Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում ռազմական օբյեկտների բացակայությունը խոսում է Ադրբեջանի նպատակադրված քայլերի մասին, ինչը, ըստ նրա, հավասար է ռազմական հանցագործության
«Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, էքզիստենցիալ սպառնալիքի մարմնացում է»,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս իր իրական նպատակները, այն է Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով և Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը․ «Ադրբեջանը նման ցեղասպանական գործողություններով տարբերություն չի դնում զինվորականների և խաղաղ բնակիչների միջև։ Ավելին՝ այն միտված է քաղաքացիական բնակչության թիրախավորմանը։ Ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը Արցախում հարձակվել է ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի վրա ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքներ Շուշին, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն»։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում ռազմական օբյեկտների բացակայությունը խոսում է Ադրբեջանի նպատակադրված քայլերի մասին, ինչը, ըստ նրա, հավասար է ռազմական հանցագործության․ «Թուրքիայի ավիացիայի աջակցմամբ անօդաչու թռչող սարքերի, ծանր հրետանու, տանկային ստորաբաժանումների հարվածների հետևանքով կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր։ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Հոկտեմբերի 10-ի դրությամբ` Ադրբեջանի զինված ուժերի և նրան աջակցող ուժերի կողմից սպանվել է 23 խաղաղ բնակիչ, ավելի քան 100 բնակիչներ ստացել են վնասվածքներ, նրանցից 81-ը` ծանր: Ագրեսիայի հետևանքով խիստ աճել է տարհանվածների թիվը, նրանց մի մասը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերը, իսկ ոմանք էլ տեղափոխվել են Հայաստան»:
Կարդացեք նաև
Զոհրաբ Մնացականյան շեշտեց, որ էքզիստենցիալ սպառնալիքը խորանում է նոր երկու գործոններով՝ Թուրքիայի ուղիղ ներգրավմամբ և Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխումով։ Նա ասաց, որ զինյալների տեղափոխումը ոչ միայն արդեն ապացուցել են Հայաստանի աղբյուրները, այլ նաև միջազգային հանրությունը․ «Թուրք զինված ահաբեկիչների օգնությանը դիմելով՝ Ադրբեջանը ինքնին դարձել է միջազգային ահաբեկչության օջախ մեր տարածաշրջանում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ