«Հրապարակի» հարցազրույցը Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ
– Որքան ինձ հայտնի է, Իսրայելի պաշտոնական շրջանակներն այս առնչությամբ, ինչպես ամերիկյան ֆիլմերում, ասում են՝ «սա սոսկ բիզնես է»։ Իրո՞ք բիզնես է, թե՞ կան այլ՝ թուրք-ադրբեջանա-իսրայելական հետաքրքրություններ։
– Ոչ, չկան այդպիսիք։ Իսրայելն այսօր Թուրքիայի հետ ունի վերջին 30 տարիների իր ամենավատ հարաբերությունները։ Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա ասեմ, որ պարբերաբար լինում եմ Հայաստանում, հանդիպում տարբեր գերատեսչություններում մարդկանց հետ։ Այսպես ասեմ․ մենք վաղուց Հայաստանին առաջարկել ենք, որ գնեն ինչպես նույն այդ իսրայելական անօդաչուները, այնպես էլ այլ սպառազինություններ, ինչից Հայաստանը հրաժարվեց՝ ասելով, որ իրենց պետք չէ, որ իրենք հարցերը սեփական ուժերով են լուծում։ Այնպես որ, մեզ մոտ այնպիսի հոսանք չձեւավորվեց, որ այս կողմին պաշտպանենք, այն կողմին՝ ոչ։
– Բայց հիմնական շեշտադրումն այն չէ, որ Հայաստանը չի գնում իսրայելական զենքը, այլ այն, որ Իսրայելը չվաճառի Ադրբեջանին։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ ձեր իշխանությունները կանսան այդ կոչերին։
Կարդացեք նաև
– Նախ, մի կողմից ցավ եմ ապրում, որ այս իրավիճակում Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրը համագործակցում է եւ նրանց ինչ-որ տեխնիկա է մատակարարում։ Ի դեպ, հստակ ոչ ոք չգիտի, ուղղակի ինքնաթիռները ժամանում են ու մեկնում, ու մենք չգիտենք՝ դրանց ներսում ինչ է, եւ դրա մասին կարելի է սոսկ ենթադրություններ անել։ Բայց, մյուս կողմից, Իսրայելը միջազգային որեւէ պայմանագիր չի խախտում։ Ի վերջո, այդ երկրին սպառազինություններ վաճառելու որեւէ էմբարգո չկա։ Եթե լիներ, նույն վայրկյանին Իսրայելը կդադարեցներ։ Խոսքը հումանիտար մոտեցման մասին է․․․
– Մոսկվան մտահոգված է Թուրքիայի՝ Հարավային Կովկաս ներխուժելու կապակցությամբ։ Բայց հայկական քաղաքագիտական շրջանակներում կան մտահոգություններ, որ թուրքերի հետ եւս ՌԴ-ն ինչ-որ կուլիսային խոսակցություններ է վարում կամ նրանց ներգրավում ինչ-որ գործընթացների մեջ։ Ինչո՞ւ են թուրքերը մատների արանքով նայում ՌԴ անհանգստություններին։
– Ռուսաստանը շատ ավելի մեծ հաճույքով կհետեւեր Թուրքիայի չներգրավմանը՝ ցանկանալով խնդրով զբաղվել միանձնյա։ Տեսեք․ միակ կողմը, որն իրապես շահագրգռված է պատերազմական գործողությունների շարունակությամբ, Թուրքիան է, քանի որ, մեծ հաշվով, Թուրքիան չհասավ նրան, ինչ ցանկանում էր՝ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահության, եւ նաեւ նրանք վշտացան, երբ հայտարարվեց կրակի դադարեցման մասին։ Այնպես որ, Թուրքիան ամենաչբավարարված կողմն է եւ դրա համար էլ Ադրբեջանին դրդում է շարունակել։ Ռուսաստանը, մի կողմից, չի ցանկանում, որ Թուրքիան հայտնվի Հարավային Կովկասում, առավել եւս՝ իր սահմանների մոտ, քանի որ այնտեղ թուրքերի հետ միասին հայտնվել են մահմեդական ահաբեկիչներ իր՝ Դաղստանի սահմանների մոտ, որը կարող է մեկ վայրկյանում բռնկվել, եւ մյուս կողմից՝ վախենում է Թուրքիայի հետ շատ փչացնել այն հարաբերությունները, որոնք նրանք վերջին շրջանում կարգավորել էին։ Չնայած նրան, որ թուրքերի հետ ընդհարումներ ունենում են նաեւ Լիբիայում, Սիրիայում, նաեւ՝ ՌԴ դեսպանի սպանությունը Թուրքիայում, նաեւ՝ խփված ինքնաթիռ․․․ այնպես որ, ՌԴ-ն դեմ է, բայց Թուրքիայի դեմ շատ բացեիբաց հանդես գալ նա չի ուզում։
Անուշ Դաշտենց
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: