«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման մասին, ասաց, որ մինչ այդ, երբ ինքը գնացել է Արցախ, իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվություն ունեցել է. «Իրավիճակը շատ բարդ է: Այս պահին մարտի դաշտում որոշվում է մեր պետության ճակատագիրը, մեր բոլորի ճակատագիրը»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ եթե 1-2 օրվա ընթացքում էլ հրադադար չլինի, կդիմի ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Այս առնչությամբ Մարուքյանն ասաց. «Փակ հանդիպման ժամանակ այդ մասին քննարկում եղել է: Ես ասել եմ, որ եթե ՀՀ-ն պետք է ճանաչի ու մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է: Եթե դիվանագիտական աշխատանքով կարողանանք հասնել նրան, որ Արցախի անկախությունը մեզ հետ միաժամանակ կարողանան ճանաչել, օրինակ, Մինսկի խմբի համանախագահ երկրներից որեւէ մեկը, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, դա ուղերձ է, որ հղում են նաեւ Արցախից ու դա ճիշտ է»:
Ըստ Մարուքյանի, ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է հասնել, օրինակ՝ Ֆրանսիայի,կամ ՌԴ-ի կողմից Արցախի ճանաչմանը, ԱՄՆ-ի դեպքում բարդ է. «Անջատում՝ հանուն փրկությանը տեղի է ունեցել, հիմա այն փուլն է, որ պետք է լինի ճանաչում՝ հանուն փրկության: Բայց դա պետք է ունենա երաշխիքներ, այն երկիրը, որ ճանաչում է, պետք է թղթի վրա երաշխիքներ դնի, պաշտպանի ճանաչումը: Ուղղակի թղթի վրա ճանաչում, երբ զորքերը շարժվում են մեր կողմ, դա այս առումով բան չի փոխելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ