Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու». Հետախույզ մայոր Էդգար Մաթեւոսյանի վերջին խոսքերը ու աննկարագրելի ցավը, որ թողեց 2 անչափահաս երեխաներին

Հոկտեմբեր 12,2020 20:15

«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու», – սա մայոր Էդգար Մաթեւոսյանի, կամ մարտական ընկերների համար Մաթոսի վերջին հրահանգն էր՝ սպաներին, զոհվելուց 1 ժամ առաջ: Հոկտեմբերի 2-ին կարեւոր առաջադրանք ուներ ու փորձառու հետախույզը շատ լավ գիտեր ուր էր գնում, ինչի համար: Ցավոք, հետ չեկավ, բայց հասցրեց փրկել իր մարտական ընկերների, իր զինվորների կյանքը:

«Ժպիտը դեմքին շորերը հագել է ու գնացել է կռվի դաշտ, դաժե իմացել է, որ ինքը կարող է էլ հետ չգա: Կենաց-մահու կռվի էր գնացել: Ինքը, երբ գործի մեջ է, չի զանգում, բայց զոհվելուց 2-3 օր առաջ զանգեց, ասեց՝ լավ եմ: Բայց ի՞նչն էր լավ, ամենածանր տեղերում է կռվել, դիրքեր է գրավել, սարեր է գրավել, հետո եմ իմացել՝ իր մարտական ընկերներից»,- մեզ հետ զրույցում պատմեց զոհված հերոսի սիրելի կինը՝ Ասթինեն:

Էդգար Մաթեւոսյանը սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախում մասնակցել է ամենաթեժ մարտերին ու առաջին օրերին ոտքից վիրավորվել: Կնոջ պատմելով՝ «Ուզել են տանեն հոսպիտալ, ասել է՝ չէ, բա ես իմ զինվորներին ո՞նց մենակ թողնեմ: Ինքը իրա ձեռքով իրեն պերեվյազկա է արել ու նորից մտել կռվի մեջ: Ու հիմա իր զորամասի աֆիցերները, զինվորները, որը գալիս է, ասում է՝ ես իրան եմ պարտական, որ ապրում եմ ու կամ, ինքը ինձ փրկել է: Հավատս չի գալիս: Չէի հավատում, որ իրեն կարող է ինչ-որ բան պատահի, էնքան ուժեղ էր, էնքան անվախ, մի այլ կարգի դուխով: Գիշերները չէր քնում, հետախուզություն էր անում, խրամատ էր փորում, ամեն ինչ էր անում՝ բանակի համար»:

Մայորին Արցախ են ճանապարհել իր երկու անչափահաս երեխաները, որդին 10 տարեկան է, աղջիկը՝ 8. «Տղաս շատ ծանր է տանում, մի քիչ իրենց հույս են տալիս, ասում են՝ մենք հերոսի երեխաներ ենք»:

Իսկ մայոր Մաթեւոսյանը այն բացառիկ հերոսներից է, որի անունը ոսկե տառերով գրված է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատին՝ որպես գերազանցիկ: Ապրիլյան պատերազմին նրա շնորհիվ տասնյակ զինվորների կյանքեր փրկվեցին, որի համար Մաթեւոսյանն արժանացավ «Մարտական խաչ» և «Արիության համար» շքանշաններով։

Մայորը գերազանցիկ ու խստապահանջ էր ամեն ինչում, նախեւառաջ՝ ինքը իր նկատմամբ: Նրա մարտական ընկերներից Ռուբեն Մարտիրոսյանը նրա մասին գրում է. «Շատ ծանր էր, 4-ից սկսեց մեր կրակը ու կրակը մեր վրա: Բայց ավելի դժվար էր էն մի լուսաբացը, էդ էր ճակատագրականը։ Էդ օրը չձգեցի, առավոտվա կողմ աչքս կպավ, մի կես ժամ քնեցի, եկան, թե՝ Մաթեւոսյանն ա եկել, սերժանտներին ա կանչում։ Սերժանտներս գնացինք, դեմս նստած էր, չէի ջոկել, որ ինքն ա, մի րոպե տեւեց էդ պահը, հենց ջոկեցի, վռազ պատվի առա: «Թողնել» տվեց, ձեռքը մեկնեց ու մի կարճ նախադասություն՝ «ապրե՛ք, կյանքեր եք փրկում, գերազանց ա»:

Բայց կար մի բայց…Մաքրասեր խստապահանջ ՇՊ-ն (Էդգար Մաթեւոսյանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի N զորամասում շտաբի պետ էր) չէր կարա չասեր, որ տարածքը կեղտոտ ա: Հա՛, կզարմանաք, ինքը տենց մարդ ա։ Գնաց, էլ չտեսանք իրան։ Ասավ՝ էլի եմ գալու: Չեկավ։ Հետաքրքիրա ա, բայց համ էդ ամեն ինչն էր ղեկավարում, համ ամենաշատն էր հոգնած, բայց եկել էր, որ դուխ տա մեզ: Տվեց էն էլ ինչքա՜ն։ Կռվի 1-ին կամ 2-րդ օրն էր, խոսում էինք, ասինք՝ ավելի լավ ա մեզ խփեն, քան իրան: Ինքն էր գումարտակի ողնաշարը։ (ԿՈՏՐՎԵՑ)։ Ինքն էլ էր գիտակցում, որ առանց իրա չի լինելու։ Զոհվելուց մի ժամ առաջ աֆիցերներից մեկին ասել էր՝ հենց ջոկեք չկամ, փախցրու երեխեքին։ Դաժե էդ էր մտածել: Տենց էլ եղավ։ 1 ժամ հետո զոհվում ա։ Գիտակցելով գնաց էդ քայլին։ Բառեր չկան նկարագրելու։ Ինքը իմ համար մի նոր ՄՈՆԹԵ Ա։ ԱՆՄԱՀԱՑԱՎ»:

Մայոր Մաթեւոսյանը առանց հայր է մեծացել ու խոսք էր տվել իր երեխաներին՝ երբեք նրանց առանց հոր չթողնել: Ավաղ…

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031