Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կողմերի նպատակները

Հոկտեմբեր 13,2020 10:00

Երբ պատերազմի հենց սկզբում ես գրեցի, որ Ռուսաստանի նպատակն է մի իրավիճակ ստեղծել, որ Արցախ-Ադրբեջան շփման գծում իր զինծառայողների տեղադրման պահանջն առաջանա, եւ հենց դա՛ է պատճառը, որ այս անգամ Ռուսաստանը թույլ է տվել, որ պատերազմը սկսվի եւ թույլ է տալիս, որ այն շարունակվի, ինձ ոմանք մեղադրեցին «հակառուսական քարոզչության» մեջ:

Իրականում ես խստորեն բաժանում եմ լրագրությունն ու քարոզչությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին «ճակատում»: Եթե ես գրում եմ՝ «այսօր արեւոտ եղանակ է», դա չի նշանակում, որ ես քարոզում եմ ամպամած եղանակի դեմ, պարզապես արձանագրում եմ փաստը: Նույն ձեւով, երբ արձանագրում եմ ամեն մի կողմի նպատակներն այս պատերազմում, դա ամենեւին չի նշանակում, որ ես փորձում եմ գնահատել որեւէ  մեկի «լավը» կամ «վատը» լինելը:

Մեզ համար պատերազմը գոյապայքար է, այսինքն՝ պայքար այս տարածաշրջանում ապրելու համար, որովհետեւ ինձ համար ակնհայտ է, որ հակառակորդի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը միայն Արցախի հայաթափումը չէ, դա նաեւ Հայաստանի Հանրապետության հայաթափումն է, ճիշտ այնպես ինչպես հայաթափվել է Նախիջեւանը եւ Արեւմտյան Հայաստանը: Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային, մեծ հաշվով, միեւնույն է, թե այստեղ ովքեր են ապրում՝ չնայած Արեւմուտքում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ թուրքական պետության «սփռումը» ողջ տարածաշրջանով մեկ, ի վերջո, իրենց համար կարող է վտանգ ներկայացնել:

Ռուսաստանը չի ուզում, որ մենք այստեղից վերանանք, որովհետեւ դա իրենց համար կնշանակի լուրջ աշխարհաքաղաքական պարտություն: Այս հարցում մեր եւ Ռուսաստանի շահերը համընկնում են: Սակայն Ռուսաստանը չի ուզում նաեւ, որ Հարավային Կովկասում լինեն անկախ պետություններ՝ թեկուզ եւ իր հետ բարեկամական հարաբերություններ ունեցող: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է «խաղաղապահներ» տեղադրելու միջոցով մեզ եւ Ադրբեջանին «խաղաղեցնելը»: Դա իմ երեւակայության արդյունքը չէ՝ դրա մասին են խոսում ռուսաստանցի բոլոր ազդեցիկ քաղաքագետները, այդ թվում նաեւ՝ ինձ տված հարցազրույցներում:

Հարցը դրված է հետեւյալ կերպ՝ մենք ուզո՞ւմ ենք անկախ պետություն լինել, եւ եթե ուզում ենք, արդյոք հնարավորություն ունե՞նք: Իմ պատասխանն է՝ «այո»: Որքան հասկանում եմ, կան մարդիկ, որոնց համար այդ պատասխաններից մեկը «ոչ» է, եւ նրանք համաձայն են իրագործել ռուսաստանյան ծրագիրը: Ինչ արած, դա էլ իրենց կարծիքն է: Պարզապես պետք է հասկանալ, թե ինչպես է դրված հարցը՝ կա՛մ երկարատեւ, մեծագույն զոհեր եւ զրկանքներ պահանջող պատերազմ, կա՛մ վերադարձ Ռուսաստանի կազմ: Սա նույնպես պարզ արձանագրում է, ոչ մեկի օգտին կամ ոչ մեկի դեմ քարոզչություն չկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այդ՝ «այո»ին կամ «ոչ»ի վերաբերող հարցումը, արդար չէ: Քանի որ եթէ այդ հարցումին պիտի պատասխանենք, ինչպէ՞ս կարող է որ ոեւէ մէկը՝ «ոչ» պատասխանէ:

    Խնդիրը, «ուզելը» չէ: Այլ, կարող լինելն է: Իսկապէս կարող: Իսկ եթէ հարցումը այդպէս, ճիշդ կերպով բանաձեւուի, «մենք կարո՞ղ են բացարձակապէս անկախ պետութիւն լինել», պատասխանը կը լինի շա՜տ հեշտ՝ «ոչ, տակաւին»: Եւ այդ պատասխանին ճիշդ լինելուն անհերքելի փաստը, մեր ներկայ վիճակն է:

    Մնացեալ, արդէն քնարերգութիւն է:

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Կը ներէք, «այո» պատասխանելով խմբագրականում բանաձեւուած հարցումի երկու մասնիկներին, նոյն պարբերութեան մէջ հաստատում էք որ դա նշանակում է՝ «մեծագույն զոհեր եւ զրկանքներ»:

      Ուրեմն տակաւին կայ մի հարցում եւս՝ «եւ վստա՞հ ենք, ստոյգ բան է, որ «մեծագույն զոհեր եւ զրկանքներ» ունենալով, անպայման ու անկասկած պիտի ունենանք բացարձակապէս ինքնիշխան պետութիւն…

      Ես ել այդ gamble-ը այլեւս չեմ կարող հանդուրժել: Ներեցէք, տկարացել եմ: Չեմ դիմանում: Տեսական մտքերի, վերացական գաղափարների համար, չեմ ուզում տեսնել յաւելեալ նահատակներ:

      Հա, մի բան ել՝ աշխարհում չկայ որեւէ երկիր, որ կախեալ չլինի գոնէ մի այլ երկրից: Մնացեալը, անշուշտ կախուածութեան խեւին ու չափին կը վերաբերի, սակայն այդ ալ կապ ունի, նուազագոյնը՝ երկրի գոյութեան տեւողութեան հետ, եւ նաեւ պարզապէս աշխարհագրութեան:

  2. Իրատես says:

    Ռուսաստանին լիովին բավարարում էր ստատուս քվոն։ Դրա մասին նույնիսկ բաց ակնարկել է Մեդվեդեվը ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Էրդողանը Պուտինի վասալը չի շատ մեղմ ասած և զանգով պատերազմ չի լինի կանգնեցնել։ Հավանաբար դուք չեք հետևում սիրիական պատերազմին։ Հատկապես վերջին էսկալացիան այդ պատերազմում պետք է լիներ շատ մանրամասն վերլուծության առարկա մեզ համար, երբ Թուրքիան առաջին անգամ ուղղակիորեն մտավ պատերազմի մեջ և առաջին անգամ օգտագործվեցին Bayraktar TB2 անօդաչուները ու կարողացան ռուս-իրանական կոալիցիային հետ մղել մինչև ինչ-որ գիծ, որտեղ և պայմանավորվեցին հրադադարի մասին։ Ռուսները ակնհայտ պատրաստ չէին այդ սցենարին։ Երկրորդ նմանատիպ էսկալացիան եղավ Լիբիայում, որտեղ նույնպես Թուրքիան շնորհիվ իր նոր ԱԹՍ-ների որոշակի առաջխաղացում ունեցավ մինչև նրանց կանգնեցրերին Կադդաֆֆիի հայրենի քաղաքի մատույցներում։ Երրորդ նմանատիպ պատերազմը հիմա Արցախում է։ Չգիտեմ մերոնք ինչքանով էին հետևել նշածս երկու պատերազմներին, բայց առնվազն ապրիլյան պատերազմը պիտի սովորեցներ, որ ավտոբուսներով կամ բեռնատարներով մեծաքանակ մարդկանց տեղափոխումը Արցախի տարածքում պետք է բացառվի։ Մեկ մեքենայում ոչ ավել քան 5 անձ պետք է լինի։ Բաց տարածքներում նույնպես պիտի բացառվեն կուտակումները։ Իսկ ռուսները հիմա պիտի ընտրեն իրենց համար վատի ու ավելի վատի միջև։ Եթե դիմեն ուղիղ ռազմական միջամտության՝ ապա ադրբեջանցիներ-Ռուսաստան հարաբերությունները կդառնան ուկրաինացիներ-Ռուսաստան և վրացիներ-Ռուսաստան հարաբերությունների պես։ Եթե ոչ մի կերպ չմիջամտեն ու թողեն Թուրքիան իր ուզածը անի՝ կարող է ընդհանրապես կորցնել Ադրբեջանի վրա բոլոր ազդեցության լծակները(որոնք վերջանալու վրա են)։ Մնում է դիվանագիտությունը՝ որի մոտ չի ստացվում։ Իսկ Հայաստանի վրա ազդեցության լծակները չի կորցնի քանի դեռ Թուրքիան մեր հարևանն է։

  3. Arsen says:

    Ես լիովին կիսում եմ պրն Արամ Աբրահամյանի կարծիքը։ Այո, կարող ենք լինել անկախ, բայց անկախությունը պետք է նվաճել, թեկուզ զրկանքների գնով , և մենք պատրաստ ենք
    ու ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

  4. Սարգիս Զեյթունյան says:

    «Մենք ուզո՞ւմ ենք անկախ պետություն լինել:»
    Իհարկե՝ այո՛:
    «Արդյոք հնարավորություն ունե՞նք:»
    Տեսականորեն՝ այո:
    Երկու հարց էլ՝ ինձանից.
    «Ռուսական ծրագիրն» իրականացնելու պահն ու միջոցները պատահակա՞ն են ընտրված:
    Թե՞ մենք ենք գիտակցաբար ընտրել ճիշտ պահը՝ «երկարատեւ, մեծագույն զոհեր եւ զրկանքներ պահանջող պատերազմի» միջոցով բացառելու միակ հնարավոր այլընտրանքը՝ վերադարձը Ռուսաստանի կազմ:

  5. Alfred says:

    Այս կռվում եթե Ադրբեջանը հաղթի, էլ նրանց ինչին է պետք Ռուսաստանը։ Թուրքիան կտեղավորվի այդտեղ ինչպես որ տեղավորվեց Նախիջևանում։

  6. Հ.Շ. says:

    Խնդիրը այն է որ, այժմու կացութեան մէջ, մեր կարծիքների արտայայտումը սահմանափակուած է (իմ պարագայիս՝ ինքնազսպուած), հետեւաբար բանավէճը ամբողջական չի կրնար ըլլալ:

    Այնպէս մը խօսում ենք, որ կարծես այս պատերազմը անխուսափելի էր: Սակայն կարելի է առարկել որ չէ, խուսափելի էր: Այս տեսակի ու այս տարողութեամբ պատերազմէ մը խուսափած էինք, 1994էն մինչեւ 2018:

    Հետեւաբար, առաջ որ այպանենք Ռուսաստանին, որ հիմա առիթն է ուզում օգտագործել որ իր ռազմական ներկայութիւնը աւելացնի հայկական հողի վրայ, մի քիչ ել մտածենք թէ, վերջին երկու տարիների կապակցութեամբ, մենք հաւաքական որեւէ պատասխանատւութիւն չունի՞նք, որ – ըստ խմբագրականի վարկածին – Ռուսաստանին համար այս պատեհութիւնը ստեղծուեցաւ…

    Բայց հա, հիմա չխօսինք, հիմա չխօսինք: Հետաքրքիր է, ե՞րբ ենք խօսելու… Մանաւանդ եթէ համոզուած ենք որ չխօսելով, կացութիւնը կարող է վատթարանալ, ինչ որ կը նշանակէ՝ ուղղակի յաւելեալ կորուստներ: Անմիջական մարդկային վնասներ, որոնց մասին երբ որ խօսում էինք պատերազմէն առաջ, ականջ կախող չկար, կամ ել ծաղրանքի կամ հայհոյանքի առարկայ կը դառնայինք: Հիմա ել, վաբշե արգիլուած է այդ մասին խօսիլ: Եհ, վե՞րջը…

    Իսկ եթէ խմբագրականին «այո»ներուն միանանք, ինչ որ կը նշանակէ թէ՝ տառացիօրէն մինչեւ ծայր պատերազմի «շնորհիւ», Հայաստանը, Արցախով միասին, պիտի դառնայ բացարձակապէս անկախ եւ ինքնիշխան պետութիւն, ուրեմն…քայլ մը անդին երթալով, միանգամից ասենք որ մենք է որ դիտմա՞մբ ուզեցինք այս պատերազմը: Որպէսզի իրականութիւն դարձնենք «մենք ենք տէրը մեր երկրին» նշանաւոր լոզո՞ւնգը:

  7. Սարգիս Զեյթունյան says:

    Վարչապետի ոճով.

    Հաշվի առնելով ռազմական դրության պայմանների խստացումը, մեկնաբանությունների ներքևի «պատասխանել» բառը փոխարինել «չպատասխանել» բառով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031