Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիական ահաբեկիչները համազորային պատերազմի դեպքում որոշակիորեն գերագնահատված են. Մհեր Հակոբյան. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 13,2020 08:20

Ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է բնութագրել հայ, ադրբեջանցի և սիրիացի զինվորների հոգետիպերը, և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ հոգետիպն այս պատերազմի վերջակետը դնելու գործում: Այս թեմայով «Հայկական ժամանակի» հարցերին է պատասխանել ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ ընդգծելով որևէ գործոն չթերագնահատելու և չգերագնահատելու կարևորությունը:

– Ինչպե՞ս կբնութագրեք սիրիացի վարձկաններին, ադրբեջանցիներին և հայ զինվորներին:

– Սիրիական ահաբեկիչները համազորային պատերազմի դեպքում որոշակիորեն գերագնահատված են, և այս պարագայում հակառակորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, փորձելով սիրիացի ահաբեկիչներին կիրառել մեր դեմ, ապահովեց էժան զինվորական ուժ Ադրբեջանում, բայց նաև առաջնային խնդիր ուներ մեզ հոգեբանական հարված հասցնել: Դեռ մի քանի տարի առաջ՝ 2010-ական թվականների կեսերին, այս ահաբեկիչները Մերձավոր Արևելքում՝ Իրաքում ու Սիրիայում, աչքի ընկան խաղաղ բնակչության նկատմամբ իրենց անլուր դաժանություններով (մասնավորապես, եզդի ժողովրդի նկատմամբ, ըստ էության, ցեղասպանություն կատարեցին):

Բերելով սրանց մեր ճակատ՝ փորձ կատարվեց մեզ ամենից առաջ ահաբեկել: Ես չէի կամենա այս վարձկանների դերը թերագնահատել, սակայն նրանք որոշակիորեն գերագնահատված են, և իրենց ավելի շուտ կիրառեցին որպես էժան հարվածարկու, ինչպես նաև՝ հոգեբանական գործոն: Դիակների այն շարանը, որ հետ գնաց Սիրիա, հստակորեն ցույց է տալիս, որ հայ զինվորը կատարել է իր խնդիրը, իսկ նմանատիպ ահաբեկիչները՝ բաշիբոզուկները, որ արդյունավետ են անկանոն ուժերի, խաղաղ բնակչության դեմ կամ, օրինակ Ասադի ծեծված բանակի դեմ, այստեղ՝ համազորային, հստակ կառավարում և մոտիվացված ռազմիկ ունեցող հայկական բանակի հետ մարտում, արդյունավետ չեն:

Ադրբեջանական զինվորի մասին սովոր ենք ասել, թե իրենք գիտեն, որ Ղարաբաղն իրենց հողը չէ։ Հոգու խորքում, իհարկե, գիտեն, բայց հիմա կա մարդկանց մի հատված, որ այնքան է սնվել այդ ագիտացիայով, որ կուրորեն հարձակվում է մեզ վրա։ Բայց նրանք բավականին քիչ են: Եվ եթե մենք, որ մեր հողի վրա ենք կանգնած մեր մտերիմների կյանքի ու մեր ընտանիքների համար, այնուհանդերձ, այսքան ծանր ենք տանում մեր կորուստները, ապա երբ նրանց դիակները շուտով դուրս գան սառնարաններից, ու Ալիևը իր ժողովրդին դրանք ներկայացնելու անհրաժեշտությունն ունենա, պատկերացրեք, թե իրենց մոտ ինչքան ծանր է լինելու: Կարճաժամկետ՝ մանավանդ այս թվացյալ հաջողությունների ֆոնին, դեռ մարդկանց բերանները հնարավոր է լինում փակել, թեպետ այժմ էլ կան դժգոհության որոշակի արտահայտություններ Ադրբեջանական բանակում:

Ես վստահ եմ, որ հայկական բանակը հստակորեն կատարում է իր մարտական առաջադրանքը: Հակառակորդի բլից-կրիգը կանխվել է, և շուտով մենք կունենանք ավելի էական հաջողություններ: Եվ սա կգումարվի նաև իրենց դիակներին, ու Ադրբեջանում կսկսվեն նաև ներքաղաքական դեստրուկտիվ զարգացումներ: Այո, Ադրբեջանում հիմա ռազմական դրություն է, առանց այդ էլ այն ավտորիտար երկիր է, և այնտեղ շատ դժվար է տեղեկություններ ստանալը: Սակայն այնուամենայնիվ, ինֆորմացիոն դար է, ամեն մեկի ձեռքին հեռախոս ու սմարթֆոն կա, և ի վերջո, տնեցիք հստակորեն իմանում են՝ իրենց զինվորը ողջ է, թե ոչ: Ամեն դեպքում տնեցիներին ակնարկում են նաև զինվորների կողքին եղած զինվորները, թե ձեր որդին, ամուսինը, եղբայրը չկա: Հնարավոր չէ սա երկար գաղտնի պահել, և եթե կարճաժամկետ կտրվածքով սրա արդյունքները Ադրբեջանում չեն զգացվում, ապա պատերազմի մի քիչ երկար գնալու, և նույնիսկ հրադադարի կամ զինադադարի կնքման դեպքում Ալիևը շատ լուրջ խնդիր է ունենալու:

Հայ զինվորի մասին շատ ենք խոսել: Ուղղակի մի փոքր դետալ ասեմ. ես շատ եմ լինում միջազգային ռազմական մասնագիտական հարթակներում, և ինչքան էլ մեր նկատմամբ որոշ անձինք կամ ուժեր նեգատիվ տրամադրված լինեն, այնուամենայնիվ այս ուժերն ընդունում են, որ հայ զինվորը շատ մոտիվացված է: Ես չեմ հանդիպել չմոտիվացվածության մասին որևէ ակնարկի. առավելագույն քննադատությունը լինում է վատ զինված կամ վատ կառավարվող լինելու մասին:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031