«Խոստանում եմ, որ մոտ ժամանակներս, տա Աստված՝ հայրենիքում ավելի շուտ խաղաղություն հաստատվի, լրագրողներին կհրավիրեմ դատարան եւ կպատասխանեմ բոլոր հարցերին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՍԴ նախագահ ընտրված Արման Դիլանյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորներն այսօր դատարանի նախագահ ընտրեցին. Արման Դիլանյանը, որը միակ ինքնաառաջադրված թեկնածուն էր, ընտրվել է վեց կողմ ձայներով, քվեարկությանը մասնակցել է 9-ը դատավոր:
Հարցին ի պատասխան, որ նախկինում ինքը հայտարարում էր ՍԴ նախագահ ընտրվելու ցանկության բացակայության մասին, Դիլանյանն ասաց. «Իմ կարծիքով՝ այս իրավիճակում պարտավոր էինք այդ քայլն անել եւ ընտրել ՍԴ նախագահ: Ես ասել էի, որ չէի ուզում լինել ՍԴ նախագահ: Իմ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը եւ հիմա էլ եմ այդ կարծիքին: Ինչպես տեսնում եք՝ այնքան էլ ոգեւորված չեմ, որ ՍԴ նախագահ եմ ընտրվել, որովհետեւ պատկերացնում եմ, թե ինչ պատասխանատու աշխատանք է դա: Մանրամասների մասին կխոսենք առաջիկայում: ՍԴ-ում չկա դժվարություն, որը հաղթահարելի չլինի: Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող ՍԴ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ