Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում. Զոհրաբ Մնացականյան

Հոկտեմբեր 12,2020 17:48

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանի ՌԴ պաշտոնական այցի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 12-ի առավոտյան. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։

Այնուհետև ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ողջունելով նախարար Մնացականյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասաց. «Այս այցը նախապատրաստվել էր բավական երկար ժամանակ, և այսօր այն տեղի է ունենում միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը: Մեր առանցքային, ամենակարևոր թեմայից զատ մենք այսօր նախատեսում ենք անդադառնալ նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում, մեր փոխգործակցությանն առնչվող հարցերի»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք պահպանել Մոսկվայում այս պաշտոնական այցի իրականացման մտադրությունները, մեր ծրագիրը: Շատ ուրախ եմ լինել այստեղ՝ Մոսկվայում, չնայած որ երկու օր առաջ մենք բավականին երկար բանակցություններ ենք անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցման և կրակի դադարի հաստատման ուղղությամբ որևէ հաջողության հասնելու նպատակով:

Իհարկե, մենք այսօր հնարավորություն ունենք անդրադառնալու մեր փոխհարաբերություններին` բոլոր ուղղություններով: Մենք մեծ կարևորություն ենք տալիս հանդիպումների դինամիկայի պահպանմանը: Մենք այժմ հանդիպում ենք պաշտոնական այցի շրջանակներում կամ ձևաչափով, միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ մենք ունենք մշտական կապ բոլոր ուղղություներով՝ և՛ ղեկավարների մակարդակով, և՛ մեր նախարարությունների մակարդակով, և՛ մեր համապատասխան գործընկերների՝ այլ ուղղություններով գերատեսչությունների մակարդակով:

Եվ իհարկե, մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ, մենք ունենք խորը փոխգործակցություն, որի ձևաչափերը բավական ընդգրկուն են: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը. այս ամենը ներկայացնում են մեր երկխոսության օրակարգը:

Որևէ այլ պայմաններում մենք դեռ երկար կարող էինք խոսել մեր դաշնակցային հարաբերությունների մասին, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այն իրավիճակի վրա, որն արդեն իսկ իրական սպառնալիք է դարձել մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում, և որի մասին մենք անընդհատ խոսել ենք:

Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի, Սերգեյ Վիկտորովիչ, Ձեր շնորհիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ: Մեզ հաջողվեց համաձայնեցնել համատեղ հայտարարություն նախարարական մակարդակով կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը, ՌԴ ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հանուն նրա, որ մենք հասնենք այսպիսի արդյունքի:

Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր:

Ցավոք, այս պահին մենք չենք կարող փաստել, որ գործնականում ունենք հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում, և անգամ այստեղ ժամանելուն զուգահեռ շարունակում ենք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները:

Եվ այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք հնարավորություն կտան հասնելու այդ ռեժիմի հաստատմանը և պահպանմանը:

Սերգեյ Վիկտորովիչ, ես համոզված եմ, որ մենք այսօր կունենանք երկարատև, արդյունավետ և լավ զրույց։ Մենք ունենք բավականին մեծ օրակարգ»:

ԼՂ հակամարտության գոտում զարգացումների համատեքստում նախարար Մնացականյանը մանրամասն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա զինյալ վարձկանների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիային, որի ընթացքում դիտավորյալ թիրախավորվում են Արցախի քաղաքացիական բանկչությունը և ենթակառուցվածքները:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ֊ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող բազմաբովանդակ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց. «Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում բարձրաստիճան այցերով և հանդիպումներով, այլև ընդգրկում են անմիջական ուղիղ շփումներ, որոնք այժմ՝ այս իրավիճակում, չափազանց կարևոր են»:

Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031