Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը չի պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 12,2020 23:25

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ ասաց, որ ադրբեջանական կողմը չի պաշտպանում հումանիտար հրադադարի ռեժիմը հասկանալի մի քանի պատճառներով, որոնցից մեկը այն է, որ գերիների եւ դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնում են մարտական գործողությունների շրջան, ինչը ադրբեջանական կողմի բացարձակապես չի ցանկանում կատարել եւ չի ընդունում:

Խոսելով այն տեղեկությունների մասին, որ երեկ Հադրութ մտած ջոկատները թուրքական հատուկ ջոկատներից են եղել եւ արդյո՞ք առաջին օրերի համեմատ պակասել է ահաբեկիչների թիվը՝ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ թվերի մասին կոնկրետ ոչինչ ասել չի կարող: Իսկ թե հատուկ ջոկատները ինչ ստորաբաժանման եւ որ պետությանն են պատկանել, պատասխանեց, որ այս պահին նման տեղեկություն հրապարակել չի կարող: Սակայն նաեւ հավելեց, որ կոնկրետ Հադրութի ներթափանցման փորձ կատարողները հետախուզա-դիվերսիոն խմբեր են եղել եւ դա փաստ է:

Նա նաեւ հերքեց կեղծ լուրը, թե Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո է եւ կրկին հորդորեց կոնկրետ գյուղերի, դիրքերի, մատույցների վերաբերյալ հրապարակումներից չկատարել քննարկումներ:

Անդրադառնալով թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվական հայտարարություններին՝ Արծրուն Հարությունյանը նշեց. «Ադրբեջանը շատ բան է հայտարարում: Ադրբեջանը նաեւ Իլհամ Ալիեւի բարձր ամբիոնից հայտարարում էր, որ ինքը վերաբնակեցնելու է Հադրութը, կամ անձամբ այցելելու է Հադրութ»:

ՊՆ ներկայացուցիչը իրեն որոշ հարցեր ուղղողներին էլ կրկին հիշեցրեց, որ ինքը ռազմաքաղաքական հարցերին չի պատասխանում ու նաեւ հորդորեց հայկական կողմի զոհերի թվի մասին ապատեղեկատվությունները չտարածել, չհիմնավորված խոսակցությունները չբերել հարթակներ՝ վստահեցնելով, որ հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են: Պարոն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ մարտական գործողություններ կան նաեւ Քարվաճառի ուղղությամբ եւ այսօր ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031