Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի աշխատանքային միգրանտները պետք է հնարավորություն ունենան ՌԴ մեկնելու». Արամ Սաֆարյան

Հոկտեմբեր 12,2020 16:02

Երկրորդելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը շնորհակալություն է հայտնում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին եւ մյուս պատվիրակներին, որոնք Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի պայմաններում ժամանեցին Հայաստան եւ մասնակցեցին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Այն, հիշեցնենք, կայացավ Երեւանում, հոկտեմբերի 9-ին:

«Հայաստանն առաջնային տեղ է տալիս եվրասիական ինտեգրացիային, Հայաստանի մասնակցությանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, ուստի, մեզ համար միեւնույն չէ, թե ինչպե՞ս եւ ե՞րբ կհավաքվեն միության անդամ պետությունների ղեկավարները, ի՞նչ կքննարկեն եւ ինչպիսի՞ ընթացք կունենա միության հետագա ճակատագիրը»,- այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած «ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետների երևանյան հանդիպման արդյունքները և մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության հրատապ հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Արամ Սաֆարյանը:

Արամ Սաֆարյանի գնահատմամբ, երեւանյան հանդիպման արդյունքում ուրվագծվում են առաջիկա երկու ամիսների ընթացքում քննարկման ուղղությունները, քանի որ դեկտեմբերի 4-ին, Մոսկվայում, տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդների հավաքը: Նույն օրը, Եվրասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ, կկայանա նաեւ Եվրասիական կոնգրեսը:

Ինչ վերաբերում է երեւանյան հավաքի ժամանակ քննարկված կարեւոր հարցերին, ապա, ըստ Արամ Սաֆարյանի, դա էներգակիրների՝ գազի եւ նավթի, ընդհանուր շուկայի ձեւավորումն է, ինչում առավելապես հետաքրքրված են Հայաստանը, Բելառուսը: Ըստ բանախոսի, միության անդամ ևս երկու երկրներ են սկսել այս հարցի շուրջ հետաքրքրություն դրսեւորել, ուստի, նա կարեւոր է համարում Երեւանում հնչած հայտարարությունը, որ մինչեւ 2020 թվականի ավարտը կհստակեցվեն այս խնդրի լուծման մեթոդոլոգիական հիմքերը:

Հիշեցնենք, որ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, մինչեւ 2025 թվականը միությունում պետք է գործի վառելիքային էներգետիկ ռեսուրսների միասնական շուկա, ինչը, ենթադրվում է, որ էականորեն կնպաստի միության ներսում ինտեգրացիային եւ զարգացման տեմպերին:

Արամ Սաֆարյանը կարեւորում է նաեւ էլեկտրոնային շրջանառությանը վերաբերվող հարցերը, քանի որ կորոնավիրուսի համաճարակը եւ դրանով պայմանավորված սահմանափակումները ցույց տվեցին, որ էլեկտրոնային առեւտրաշրջանառությունը միանգամայն նոր իմաստ է ձեռք բերում եւ փրկօղակի դեր է կատարում:

Երեւանյան հավաքի ժամանակ քննարկվել է նաեւ միության անդամ պետությունների միջեւ օդային հաղորդակցության վերականգնման հարցը: Արամ Սաֆարյանը կարծում է, որ փորձագետներն այժմ զբաղված են այդ եւ այլ լուծումների փնտրտուքով, որոնք հնարավորություններ կտան միության հետագա զարգացումն ապահովելու համար, քանի որ նաեւ միության անդամ երկրներում առկա տնտեսական անկումը հուշում է, որ նոր, թարմ լուծումներ են անհրաժեշտ՝ բաց թողածը վերականգնելու եւ հետագա զարգացումն ապահովելու համար:

Այս համատեքստում նա կարեւոր է համարում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ օդային եւ ցամաքային փոխադրումների վերականգնումը: «Հայաստանի աշխատանքային միգրանտները պետք է հնարավորություն ունենան ՌԴ մեկնելու, շարունակելու իրենց աշխատանքը, քանի որ դա շոշափում է հայկական հասարակության արմատական հետաքրքրությունները, ինչպես նաեւ, դա շոշափում է ՌԴ-ի շահերը»,- ասաց Արամ Սաֆարյանը՝ հավելելով, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսական աշխատաշուկայով, քանի որ մոտ ապագայում դրա այլընտրանքը տեսանելի չէ:

Արամ Սաֆարյանն էական կարեւորության է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեւանյան նիստին արած հայտարարությունը, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նաեւ մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, ինչպես նաեւ ռազմական եւ անվտանգային քաղաքականության կարեւոր ուղղություն է: Իսկ տնտեսական առումով, բանախոսի հստակեցմամբ, Հայաստանն առավելապես հետաքրքրված է պատրաստի արտադրանքի արտահանման հարցերով, քանի որ ռուսական շուկան բավական հարմար շուկա է՝ Հայաստանի հետագա տնտեսական զարգացման համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031