Բելգիահայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը, որը Շուշիի հրետակոծված Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարում նվագել է Կոմիտասի «Կռունկ»–ը, արմատներով կապանցի է։ Նրա հայրը՝ Սամվել Ավանեսյանը Վաչագան գյուղից է, իսկ մայրը Արաքսի Ավանեսյանը՝ Գյումրիից։
Հայրը ֆլեյտահար է, իսկ մայրը՝ դաշնակահար եւ երաժշտական գեները Սեւակին ծնողներից են փոխանցվել։ Սեւակը Երեւանում է ծնվել ու 14 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Բելգիա։ Նրա ավագ եղբայրը՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանն է։
«Սեւակն 31-ամյա իմ խենթուկն է, միայն հպարտության զգացում ունեմ։ Երեկվանից աշխարհի բոլոր ծայրերից գրում, զանգում են։ Կապանցու եւ գյումրեցու արյունն է մեջը՝ բարի, հաստակող, հաստատակամ, բայց եւ՝ էմոցիոնալ»,–ասաց հայրը՝ Սամվել Ավանեսյանը մեր զրույցում։
Անցած տարի Կապանում են եղել, Սեւակը Խուստուփ լեռն է բարձրացել, շրջել Սյունիքի պատմական վայրերով։ «Նաեւ մարզիկ է, «Մարտեր՝ առանց կանոնների» խմբի անդամ։ Ողջ մարմնի վրա կռիվների հետքեր են, վնասվածքներ, բայց ձեռքերը անվնաս են մնացել»,–ասաց հայրը։
Կարդացեք նաև
Սամվել Ավանեսյանը ժամանակին «Հայաստանի փոքրիկ վիրտուոզներ» անսամբլի ղեկավարն է եղել։ Երկու որդիները անսամբլի մենակատարներ էին ու շրջում էին աշխարհով մեկ։ «Ընտրեցինք Բելգիան, քանի որ տղաների երաժշտական կրթության համար բոլոր նախադրյալները կային»,–ասաց մեր զրուցակիցը։
Սեւակը, Հայաստան գալուց առաջ խորհրդակցել է հոր հետ, ստացել հայրական օրհնությունն ու աջակցությունը։ «Դեմ չէի կարող լիներ, հայրենիքն է կանչում, սա էլ յուրովի մարտապայքար է, իր զենքը թավջութակն է ու թող աշխարհին պատմի մեր՝ հայի հաղթական ոգու մասին»,–ասաց հայրը։
Չնայած հայրենիքից հեռու են մեծացել, բայց որդիների՝ հատկապես Սեւակի մեջ մարտական ոգին է գերակշռում։ «Ինձ ոչինչ չի մնում անել, ինչպես Սեւակիս, այնպես էլ բոլոր հայորդիների համար աղոթել ու հայրաբար ասել՝ տղերք ջան, զգույշ եղեք»,–մեր զրույցի վերջում ասաց Սամվել Ավանեսյանը։
https://www.facebook.com/fifthTV/videos/1079511775816712/UzpfSTEwMDAwMTc5MjcwNjkzNjozNTQ2MTc5Njk4Nzg1MDg1/
Արմեն ԴԱՎԹՅԱՆ