«Իսրայելի մամուլի եւ պաշտոնական արձագանքներում տարբերությունները շատ մեծ են: Ցավոք, ցեղասպանություն վերապրած ժողովրդի կառավարությունը բավականին անթույլատրելի կեցվածք եւ դիրքորոշում է որդեգրել Արցախի խաղաղ բնակչության հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ այն դեպքում, երբ օդուժի գործողությունների զգալի մասն արվում է իսրայելական արտադրության գերժամանակակից՝ հարձակողական զինատեսակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, զենիթահրթիռային համակարգերով»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի դեմ պատերազմում Իսրայելի դիրքորոշումներին եւ Ադրբեջանին սպառազինության մատակարարման փաստին՝ ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը:
Նրա խոսքով՝ փաստեր կան, որ հենց այդ զինատեսակներն են բազմաթիվ կորուստներ պատճառել Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակավայրերին. «Ցավալի է, որ երեկ իսրայելցի մտավորականներ եւ հասարակական գործիչներ դիմեցին Իսրայելի բարձրագույն դատարանին՝ սառեցնելու համար սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, եւ դատարանը, չնայած փաստերի առկայությանը, դրանք անբավարար գնահատեց: Հայկական կողմը հայտարարել է, որ մեր դեսպանն Իսրայելից հետ է կանչվել, իսկ Իսրայելի պաշտոնական արձագանքն այս հարցին անընդունելի է. պարզապես ցավ են հայտնել եւ վերջ»:
Կարեն Վերանյանի խոսքով՝ արաբական մամուլում բանակցային գործընթացի հետ կապված հարցերը տեղեկատվական բնույթ են կրում՝ սպասողական կարգավիճակով. «Լուրջ գնահատականներ կամ կողմնակալ դիրքորոշումներից խուսափում են՝ ի տարբերություն Իրանի եւ Ռուսաստանի, որի քաղաքական եւ մեդիափորձագիտական շրջանակներում, օրինակ, Արցախի նախագահի՝ հակաահաբեկչական կոալիցիա ձեւավորելու կոչն արձանագրվել է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ