Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին և ցույց տալ, որ Ադրբեջանն այլևս չի կարող շարունակել սպառնալ Լեռնային Ղարաբաղին». ի՞նչ դեր կարող է խաղալ Մեծ Բրիտանիան ԼՂ հիմնահարցում. Capx.co-ի անդրադարձը

Հոկտեմբեր 13,2020 16:30

Ի՞նչ դեր կարող է խաղալ Մեծ Բրիտանիան ԼՂ հիմնահարցում. Capx.co պարբերականի անդրադարձը

Արդեն երկար ժամանակ է, ինչ Մեծ Բրիտանիան նկարագրվում է որպես պետություն, որը «կորցրել է կայսրություն և դրանից հետո դեռ չի վերագտել իր դերը»։ Մենք որոշ ժամանակով լուծեցինք այդ խնդիրը՝ ԵՄ անդամ դառնալով, սակայն կենտրոնաձգության, ֆեդերալիզացիայի և բյուրոկրատիզացիայի ձգտող Բրյուսելի անհագ ցանկությունը հաշվի առնելով, այդ անդամակցությունը միշտ անցանկալի է եղել Բրիտանիայի համար։

Հիմա, երբ մենք լքել ենք ԵՄ-ը, մեզ համար ավելի տևական դեր կարող է գտնվել։ Կառավարությունը նախանշել է «Համաշխարհային Բրիտանիայի» իր տեսլականը, որտեղ մենք օգտագործում ենք Բրիտանիայի հնարավորությունները «ավելի արդյունավետ և համակարգված՝ մեր գլոբալ դիրքերը պահպանելու համար»։

Դա նշանակում է «վերանայել մեր հարաբերությունները, պաշտպանել օրենքի վրա հիմնված միջազգային աշխարհակարգը և ցույց տալ, որ ՄԲ-ն բաց և ինքնավստահ է գործում միջազգային հարաբերություններում»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորություն է տալիս ՄԲ-ին ի ցույց դնել «նորահայտ վստահությունը» ԵՄ սահմաններից դուրս։ ՄԲ-ն ունի լավ հարաբերություններ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, տիրապետում է միջազգային օգնության համար հատկացված ֆինանսների, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել խաղաղությունը և բանակցություններն առաջ մղելու համար։

Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակակվի, ՄԲ-ն ոչինչ չի ստանա դրանից։ Լեռնայն Ղարաբաղը կամ Արցախի Հանրապետությունը, 95%-ով հայերով է բնակեցված և ոչ մի ռազմական գործողություն չի կարող փոխել Արցախի՝ դե ֆակտո հայկական տարածք լինելը։ Բաքվի համար այն ադրբեջանական է և, իսկապես, միջազգայնորեն այն այդպիսին էլ համարվում է։ Այնուամենայնիվ, այդ տարածքը փոխանցվել է Արդբեջանին որպես հավելյալ, անիմաստ քաղաքական ժեստ, այն բանից հետո երբ Հայաստանը և Ադրբեջանը մտան Խորհրդային Միության կազմի մեջ։

Ադրբեջանին է սատարում ավելի ու ավելի ռազմատենչ Թուրքիան, որի պաշտոնյաները Հայաստանի հանդեպ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն են օգտագործում։ Հուլիսյան բախումներից հետո, Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնաց, որ «Հայաստանն իր սարքած շիլաշփոթի պատճառով տուժելու է և վճարելու է իր արարքների համար»։

Երկար տարիներ եվրոպական ուժերն անտեսել են Եվրոպայի ծայրամասերում ահագնացող անկայունությունը։ Մենք ուշ խառնվեցինք 1990-ականներին Բալկաններում տեղի ունեցող իրադարձություններին և անզոր էինք այն ժամանակ, երբ ՌԴ-ն անեքսիայի էր ենթարկում Ղրիմն ու քողարկում Ուկրաինայի արևելքի գրավումը։

Հիմա, երբ ՄԲ-ն լքել է ԵՄ-ը, մենք կարող ենք լինել ավելի ակտիվ և ունենալ ավելի վստահ արտաքին քաղաքականություն՝ ցույց տալով թե որքան ճկուն կարող են լինել ժողովուրդները առանց անդրազգային նախագծերի առկայության։ Դա նշանակում է որդեգրել ավելի հայամետ քաղաքականություն՝ միևնույն ժամանակ գործելով զգույշ և խրախուսել խաղաղությունը։ Դա նշանակում է լինել ավելի հստակ այն հարցում, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ահաբեկումը շարունակական բնույթ է կրել, բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին և ցույց տալ, որ Ադրբեջանն այլևս չի կարող շարունակել սպառնալ Լեռնային Ղարաբաղին։

Դա նաև նշանակում է արտաքին օգնությունն օգտագործել առաջընթացի համար, օրինակ՝ օժանդակության տրամադրում տասնամյակների տևած բռնությունների ընթացքում հազարավոր տեղահանված հայերին և ադրբեջանցիներին։ Դա կարող է նաև նշանակել հանդիպումների համար չեզոք վայրերի տրամադրում, միջնորդություն և աջակցություն բանակցությունների ընթացքում։

Տարածաշրջանի խնդիրներից մեկը հողագործության անվտանգությունն է։ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցից պարզ է դառնում , որ կան բազում չտեղորոշված ականապատված դաշտեր, ինչպես նաև շատ հողատարածքներ մուտք գործելու սահմանափակումներ. դա խանգարում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին լիովին օգտագործել հողագործության հնարավորությունները, ինչը հաճախ հանդիսանում է նրանց եկամտի միակ աղբյուրը։

ՄԲ-ն կարող է օգտագործել իր ռեսուրսները և փորձը խնդրի կարգավորման մեջ ունենալ սեփական ներդրումն ունենալու համար։ Ճիշտ է, այն լիովին չի լուծի խնդիրը, սակայն կարող է չեզոքացնել հակամարտության որոշ վատագույն դրսևորումները։ Դա կարող է լինել նաև միջազգային օժանդակության բյուջեի օգտագործման նպատակային օրինակ, որը երկար տարիների ընթացքում ծախսվել է՝ առաջ չմղելով Բրիտանիայի ազգային շահը։

Մտահոգիչ են մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց ՌԴ-ն կարող է դերատակատարում ունենալ հակամարտության կարգավորման մեջ։ ՄԲ-ն այլ արևմտյան ուժերի հետ չի կարող ձեռքերը ծալել և թույլ տալ ՌԴ-ին իրեն հարմար ձևով առաջ մղել հայ-ադրբեջանական բանակցությունները։ Սա մեր հնարավորությունն է՝ վերաիմաստավորելու մեզ աշխարհաքաղաքականության մեջ և օգնել Կովկասի ժողովուրդներին ձևավորել իրենց ավելի բարեկեցիկ ապագան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031