վարորդը կանգնեցնի տրանսպորտային միջոցը եւ կազմակերպված իջնեն մեքենայից, պատսպարվեն մոտակա շենքի նկուղում, ավտոկայանատեղիում կամ ստորգետնյա որեւէ ապահով տեղ: Իսկ եթե նման վայր չկա, մոտակա ինչ-որ չափով ապահով մի վայրում՝ պառկելով եւ երկու ձեռքով գլուխը բռնելով: Եթե այդ տարածքում չկան թաքստոցներ կամ ապաստարաններ, ապա քաղաքացիները կարող են պատսպարվել շենքերի առաջին հարկերում: Սեփական տան բնակիչները, որպես թաքստոցներ կարող են օգտագործել նկուղները, որոնք կարող են պատրաստել նախապես:

ԱԻՆ մասնագետը նաեւ հայտնեց, որ օդային տագնապին զուգահեռ՝ քաղաքացիներն իրենց հեռախոսներին կստանան հաղորդագրություններ, ԶԼՄ-ները նույնպես կհայտարարեն այդ մասին:

Ըստ նրա ապահով վայրերից է մետրոպոլիտենը: Եթե գնացքը գտնվում է բաց տարածքում, ապա վագոնավարները տեղեկացված են, որ այն պետք է հասցնեն փակ տարածք, իսկ փակ կայարաններում ապահով է:

Պարոն Եմիշյանն ասաց, որ Հայաստանում կան վայրեր, որտեղ հասանելի չեն օդային տագնապները, եւ այդ տարածքների բնակիչները նույնպես տեղեկությունը կստանան բջջային հեռախոսներին եւ ԶԼՄ-ներով:

Ապահո՞վ է արդյոք ավտոտնակում պատսպարվելը հարցին, ԱԻՆ մասնագետն ի պատասխան ասաց՝ պայմանավորված է այն հանգամանքով, թե որտեղ է գտնվում ավտոտնակը, դուռն ինչպիսին է, բայց ամեն դեպքում՝ դրսում գտնվելուց ապահով է: Բայց ավտոտնակում գտնվելու դեպքում էլ պետք է պառկել գետնին եւ երկու ձեռքով գլուխը բռնել:

Ըստ Հովհաննես Եմիշյանի, մեզ մոտ ապաստարանները հիմնականում գտնվում են խոշոր գործարանների տարածքում, դրանց մի մասը հիմա չի էլ օգտագործվում: Իսկ ո՞ր տարածքները կարելի է որպես ապաստարան օգտագործել հարցին, ԱԻՆ պաշտոնյան պատասխանեց, որ համատիրության, վարչական շրջանի ղեկավարության կամ քաղաքապետարանի հետ պետք է պարզել: Այդուհանդերձ պարոն Եմիշյանը հորդորում է օդային տագնապի ազդանշանը լսելու դեպքում հույս չդնել, որ ինչ-որ մեկը կգա ու կպաշտպանի եւ ամեն մեկը պետք է իրեն պաշտպանի: Ապաստարանների կարիքը կլինի՞, թե՞ ոչ, ԱԻՆ մասնագետն ի պատասխան ասաց՝ մեր թշնամին Ադրբեջանն ու Թուրքիան են, մենք պետք է իմանանք ինչպես պաշտպանվել, պետք է պատրաստ լինենք պաշտպանվելուն:

Արդյոք ապաստարանները, թաքստոցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց, պարոն Եմիշյանն ասաց՝ ոչ, քանի որ դրանք կառուցվել են խորհրդային տարիներին եւ նման չափանիշներ հաշվի առնված չեն: Նրա խոսքով, մարդիկ պետք է իրար օգնեն: ԱԻՆ պաշտոնյան նաեւ ասաց, որ շենքերի այն նկուղները, որոնք այսօր վերածվել են խանութների, այլ օբյեկտների, դրանց սեփականատերերը պարտավոր են դրանք որպես թաքստոց տրամադրել:

Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, որտեղ բուժում են ստանում քաղաքացիներ կամ վիրավորներ, Հովհաննես Եմիշյանն ասաց, որ գրեթե բոլոր հիվանդանոցներն ունեն ապաստարաններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031