Հոկտեմբերի 2-ին լրտեսության կասկածանքով ձերբակալված երկու օտարերկրյա քաղաքացիների գործով ԱԱԾ-ից մանրամասներ չեն հայտնում: Մեր հարցմանը, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները, երբվանից էին ՀՀ-ում ու ինչով էին զբաղվում ու արդյոք կալանավորվել են, ԱԱԾ մամուլի կենտրոնից ի պատասխան հայտնեցին. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից 2020 թվականի հոկտեմբերի 4-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ներառված են Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքի փաստի կապակցությամբ քրեադատավարական իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների վերաբերյալ՝ հրապարակման ենթակա
տեղեկություններ:
Քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում հարուցվել և իրականացվում են քրեական հետապնդումներ, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը քրեադատավարական օրենքով նախատեսված իրավակարգի շրջանակներում ձեռնարկելու է համապատասխան միջոցառումներ ինչպես մեղադրանքը հաստատող, այնպես էլ հերքող ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Նախաքննության ներկա փուլում այլ տվյալներ ենթակա չեն հրապարակման՝ հաշվի առնելով քրեական գործի բնականոն ընթացքն ապահովելու, նախաքննության խնդիրներն արդյունավետ կենսագործելու հանրային շահը:
Վարույթն իրականացնող մարմինը, քրեական գործի շրջանակներում, ձեռնարկում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որոնց արդյունքներով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց մեղսագրված արարքներին կտրվի
վերջնական քրեաիրավական գնահատական:
Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ձերբակալել է օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ զինված ուժերի տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու համար:
Կասկածյալները ձերբակալվել էին հոկտեմբերի 2-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ