Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադար, որը երբեք չի եղել. EUobserver-ի անդրադարձը

Հոկտեմբեր 13,2020 14:48

Պատերազմ Լեռնային Ղարաբաղում․ հրադադար, որը երբեք չի եղել

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ի քաղաքականության և իրավաբանական հարցերով ավագ մասնագետ Ուիլիամ Լավենդերի հոդվածը EUobserver-ում:

Մեծ հույսեր և լավատեսական մոտեցումներ առաջ եկան կապված այս հանգստյան օրերին Մոսկվայի միջնորդությամբ հրադադարի ռեժիմի պահպանման հնարավորության հետ: Նման անտեղի լավատեսությունն էլ ավելի է խորացնում իրականում առկա խնդիրը չընդունելու ցանկությունը: Ադրբեջանը հոգնել է բանակցություններից և եկել այն եզրակացության, որ իր նպատակները լավագույնս իրականանում են գոնե թե առայժմ ուժի կիրառմամբ: Հակառակը համոզելն է իրական խնդիրը։

Մոտ երեսուն տարի է` ԵԱՀԿ-ն զբաղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար խաղաղ բանակցային կարգավորում գտնելով։ Միայն այս փաստը ոմանց համար բավարար է վերջինիս դերակատարությունն անտեսելու համար։ Ավելին, Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին ամիսներին քննադատել է ԵԱՀԿ գործառույթը և մինչև անգամ իր ելույթներից մեկում գործընթացն անվանել է «անիմաստ»։

Սակայն, ժամանակը չպետք է լինի բանակցային կարգավորման հեռանկարային արժեքի գնահատման չափանիշ։ Եթե երբևէ Անջեյ Կասպրշիկը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը այս բանակցություններում) հուսահատվի, ապա նրա համար ոգեշնչման աղբյուր կարող է ծառայել Պրեսպայի համաձայնագիրը, որն ստորագրվել է Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև 2018 թ-ին:

Մեթյու Նիմիցը մոտ քսան տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ հանդես գալուց հետո միայն կարողացավ ավարտին հասցնել երկու երկրների միջև անվան պատճառով ծագած վեճի շուրջ բանակցությունները: Չցանկանալով թերագնահատել այդ վեճի կամ դրա լուծման լրջությունը՝ պետք է նշել, որ ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող գործոնները կազմում են նշանակալիորեն ավելի բարդ խնդիրների խումբ: Այս համատեքստում, թերևս, երեսուն տարին արդարացված է։

Այնուամենայնիվ, ժամանակը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային լուծումն ավելի բարդացրել է, քան հստակեցրել։ Ինչպես ցույց տվեցին վերջին երկու շաբաթվա իրադարձությունները, այն որևէ կերպ չի նվազեցրել պատերազմի վերսկսման հավանականությունը։ Այն, ինչի ականատեսն ենք այսօր, ամենաթեժ մարտերն են 1994 թ-ի հրադադարից ի վեր։

Միջազգային հանրությունը, ներառյալ պետական գործիչները և փորձագետ դիտորդները, որպես խաղաղ բանակցային լուծման մաս համախմբվել է չեզոքության և հավասարակշռության ամրագրված դոկտրինի շուրջ։ Անշուշտ, դա անհրաժեշտ է երկու կողմերի վստահությունը պահպանելու և տարաձայնությունները կամրջելու հնարավորություն տալու համար։

Չնայած նման խիստ չեզոքությունը կարևոր է ընդհանուր հակամարտության միջնորդության դերակատար երրորդ կողմերի համար, այնուամենայնիվ, այն պետք է ունենա իր սահմաններն՝ ամբողջի մաս կազմող առանձին դեպքեր և խնդիրներ քննելիս։

Այլ կերպ ասած՝ մեծապես տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի փաստարկների համեմատության վրա հիմնված հակամարտության հարցում կողմնակի անձինք միշտ կենթարկվեն սուբյեկտիվ կողմնակալության մեջ մեղադրվելու ռիսկին: Այնուհանդերձ, հակամարտությանը հանգեցրած իրադարձությունների շարքը սահմանելիս կարող ենք պարզել իրական փաստերը: Նման փորձը չի պահանջում չեզոքություն կամ հավասարակշռություն. պարզապես պետք է գտնել օբյեկտիվ ճշմարտությունը:

Ներկայիս բախումները այդ դեպքերից մեկն են։ Մինչդեռ հարյուրավոր կյանքեր ենք կորցնում, միջազգային հանրությունը շարունակում է հետևել՝ խաղաղության և բանակցային սեղան վերադառնալու կոչեր անելով։ Հատկանշական է, որ նման կոչերն ուղղված են երկու կողմին էլ՝ թերիմաստավորելով դրանք ներկայիս իրավիճակում։

Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի՝ այս թեմայով ծավալած բանավեճի ընթացքում Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, պատասխանելով Եվրախորհդարանի անդամներին, արեց հետևյալ մեկնաբանությունները՝

Թուրքիայի [Արտաքին գործերի] նախարարը (Մևլյութ Չավուշօղլու) Բաքվում էր, և ինձ իսկապես մտահոգեց այն, որ նա լիակատար աջակցություն է հայտնում Ադրբեջանին։ Ադրբեջանի նախարարի [Ջեյհուն Բայրամով] հետ ունեցած իմ վերջին զրույցը նույնպես անհանգստացնող էր, քանի որ նա հստակ ասում էր, որ մարտը կշարունակվի այնքան, մինչև Հայաստանն ընդունի զորքերը Լեռնային Ղարաբաղից հեռացնելու հստակ օրակարգ, որը բանակցություններ սկսելու նախապայմանն է։

Այս մեկնաբանությունները ոչ միայն ցույց են տալիս Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը, այլև այն, որ ԵՄ-ի ղեկավարությունը տեղյակ է այդ դիրքորոշման մասին։ Հակամարտության վերջին վերսկսումը, մեղմ ասած, միայն հակամարտության վերսկսում չէ, այլ Ադրբեջանի կողմից սկսված գրոհ, որի նպատակն է հակամարտության կարգավորման ցանկալի արդյունքին հասնել ոչ թե բանակցությունների, այլ զենքի ուժի միջոցով։

Այս հանգստյան օրերին ձախողված զինադադարի ավարտից հետո նախագահ Ալիևը ավելի վստահ ու հստակորեն հայտնեց այդ տեսակետը՝ նշելով, որ «մենք գնալու ենք մինչև վերջ և ստանալու ենք այն, ինչ իրավամբ պատկանում է մեզ»:

Հաշվի առնելով, որ հակամարտության մեջ ԵՄ-ի դերը սահմանափակ է, այն պետք է սկսի ավելի արդյունավետ կերպով օգտագործել իր ունեցած գործիքներից մեկը՝ իր ձայնը: Խնդիրը վերաբերում է մի կողմին համոզելուն, քանի որ մյուս կողմը հրաժարվել է բանակցություններից՝ որպես խաղաղության հասնելու և հարցի լուծման բանաձև։

Եթե դա հնարավոր լինի իրականացնել, ապա չեզոքության և հավասարակշռության սկզբունքները կարող են ևս մեկ անգամ կարևոր դեր ունենալ`օգնելով երկու կողմերին, անհրաժեշտ զիջումների գնալով, հասնել ողջ հակամարտության խաղաղ լուծմանը։

Առայժմ, սակայն, պետք է ջանքերը կենտրոնացնել գոնե վաղը դեռ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հնարավորության ապահովման վրա։ ԵՄ-ն պետք է իր նշանակալից խոսքն ասի, որն իսկապես կարող է լուծել այս պահի խնդիրները: Պետք է խնդրի Ադրբեջանին դադարեցնել ներկայիս գրոհը, հավատալ բանակցային ճանապարհով խնդրի լուծմանը և վերադառնալ խաղաղ բանակցություններին: Շատ կարևոր է, որ պետք է այդ կոչով դիմել միայն Ադրբեջանին:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031