Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է Ադրբեջանը լոբբինգ անում Վաշինգտոնում՝ արդարացնելով իր վարած պատերազմը. TAC

Հոկտեմբեր 13,2020 12:10

The American Conservative պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը լոբբինգ անում Վաշինգտոնում՝ նպատակ ունենալով ապացուցել, թե Հայաստանը ագրեսոր է, և ԱՄՆ-ը պետք է աջակցի Ադրբեջանին։

Նկարագրելով սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունները՝ հեղինակը նշում է․ «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը զուգահեռ՝ Կապիտոլիումի բլրում գաղտնի պայքար է ընթանում Վաշինգտոնի օրենսդիրների համակրանքը շահելու համար։

Լավ զինված Ադրբեջանն այս հակամարտությունում օգնություն է ստանում ԱՄՆ դաշնակից Թուրքիայից, որի ղեկավարած անօդաչու սարքերն ու ինքնաթիռները հարվածներ են հասցնում հայերի խաղաղ բնակչության շրջանում․ հայերին էթնիկ զտում է սպառնում։

Իսկ մինչ այդ Ադրբեջանն ակտիվացրել է հանրության վրա իր ազդեցությունն ու գործի դրել կապերը՝ վարձելով K Street-ին պատկանող 6 խոշոր ընկերություն, որոնց թվում՝ Livingston Group-ը, Stellar Jay Communications-ը, BGR-ը, Podesta Group-ը և DLA Piper-ը»։

Հիշեցնելով, որ անցյալ տարի Բաքուն լոբբինգի համար 1․3 միլիոն դոլար էր ծախսել, հոդվածագիրը գրում է, որ Հայաստանն ավանդաբար լոբբինգ է իրականացնում ամերիկյան հասարակական խմբերի միջոցով, և նրանց համար աշխատում է միայն մեկ ընկերություն՝ Alston and Bird-ը։ «Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 16-ին, ուստի դեռ պարզ չէ, թե որքան գումար նրանք կծախսեն Վաշինգտոնում խնդրագրերի համար, սակայն փաստաթուղթն արդեն իսկ ցույց է տալիս, որ հայերը լոբբինգի համար 2016թ․-ից այս կողմ գումար չեն ծախսել։ Ադրբեջանն իր հերթին լոբբինգին դիմում է այնպես, ինչպես Պարսից ծոցի մյուս երկրները, թեպետ ավելի քիչ ռեսուրսներ ունի դրա համար, դրա փոխարեն, սակայն՝ լայնածավալ լոբբիստական ջանքերի երկար պատմություն։

Տարիներ շարունակ ադրբեջանական լոբբիստները հանդիպումներ էին ունենում համալսարաններում, վերլուծական կենտրոններում, Կոնգրեսի անդամների հետ։ Նրանք բարեգործական հոդվածներ էին տպագրում այնպես պարբերականներում, ինչպիսիք են The Hill-ը, Washington Times-ը, Daily Caller-ը, National Review-ն, Washington Post-ը и New York Times-ը։ Այդ հոդվածներն ի սկզբանե հրապարակվում էին առանց հեղինակների՝ Ադրբեջանի հետ ֆինանսական կապերը բացահայտելու։

2016թ․-ից հետո Ադրբեջանի լոբբիստական գործունեությունը դանդաղեց ազգային արժույթի անկման պատճառով։ Իսկ վերջին շրջանում Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի փաստաթղթերը վկայում են նոր ակտիվության մասին, որի նպատակն է Վաշինգտոնում էլիտային համոզել, որ Հայաստանն ագրեսոր է, և որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Ադրբեջանին»,- գրում է հեղինակը։

Հոդվածը պարզաբանում է, որ երբ օտարերկրյա պետությունները ամերիկյան լոբբիստական ընկերություններ են վարձում, օրենքով պարտավոր են գրանցել իրենց հաճախորդներին Արդարադատության նախարարությունում։ Նրանցից պահանջում են ներկայացնել գործողությունների ցուցակ։ «Այդ փաստաթղթերում որպես գործողություն ներկայացված «տեղեկատվական նյութերն ավելի ճիշտ է բնութագրել որպես քարոզչություն։ Կապիտոլիումի բլրում տարածված փաստաթղթերում նշված է «Հայաստանի սադրիչ գործողությունների մասին», և թե ինչպես է Հայաստանն իբր «սպանում Ադրբեջանի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին», և թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը «խափանում խաղաղ բանակցային գործընթացը»,- ասված է հոդվածում։

Հեղինակը մեջբերում է Վաշինգտոնի օրենսդիրների շրջանում տարածվող լոբբիստական փաստաթղթերից մի քանի հայտարարություն և նշում, որ դրանք վստահություն չեն ներշնչում։ «Հայաստանը երկար ժամանակ ներքաշված է եղել մերձավորարևելյան ահաբեկչության մեջ», «Ադրբեջանը հետևողականորեն կոչ է արել առարկայական բանակցությունների՝ նպատակ ունենալով հակամարտությունում արդյունքի հասնել», «Թուրքիան անմիջականորեն չի մասնակցում և հայ-ադրբեջանական հակամարտության կողմ չի հանդիսանում»։

Այս վերջին պնդումը ուղղակի հակասում է այն լուրերին, որ Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունեցել հակամարտությանը, ընդհուպ մինչև 1000 սիրիացի ջիհադական գրոհային Ադրբեջանին ուղարկելը»,- եզրափակում է հոդվածագիրը։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031