Դիլիջանում արդեն մեկ ամիս է՝ սկսել են թափառող շներին ստերիլիզացնելու աշխատանքները։
Դիլիջանի համայնքապետարանն արդեն մի քանի անգամ բաց մրցույթ էր հայտարարել, թափառող շներին ստեջացնելու համար, սակայն մասնակցելու համար ոչ մի կազմակերպություն չի արձագանքել և համայնքապետարանը մինչև մեկ միլիոնի պայմանագիր է կնքել «Մալտեզ սիթի» անասնաբուժական կլինիկայի հետ՝ կենդանիների ստերջացումը կազմակերպելու համար։
Դիլիջանի համայնքապետարանի գնումների համակարգող Արմինե Աղաջանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթին մասնակցելու հայտեր չկան, քանի որ Դիլիջանում չկա կենդանիների կլինիկա, իսկ Երևանից և այլ վայրերից կազմակերպությունների համար դժվար է այս հեռավորության վրա նման ծառայություն մատուցելը։
Մի քանի անգամ դրվել է հայտարարություն մրցույթի մասին, սակայն մասնակցության հայտ չի ներկայացվել։ Այս անգամ համայնքապետարանը կլինիկայից գնում է կատարել և պայմանագիր կնքել մինչև մեկ միլիոն ՀՀ դրամի սահմաններում, որով կլինիկան մինչև տարվա վերջ կստերջացնի մոտ 40 շուն․ «Մինչև տարվա վերջ նախատեսված 40 շան ստերիլիզացիան ավարտելուց հետո նախատեսում ենք նորից մրցույթ հայտարարել, եթե մասնակից կազմակերպություններ հայտեր ուղարկեն հնարավոր կլինի մեկ տարվա մեջ մոտ 300 շան ստերիլիզացիա կազմակերպել»։
Կարդացեք նաև
Դիլիջանում շների ստերջացմամբ զբաղվող «Մալտեզ սիթի» անասնաբուժական կլինիկայի տնօրեն Հայկ Մելիքյանը մեր զրույցում նշեց, որ այս պահին ստերջացվել են մոտ 14 շուն, սակայն գործընթացը որոշ ժամանակով կասեցվել է, քանի որ կլինիկայի վարորդը, որը զբաղվում էր կենդանիներին Դիլիջանից բռնելու ու կլինիկա տեղափոխելու հարցով՝ գտնվում է Արցախում․ «Հիմնական դժվարությունը կապված է հեռավորության հետ։ Մեր աշխատակիցը, ով պետք է մոտ 6 շուն կարողանար միանգամից բերել, կարողանում է միայն 4-ին բերել, քանի որ կա շներին բռնելու և տեղափոխելու հարցում օգնող կամավորների խնդիր»։
Ըստ Մելիքյանի՝ շներից շատերի մոտ կլինիկայում բացահայտվում են այլ առողջական խնդիրներ, որոնք բուժելու և հետագայում հետևողական լինելու հարցում տեղի կլինիկայի պակաս է զգացվում․ «Երկու շուն կային, որոնց մոտ վիրահատության ժամանակ բացահայտվել է նաև չարորակ ուռուցք։ Նրանք, բնականաբար, վիրահատվել և հետվիրահատական երեք օրն անցկացրել են կլինիկայում, սակայն հետագայում այդ շների առողջական ընթացքին հետևելու համար լուրջ դժվարություններ կան, քանի որ թափառող բոլոր շներին հնարավոր չէ անընդհատ բժշկական հսկողություն իրականացնել հատկապես այս հեռավորության դեպքում»։
Աննա Դավթյանը, որը Դիլիջանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ ակտիվ պայքարողներից է, այժմ կամավոր հիմունքներով օգնում է կլինիկային շներին բռնելու և Երևան տեղափոխելու հարցում։
«Դիլիջանում, ինչպես համարյա հանրապետության բոլոր տեղերում, մինչև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծի ընդունումը՝ թափառող շների խնդիրը լուծվել է հիմնականում սպանդի միջոցով։ Անգամ օրենքի ընդունումից հետո եղել են սպանության դեպքեր, բայց մենք ամեն ինչ արել ենք, որ այդ դեպքերի առթիվ դատական գործեր բացվեն ու միայն այդ ժամանակ սկսեցին սպանությունները դադարել»,- նշեց Աննա Դավթյանը։
Աննա Դավթյանի խոսքով՝ Դիլիջանում մեծ խնդիր է հատկապես անասնաբուժական կլինիկայի բացակայությունը։ Նրա խոսքով՝ կենդանիներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար տեղացիները ստիպված են հասնել Երևան․ «Եղել են դեպքեր, որ վիրավոր կամ հիվանդ շներին կարողացել ենք փրկել, սակայն եղել են նաև դեպքեր, որ մինչև կլինիկա հասնելը կենդանին սատկել է»։
Լուսանկարները տրամադրեց Աննա Դավթյանը