Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճախ զինյալներն անգամ տեղյակ չեն եղել, որ Ադրբեջան են տեղափոխվում պատերազմելու համար». «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան

Հոկտեմբեր 13,2020 13:10

«Առաջնային գործոններից, որի մասին շատ գրվում է, Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցելն ու ռազմական գործողություններում ներգրավվելն է: Եթե նախկինում դա քաղաքական-դիվանագիտական հարթակներում էր նկատվում, այսօր միջազգային ԶԼՄ-ներն ուղղակի ներգրավվածության մասին են փաստում՝ հրահանգիչների ու թուրք զինյալների մասնակցության, թուրքական զինատեսակների օգտագործման»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմի մասին արտասահմանյան լրատվամիջոցների լուսաբանումներին՝ ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Իզաբել Շատոյանը:

Իզաբել Շատոյան

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիայի՝ վերջին տարիներին մի շարք տարածաշրջաններում ապակայունացնող գործելաոճը միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացրել է վերջինիս վրա:

Փորձագետի խոսքով՝ միջազգային ԶԼՄ-ներն ուշադրության կենտրոնում են պահում նաեւ Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի կողմից զինյալների ներգրավումը. «Մինչեւ ռազմական գործողությունների մեկնարկը եւս միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ թուրք-ադրբեջանական տանդեմը որոշակի պլանավորում է իրականացնում Արցախի դեմ պատերազմելու՝ հղում անելով որոշ լրագրողների գրառումներին այն մասին, որ Սիրիայում զինյալներ են հավաքագրվում, տեղափոխվում Թուրքիա, հետո՝ Ադրբեջան: Այդ ժամանակ դա քննարկումների մակարդակում էր, իսկ հիմա միջազգային ԶԼՄ-ներն ավելի հաստատ տեղեկություն են տրամադրում զինյալների տեղափոխման եւ մասնակցության մասին, հրապարակում զինյալների հետ հարցազրույցներ: Հաճախ զինյալներն անգամ տեղյակ չեն եղել, որ Ադրբեջան են տեղափոխվում պատերազմելու համար: Հարցազրույցներում նրանց մեծ մասն ասել է, որ աշխատանքի է անցել անվտանգության ոլորտի կազմակերպություններում՝ 1500-2500 դոլար ամսական աշխատավարձով»:

Շատոյանի փաստմամբ՝ զինյալների հարցը միջազգային ԶԼՄ-ներում հիմա էլ ակտիվ է, հատկապես, երբ քննարկվում են նոր խմբաքանակի մասին տեղեկությունները՝ Սիրիայից, Պակիստանից:

Ամփոփելով՝ Իզաբել Շատոյանը նշեց, որ արեւմտյան մամուլի հիմնական թեզի համաձայն՝ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը. «Կարեւոր է, որ միջազգային ԶԼՄ-ների հետ աշխատանքում մեզ հաջողվում է փոխանցել փաստեր, որոնք հաստատում են՝ Ադրբեջանը նախապես պլանավորել է այս ամենը՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031