Դեսպան Վարուժան Ներսեսյանի խմբագրական հոդվածը «Los Angeles Times» պարբերականում
Մոտավորապես երկու շաբաթ է, ինչ Արցախը՝ Հարավային Կովկասի հայերով բնակեցված այս շրջանը, դիմանում է ադրբեջանական հրթիռների անողոք ու մահացու հարվածներին, հրետանային ու դրոնային հարձակումներին: Ժամեր առաջ Արցախի (միջազգայնորեն հայտնի որպես Լեռնային Ղարաբաղ) Մայր տաճարը երկու անգամ հարձակման ենթարկվեց, որի արդյունքում վիրավորումներ ստացան լրագրողներ, ովքեր զննում էին հասցված վնասը:
Այս նոր հարձակումը տարբերվում և վտանգավոր է նրանով, որ Թուրքիան բացահայտ ու ագրեսիվ կերպով աջակցում է դրան՝ խրախուսելով Ադրբեջանի ղեկավարությանն ու զինելով զինվորականությանը: Հայերը հավատացած են, որ Թուրքիայի այս աջակցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է դեպի նոր տիպի կորոնավիրուսը, իսկ ԱՄՆ-ում նախընտրական շրջան է, դրդեցին Ադրբեջանին հարձակումները հենց հիմա իրականացնելուն: Հակամարտությունը սպառնում է վերաճել տարածաշրջանային պատերազմի, եթե ոչ ավելիին, եթե ԱՄՆ-ն ու մյուս համաշխարհային ուժերը չմիջամտեն:
Ռոդ Այլենդ նահանգից մի փոքր մեծ Արցախը հազարավոր տարիներ բնակեցված է եղել հայերով: Հանդիսանալով վաղ քրիստոնեության և հայտնի սրբավայրերի օրրաններից մեկը՝ Արցախն այսօր ժամանակակից ժողովրդավարությամբ դե ֆակտո պետություն է՝ իր սեփական նախագահով, օրենսդիր մարմնով ու ինքնապաշտպանական ուժերով: Այն ինքնորոշման է ձգտում 1991թ-ից ի վեր, ինչ փլուզվեց Խորհրդային Միությունը:
Կարդացեք նաև
Մենք՝ հայերս, այս վերջին հարձակումը դիտարկում ենք որպես 1915թ․ Ցեղասպանությունը շարունակելու փորձ, որի սկիզբը դրվել է Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից, ովքեր որոշել էին, որ հայերին պետք է վերացնել, քանի որ նրանք խաթարում էինք կայսրության ՝ էթնիկ միասնության ձգտումը: Արդյունքում, տարածաշրջանում հայ բնակչությունը ոչնչացվեց՝ 1.5մլն հայ դարձավ Ցեղասպանության զոհ:
Ինչպես Ցեղասպանության սարսափների ենթարկված ցանկացած այլ երկիր, Հայաստանն ու Արցախը հաստատակամ են ու հանձնառու «այլևս երբեք» գաղափարին: Երկար տարիներ ի վեր Թուրքիան ղեկավարող նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չի թաքցնում Թուրքիայի դերի հետ կապված իր տեսլականը՝ հասնելու Օսմանյան կայսրության նշանավորությանը: Հենց անցյալ շաբաթ էր, որ Էրդողանը նույնիսկ պնդեց՝ «Երուսաղեմը մերն է»: Ծավալապաշտական այդ ձգտման մեջ նա Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր հաջորդ թիրախը, իսկ Ադրբեջանին՝ որպես իր ամենամտերիմ դաշնակից:
Թուրքիան Ադրբեջանին է տրամադրում ակտիվ դիվանագիտական ու ռազմական աջակցություն, ներառյալ՝ սարքավորումներ, ուսումնավարժանքներ և հրահանգիչներ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար: Թուրքական F-16 օդանավերը թիրախավորել են Արցախի ու Հայաստանի քաղաքացիական ու ռազմական դիրքերը: Ֆրանսիայի ու Ռուսաստանի կառավարությունները մեղադրել են Թուրքիային զինյալներ պատրաստելու, վճարելու ու հազարավոր ջիհադիստական վարձկանների Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու մեջ:
Փաստորեն, Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմ հրահրել: Էրդողանի համար, ում արդեն հաջողվել է ներգրավվել Սիրիայում ու Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմներում, միջամտել Լիբանանում ու Էգեյան ծովում, և պրոքսի-պատերազմներ վարելու համար հավաքագրել իսլամիստ զինյալների բանակ, այս նոր հակամարտությունն ամենավերջին ստուգայցն է, հասկանալու համար թե որքանով կհանդուրժեն արևմտյան դաշնակիցները Թուրքիայի այս աններելի գործողությունները։
Այս ամենին համահունչ՝ Թուրքիան ու Ադրբեջանը հռչակում են իրենց գործընկերությունը որպես «մեկ ազգ, երկու պետություն»։ Սակայն, Հայաստանն ու Արցախն այս «տեսլականի» ճանապարհին են կանգնած: Թուրքիան հավաստել է իր ողջ աջակցությունն Ադրբեջանի կողմից ուժի գործադրմանը, ինչն արժանացել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների դատապարտմանն ու հանդիմանանքին:
Այս ընթացքում, 1.5մլն հզոր ամերիկահայ համայնքը, որից գրեթե 1 մլն բնակվում է Լոս Անջելեսի շրջանում, համախմբվել է այս հակամարտության շուրջ, ցույցեր կազմակերպելով ուշադրություն է հրավիրում բռնությունների վրա: Դա ներառում է նաև Հարավային Կալիֆորնիայում վերջին օրերին անցկացվող ցույցերը: Ցուցարարներից շատերը Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդներ են: Նրանք հոգեպես միացել են իրենց հայրենիքի հայերին, ովքեր պաշտպանում են ազատ, խաղաղ, բարգավաճ ու ապահով երկրում ապրելու իրենց իրավունքը:
Աշխարհը չպետք է մի կողմ քաշվի, ոչ էլ՝ հայացքը շրջի: Որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ՝ Թուրքիան պարտավոր է իրեն դրսևորել որպես պատասխանատու միջազգային դերակատար, վստահաբար՝ ոչ այնպիսին, որ էթնիկ ատելություն ու տարածաշրջանային պատերազմներ է հրահրում: Անդամակցությունը կանաչ լույս չէ պատերազմներ հրահրելու համար:
Միացյալ Նահանգները կարող է միջամտել Թուրքիայի վրա ճնշում գործադրելով, որպեսզի վերջինս դուրս մնա Արցախի հակամարտությունից և զսպի Թուրքիայի նկրտումները՝ Հարավային Կովկասում որևէ ավելի լայն դերակատարման համար: Սա կարող է նաև ներառել Թուրքիային հարկադրելը, որ դադարեցնի Հայաստանի դիվանագիտական ու տնտեսական շրջափակումը, առերեսվի իր ցեղասպան անցյալի հետ և վերականգնի հարաբերությունները Հայաստանի հետ:
Ի հավելումն, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է՝ խումբ, որը ստեղծվել է խթանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը: Որպես այդպիսին, Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին դադար առնել ու վերականգնել բանակցությունները՝ փոխադարձաբար ընդունելի զիջումների հիման վրա հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար։ Մինչ այդ, ամերիկյան անվտանգային ու ռազմական ողջ աջակցությունը, մասնավորապես՝ զենքերի ու որոշակի տեխնոլոգիաների վաճառքն Ադրբեջանին պետք է կասեցվի:
Արցախի կամ Հարավային Կովկասում այլ խնդրի համար դիվանագիտությանը գործուն այլընտրանք գոյություն չունի: Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի միջազգային հանրությանը՝ կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան ու զսպելու Թուրքիայի նկրտումները: