Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին և բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ

Հոկտեմբեր 12,2020 21:33

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) կառավարության հարցուպատասխանին հաջորդած խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։

Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության հայտարարությունը

Մենք լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ:

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ:

Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին և բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ, և դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձևավորումը և ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ:

Պատմության ընթացքում հայերը Թուրքիայում և Ադրբեջանում ենթարկվել են հետապնդումների (19-րդ դարի վերջին, 1909թ․, 1988թ․, 1990թ․) և Ցեղասպանության 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում): Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ջարդ չկրկնվի:

Պատմության ընթացքում հայկական տարածքը կրճատվել է 10 անգամ: Այն Խորհրդային միության ամենափոքր անդամ պետությունն էր:

Արարատը՝ հայերի ազգային խորհրդանիշը, որտեղ հանգրվանել է Նոյան տապանը, ժամանակին երկրի կենտրոնն էր: Հիմա հայերն այն տեսնում են միայն հորիզոնում կամ հայկական կոնյակի շշի վրա՝ որպես նշան: Նույնն էլ Վանը, որը ժամանակին Հայաստանի ներքին լիճ էր․ այս տարածքներում բնակվող հայերը տեղահանվեցին և (կամ) սպանվեցին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նոր սպանդ չլինի: Այդ նպատակով չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը սրվի:

Կոչ ենք անում կողմերին հետևել հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) նախագահների կողմից արված համատեղ հայտարարությանը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանզի հարցի կարգավորմանը կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031