Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղում մարդիկ սպանվում են: Սա լուրջ մարտահրավեր է ԵԽ-ի համար». Ռոջեր Գեյլ

Հոկտեմբեր 13,2020 01:25

«Մենք ականատես եղանք, թե ինչպես սառեցված հակամարտությունը վերածվեց արյունալի պատերազմի»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում Արցախում տեղի ունեցող իրավիճակի հետ կապված քննարկմանը  հայտարարեց նիդեռլանդացի պատվիրակ Թինի Քոքսը:

Նա փաստեց՝ թեև հակամարտությունն ունի երկար պատմություն, որի համար դեռ կայուն լուծման ճանապարհ չի գտնվել, բայց շեշտեց՝ դա կողմերին իրավունք չի վերապահում միմյանց նկատմամբ բռնություն գործադրել:

Պատվիրակը Վեհաժողովին կոչ արեց հնարավորինս շուտ ուղարկել համազեկուցողներին Բաքու և Երևան, ինչպես նաև առաջարկեց նախագահական հանձնաժողով ուղարկել հակամարտության գոտի, ինչպես ԵԽԽՎ-ն դա արեց ՌԴ-ի և Վրաստանի միջև արյունոտ պատերազմից հետո՝ 2008-ին:

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ռոջեր Գեյլը խնդիրը դիտարկեց նաև մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից. «Սա մարդու իրավունքների խնդիր է: Ապրելու իրավունքն անձի հիմնարար իրավունքներից է: Լեռնային Ղարաբաղում մարդիկ սպանվում են: Սա լուրջ մարտահրավեր է: Եվրոպայի խորհուրդն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի ԼՂ-ի բնակչության անվտանգության պաշտպանությանը: Հույս ունեմ՝ միջազգային հանրության հետ միասին մենք կկարողանանք մեր ներդրումն ունենալ այդ հարցում»:

ԵԽԽՎ պատվիրակները մեկը մյուսի հետևից մտահոգություն  հայտնեցին Թուրքիայի՝ ռազմական գործողություններին մասնակցության, հակամարտության մեջ դերակատարության հարցով: Նրանք փաստեցին՝ այն երկրները, որոնք հայտարարում են զինված հակամարտության ընթացքում այս կամ այն երկրին աջակցելու մասին, նրանք ևս ոտնահարում են ստանձնած պարտավորությունները: Հատկապես մտահոգություն առարկա էր նաև ատելության խոսքի լայնորեն տարածումը, այն, որ հրթիռակոծություններից տուժել են նաև լրագրողները, խաղաղ բնակիչները:

Դանիացի պատվիրակներից մեկն էլ ահազանգեց՝ Թուրքիան սպառնում է  բոլոր հարևաններին՝ հարձակվելով նրանց վրա: Այնուհետև հիշեցրեց՝ տեսել ենք նրա ձեռագիրը Սիրիայում, Կիպրոսում, հիմա նույնը տեսնում ենք Հայաստանի նկատմամբ. «Հիշենք Հայոց ցեղասպանությունը, և հիմա տեսնում ենք, թե ինչպես են Լիբիայից, Սիրիայից եկած վարձկանները սպանում մարդկանց: Ժամանակն է լսել մեր ձայնը, սա միայն Ադրբեջանի և Հայաստանի մասին չէ, այլ նաև Թուրքայի, որը պետք է կանգնեցնի այս ամենը»:

Այնուհետև հայկական և ադրբեջանական պատվիրակությունների անդամները սկսեցին ելույթներ ունենալ: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը մեղադրեց հայերին, թե Գանձակ քաղաքը բալիստիկ հրթիռներով են հրթիռակոծել և ասաց, թե այդ ամենի համար դատարանի առաջ պատասխան է տալու անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ 28 տարի փորձել են խաղաղության հասնել, բայց Փաշինյանն ամեն ինչ վերացրեց:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ պարոն Սեիդովի հեքիաթները ծիծաղելի են, բայց նաև անհանգստացնող: Ու նշեց, որ չի անդրադառնա դրանց, քանի որ կարևոր խնդիրներից է ուզում խոսելով: Ադրբեջանցիների կողմից հնչող մեղադրանքների մասին, թե հայերն իբր ագրեսոր են, օկուպացրել են իրենց տարածքները, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Դուք ձե՞ռ եք անում: Երեք միլիոն հայությունը Արցախի հետ ագրեսիա է իրականացնում 9 միլիոն ադրբեջանցիների և 18 միլիոն Թուրքիայի դե՞մ»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը վեհաժողովին հորդորեց հավասարության արհեստական նշան չդնել ու հայտարարեց. «Էթնիկ հայերը սպանվում են, վտարվում իրենց հայրենի հողից: Հիմա ժամանակը չէ բոլորին կոչ անելու պահպանել հրադադարը, այլ կոչ արեք երկու կողմերին՝ Թուրքիային և Ադրբեջանին: Արհեստական հավասարության նշան մի դրեք նրանց միջև, որոնք ցեղասպանվում են և նրանց միջև, որոնք վարձկաններով հարձակվում են նրանց վրա: Ձեր ընտրություն է՝ թույլ տա՞լ ցեղասպանություն ԵԽ-ի տարածքում, թե՞ ոչ»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ խնդրի միակ լուծում համարեց Արցախի կարգավիճակի և  ԼՂ-ում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ճանաչումն ու ապահովումը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղի ունեցողը որակեց որպես ահաբեկչական պատերազմ:

Իսկ ադրբեջանական պատվիրակության անդամները անընդհատ նույնն էին կրկնում՝ հայերը հրթիռակոծել են Գանձակ քաղաքը՝գիշերով, հումանիտար հրադադարն են խախտում, իրենց նկատմամբ իրականացնում են ագրեսիա և ցեղասպանություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031