Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում եւ Հայաստանում որոշ խիզախ կանայք իրենց օրինակով փաստում են, որ կարող են լինել բազմազավակ մայրիկներ, բայց միաժամանակ իրականացնել մասնագիտական գործունեություն, ապրել աստղային կյանքով կամ լինել լավ մտավորական, հասարակական, քաղաքական գործիչ, հանրային դեմք: Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում առանձնացրել ենք նրանցից մի քանիսին:
Օրինակ «Օրրան» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանն ունի 5 զավակ: Լինելով լավ մայրիկ, հրաշալի տանտիկին եւ հասարակական գործիչ` նա կարողանում է ներդաշնակել ընտանիքն ու կարիերան եւ զբաղվել բարեգործությամբ. մասնավորապես «Օրրանի» Երեւանի և Վանաձորի կենտրոններում տաք սնունդ և սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվում երեխաներին եւ միայնակ տարեցներին:
Թատերագետ, արձակագիր եւ դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունին ունի 3 զավակ, սակայն զբաղված մայրիկը կարողանում է գիտական եւ ստեղծագործական աշխատանքը համատեղել ընտանիքում ներդաշնակության հետ:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 4 զավակ ունի, բայց շարունակում է ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվել: Նա հիմնել է «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամները, հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության նախաձեռնության հեղինակը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է արտասահմանցի բազմազավակ մայրերին, օրինակ` աշխարհահռչակ կինոդերասանուհի կինոռեժիսոր, սցենարիստ «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Անջելինա Ջոլին ունի 6 երեխա, որոնցից 3-ը որդեգրված են: Նա տարիներ շարունակ զբաղվում է բարեգործությամբ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը՝ ըստ Forbes-ի կազմած ցանկի:
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը 7 զավակ ունի: Իր երկրի պատմության մեջ առաջին անգամ ի դեմս նրա` Գերմանիան կին պաշտպանության նախարար ունեցավ:
Քաթարի նախկին Էմիրի կինը` Շեյխա Մոզա Նասեր ալ Միսնեդին, որ արաբական աշխարհում լեգենդ է ընկալվում, եւս 7 զավակ ունի: Նա նաեւ համարվում է բարեփոխումների եւ արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից:
Աշխարհահռչակ դերասանուհի, եռակի «Օսկար»-ակիր Մերիլ Սթրիփը 4 զավակ ունի: Սթրիփը ակտիվորեն պայքարում Է հանուն կանանց իրավահավասարության, նա ժամանակին նաեւ իր աջակցությունն Էր հայտնել Հիլարի Քլինթոնին` ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելիս:
Ճանաչված լուսանկարիչ եւ բլոգեր Ալիսա Ուելչը 8 զավակ ունի, առաջնեկը ծնվել է, երբ 20 տարեկան էր: Ամեն տարի հաջորդ զավակի ծնունդը չի խոչընդոտել, որպեսզի Ալիսան զբաղվի սիրած աշխատանքով եւ ակտիվ կյանք վարի:
Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ Մադոննան 6 զավակ ունի: Նա զբաղվում է ոչ միայն ստեղծագործական, այլեւ բարեգործական աշխատանքով: Ըստ որոշ տեղեկությունների, 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնաբերելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ