Տնտեսագիտության դոկտոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ Ազա Միհրանյանը կիսում է տեսակետը, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները էական վնասներ են հասցրել երկրների տնտեսություններին, սակայն ԵԱՏՄ-ում գործող կապերը հնարավորություն տվեցին փոքր ինչ նվազեցնել առեւտրաշրջանառության անկման տեմպերը, եթե դրանք համեմատենք երրորդ երկրների հետ շրջանառության տեմպերի հետ:
Տնտեսագետը ԵԱՏՄ-ի զարգացման ծրագրերին խանգարող է համարում միասնական շուկաների ձեւավորման առիթով անդամ պետությունների էական տարաձայնությունները: Խոսքը, մասնավորաբար, միասնական էներգետիկ՝ նավթի եւ գազի, շուկայի ձեւավորմանն է վերաբերվում: Շուկայի ձեւավորման վերաբերյալ ԵԱՏՄ անդամ պետություններում առկա են մոտեցումների էական տարբերություններ, կան նաեւ շուկայի բաց լինելու հետ կապված տարաձայնություններ՝ ելնելով պետությունների ազգային շահերից:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այսօր տեղ ունեցած «ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետների երևանյան հանդիպման արդյունքները և մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության հրատապ հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ, Ազա Միհրանյանն անդրադարձավ նաեւ թվային կառավարման անցմանը, ԵԱՏՄ համաձայնագրերի կիրառման եւ այլ հարցերի ևս, որոնք ևս դանդաղեցնում են միության զարգացումը: Բայց Ազա Միհրանյանը հավատում է չինական փիլիսոփայությանը, որ ցանկացած փակուղի նոր հնարավորություն է: Եվ այս առումով ԵԱՏՄ համագործակցության լավ օրինակ է համարում ԵՏՀ Կոլեգիայի՝ COVID-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակաբանական հանձնարարականների հաստատումը: Փաստաթուղթը պարունակում էր ԵԱՏՄ-ի մաքսային սահմանին և մաքսային տարածքում «Կանաչ միջանցքների» օբյեկտների աշխատանքի կազմակերպման հետ կապված առաջարկներ, ներառյալ՝ կանխարգելիչ և ախտահանիչ միջոցառումների անցկացումը։ Այդպիսի օբյեկտներից են ավտոլիցքավորման կայանները, տեխնիկական սպասարկման, վարորդների հանգստի և սննդի կետերը։ COVID-19-ի ներթափանցման և տարածման կանխարգելման նպատակով հանձնարարվել էր կազմակերպել ջերմաչափման անցկացմամբ «մուտքային ֆիլտր», աշխատակիցներին ապահովել շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներով և ձեռնոցներով, կազմակերպել հականեխիչով ձեռքերի մշակումը, համակարգված հիմունքներով անցկացնել կանխարգելիչ ախտահանում, հետևել սոցիալական տարածության պահպանման սկզբունքները, օգտագործել մեկանգամյա ամանեղեն և այլն։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ