Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տխուր էր մայր տաճարը, վիրավորված էր, բայց հպարտ՝ վերածաղկումի պատրաստ». լրագրողներն ուխտի էին գնացել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

Հոկտեմբեր 13,2020 10:17

Երեք օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին «Սյունյաց երկիր» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, լրագրողներ Սուսաննա Բաբաջանյանը,  Խաչատուր Հայրապետյանն ու բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Գրիգորյանը ուխտի էին գնացել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար։

Սուսաննա Գրիգորյանը թարգմանել է Գրիգոր Տաթեւացու «Գիրք հարցմանց»-ը, եւ դեռեւս, մինչեւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, պայմանավորվել էր  Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ՝ Թարգմանչաց տոնի օրը, գրքի թարգմանված օրինակը նվիրել նրան:

«Սուսաննան Սյունյաց աշխարհի անվախ դուստրերից է, ուստի  հաշվի չառնելով ստեղծված ոչ անվտանգ վիճակը, փորձել էր կատարել իր խոստումը, եւ գրքի մի խմբաքանակով հասել  Գորիս: Մենք էլ մեկտեղելով մեր ցանկությունները՝ հասանք Արցախ»,–մեր զրույցում պատմեց Սամվել Ալեքսանյանը։

Ուխտավորների առաջին կանգառը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարն էր։   Մոմավառություն, աղոթք առ Աստված՝ մեր հերոս զավակների սրբացած հոգիների  եւ մարտնչող զինվորների կյանքի ու առողջության համար:

Հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար: «Տխուր էր մայր տաճարը, վիրավորված էր, բայց հպարտ՝ վերածաղկումի պատրաստ։ Կիսաքանդ տաճարում նորից մոմեր վառեցինք՝ աղոթելով բոլոր նահատակվածների հոգիների համար»,–ասաց մեր զրուցակիցը:

Չնայած լարված գրաֆիկին՝ Արցախում սյունեցիներին ընդունեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը։ Սուսաննա Գրիգորյանը «Գիրք հարցմանց»-ի խմբաքանակը նվիրեց  Սրբազան հորը, որը բարձր գնահատեց կատարված աշխատանքը՝ արժեւորելով տաթեւացիագիտության մեջ նրա ծանրակշիռ ներդրումը՝ թարգմանության հեղինակին մաղթելով ստեղծագործական նոր  հաջողություններ:

«Սրբազանն այսօր ոչ միայն հոգեւոր առաջնորդ է, նաեւ՝ յուրահատուկ զորապետ է, մեր ժողովրդի համար ծանրագույն այս ժամանակաշրջանում՝ համերաշխության կրող, եւ  որի խոսքին է սպասում ողջ աշխարհի հայությունը»,–ասաց Սամվել Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ Պարգեւ Սրբազանը համարյա հանգիստ չունի, նույնիսկ չի հասցնում քնել ու նա երախտապարտ է այդ հզոր մարդուն, որ լարված առօրյայից ժամանակ գտավ իրենց ընդունելու։

«Արցախ աշխարհը տխուր էր, բայց ուժեղ ու հաղթողի կեցվածքով, սա միանշանակ երեւում էր եւ ոչ մեկը չի կարող հերքել իրականությունը»,–մեր զրույցի վերջում ասաց Սամվել Ալեքսանյանը։

Արմեն  ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները «Սյունյաց երկիր» պարբերաթերթի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031