Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա վերջը չէ». Սերգեյ Մարկեդոնովը՝ պատերազմի մասին

Հոկտեմբեր 12,2020 15:14

«Սա վերջը չէ: Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարն այս ամբողջ պատմության կամ հակամարտության վերջը չէ: Ավելին ՝ սա մարդասիրության դրսևորում չէ»,- այս մասին այսօր  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղ ունեցած «ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետների երևանյան հանդիպման արդյունքները և մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության հրատապ հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ, պատասխանելով Հայաստանի եւ Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակման եւ արդեն 16 օր շարունակվող պատերազմի մասին հարցին, ասաց քաղաքագիտության թեկնածու, ՄՀՄՊԻ-ի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրա-ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Նա համոզմունք հայտնեց, որ այսօր ՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում ընթացող կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում փորձ է արվելու ևս մեկ անգամ ամրագրել հրադադարի մասին համաձայնագիրը: Չնայած նա ակնհայտ դժվարություններ է տեսնում հակամարտության միջազգայնացման ֆոնի վրա:

Մարկեդոնովն ասաց, որ հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում տպավորություն էր, որ Մոսկվան լռում է, բայց դա, նրա խոսքերով, այդքան էլ այդպես չէ. «Դիվանագիտական քայլերը չպետք է հրապարակվեն: Նաև հարց է հնչում, թե ինչո՞ւ մենք մեզ չենք պահում այնպես, ինչպես պաշտոնական Անկարան: Որովհետև Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և Թուրքիայի համար երկու երկրների հետ հարաբերությունները կարևոր չեն՝ ի տարբերություն Ռուսաստանի: Իսկ Մոսկվային կարևոր է վերադարձնել դիվանագիտական բանակցությունների ձևաչափը, որը տևական ժամանակ դադարի մեջ էր: Իհարկե, դիվանագիտական ձեւաչափին անցնելն ինքնին լավ է, բայց կողմերը միշտ ցանկություն ունեն ինչ-որ բան ինքնուրույն «շտկել»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս հակամարտությունը կարո՞ղ է ազդել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման վրա, Մարկեդոնովը կարծիք հայտնեց, որ դա կարող է տեղի ունենալ միայն առաջնագծում էական փոփոխությունների դեպքում: Երկու դաշնակիցների (Ռուսաստանի և Հայաստանի) շահերը, ըստ նրա, այս փուլում համընկնում են ՝ չնայած որոշակի անհամապատասխանություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031