Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պուտինի հրահանգն իջեցված է. աշխատում են Շոյգուն եւ Լավրովը

Հոկտեմբեր 13,2020 16:44

Ադրբեջանն ու Թուրքիան վիժեցրեցին Պուտինի հանձնարարականով հումանիտար դադարի շուրջ փոխըմբռնման համաձայնությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից Ռուսաստանը ակտիվ բանակցությունների, քննարկումների փուլում է Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակից Թուրքիայի հետ:

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում մտահոգություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկիչներ Մերձավոր Արեւելքից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվ ներգրավված է ՌԴ-ի նախաձեռնությունների իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար, հոկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների՝ Դավիթ Տոնոյանի եւ Զաքիր Հասանովի հետ։ «Գլխավոր նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ բանակցությունների վերսկսումը՝ տարածաշրջանի իրավիճակը կայունացնելու համար», ռուսաստանյան գործակալությանը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Շոյգուի հեռախոսազրույցներն ընթացան զուգահեռ ՌԴ ԱԳ նախարարի կազմակերպած բանակցությունների ֆոնին: ՌԴ նախագահ Պուտինի՝ անցյալ շաբաթ հնչեցրած հայտարարությունից հետո Մոսկվան ակտիվորեն ներգրավել է լայնածավալ պատերազմը դադարեցնելու գործին եւ փորձում է կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելով՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների գալ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան ե՛ւ բանակցում է Երեւանի ու Բաքվի հետ, ե՛ւ առանձին՝ Անկարայի հետ: Թուրքական իշխանությունները լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր մեկ բան են շարունակ հայտարարում. «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը», եւ հասկացնել են տալիս, որ թե՛ ռազմի դաշտում, թե՛ բանակցությունների սեղանին Ադրբեջանի շահն են պաշտպանելու:

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Լավրովը հանդիպման մեկնարկին կարեւորել էր այն պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել ավելի վաղ Մոսկվայում. «Մենք տեսնում ենք, որ պայմանավորվածությունը ամբողջությամբ չի կատարվում եւ ռազմական գործողությունները շարունակվում են: Մեր հաշվարկով, այն կոնտակտները, որոնք մենք ունենք ձեր հետ, Ադրբեջանի մեր գործընկերների հետ, կկարողանանք ապահովել ձեռք բերված պայմանավորվածության լիակատար կատարմանը, այն պայմանավորվածության, որը ձեռք է բերվել եռակողմ ձեւաչափով հանդիպման ընթացքում»:

Զոհրաբ Մնացականյանը կարեւորել էր, որ կարողացել են հասնել արդյունքի, Սերգեյ Լավրովի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ. «Մեզ հաջողվեց համաձայնության գալ նախարարությունների մակարդակով կրակի դադարեցման շուրջ, մենք շատ բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը եւ Ռուսաստանի ներդրումը՝ այս արդյունքի հասնելու համար: Այսօր անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները ու այստեղ ՌԴ-ի դերակատարումը շատ կարեւոր է: Ցավոք, այս պահին, մենք չենք կարող հավաստել, որ պրակտիկայում մենք ունենք հրադադար: Հենց այստեղ գալուց առաջ էլ շարունակում էինք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի կատարում իր պայմանավորվածությունը՝ կրակի դադարեցման: Մնացականյանը ընդգծել էր պայմանավորվածությունը հարգելու մեխանիզմների կիրառումը: Նա շեշտել էր Թուրքիայի ներգրավվածության եւ վարձու ահաբեկիչների խնդիրը, որոնց Թուրքիան ներմուծել է մեր տարածաշրջան. «Վարձկան ահաբեկիչների ներգրավելու հարցը ոչ միայն մեր աղբյուրներն են հաստատում, այլեւ՝ միջազգային հանրությունը»:

Այսպես, Ադրբեջանն ու Թուրքիան վիժեցրեցին Պուտինի հանձնարարականով ծավալված՝ հումանիտար դադարի շուրջ փոխըմբռնման համաձայնությունը: Մոսկվան արձանագրել է հրադադարի խախտումների առկայությունը։

Այս փուլում պետք է արձանագրել, որ Մոսկվայի ջանքերով տեղի է ունեցել մի քայլ, որը չափազանց կարեւոր է: Պարզ էր, որ հրադադարը միանշանակ չէր պահպանվի ադրբեջանական կողմից՝ ադրբեջանաթուրքական այն քարոզչության ֆոնին, որը տարվում է այս օրերին: Ի դեպ, պետք է հիշեցնել, որ 1990-ականներին ղարաբաղյան պատերազմում մինչեւ 1994թ. զինադադարի հաստատումը՝ հրադադարի կնքման բազմաթիվ փորձեր են արվել, եւ մշտապես այդ պայմանավորվածությունները խախտել է հենց ադրբեջանական կողմը: Այնպես որ, սպասել, որ այս օրերին լայնածավալ պատերազմ սանձազերծած Թուրքիան ու Ադրբեջանը Մոսկվայի առաջին ջանքերին համահունչ հետ էին քաշվելու՝ միամտություն կլիներ:

Ընդհանուր առմամբ Պուտինի հովանու ներքո 11 ժամյա բանակցությունների հիմքով ընդունված համատեղ հայտարարությունը, թերեւս, այն առավելագույնն էր, ինչը այս պահին հնարավոր էր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներից ստանալ: Դա առաջին քայլ էր՝ դեպի հետագա նոր հանդիպումներն ու բանակցությունները: Պարզ է, որ Մոսկվայում բանակցությունները ծանր են եղել, ամեն բառն ու ստորակետը համաձայնեցնելու համար ժամանակ է պահանջվել:

Հիմա Ադրբեջանի նախագահը մոսկովյան համատեղ հայտարարությունում ներառված կետերը Բաքվի համար նույնիսկ «ձեռնտու» է անվանում: Մինչդեռ միայն այն փաստը, որ Բաքուն դեմ է կարգավորման հիմնարար սկզբունքներին, որոնցից մեկն էլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է՝ բավարար է արձանագրելու, որ Ադրբեջանի համար մոսկովյան հայտարարությունը լայնածավալ պատերազմի պայմաններում, ինչ-որ առումով, նույնիսկ սառը ցնցուղի էֆեկտ է ունեցել: Նաեւ դրանով է թերեւս պայմանավորված, որ Բաքուն ու Անկարան շարունակում են լայնածավալ պատերազմը՝ հանդես գալով նոր պահանջներով:

Հաջորդ կարեւոր հանգամանքը. պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, վերջին տարիներին Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի արդյունավետությունն արդեն բացահայտ կասկածի տակ էր առնում պաշտոնական Անկարան: Մոսկովյան համատեղ հայտարարությունում պաշտոնական Բաքուն համաձայնել է, որ կարգավորմամբ զբաղվող միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբ է, չնայած այն հանգամանքին, որ այս օրերին Ադրբեջանի նախագահը շարունակ կարծիք է հայտնում, թե Թուրքիան պետք է ինչ-որ ձեւաչափով ներկայացված լինի ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի մասնակցությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների 11 ժամյա բանակցությունների արդյունքում ընդունվեց փաստաթուղթ:

Հայտարարությունում ասվում էր. «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի եւ համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիեւի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորեւ ներկայացված քայլերի շուրջ.

  1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն։
  2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  3. Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը»։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031