Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտ․ հրադադարի առաջին րոպեներին նկուղում ապրող կանայք մազերն են հարդարել, նշել պահը՝ առանց պայթյունի երկինքը

Հոկտեմբեր 12,2020 14:41

«12 զինվոր ունենք բանակում՝ մեր հարազատներով, քույրերով, եղբայրներով։ Մենք չենք մտածում այստեղից որեւէ տեղ գնալ»,-ստեփանակերտցի Լիանա Բաղդասարյանն է ասում։ Արցախում ընթացող պատերազմական այս օրերին Լիանան ամեն օր աշխատանքի է գնացել ու գնում, գլխավերեւում անօդաչու սարքն էր թռչում, ինքն էլ՝ արագ-արագ քայլում, պետք է տեղ հասներ, ամեն օր գործ կար անելու՝ սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր են հավաքում, հետո ուղարկում ըստ հասցեների։

«Հենց մեր տան մոտ առաջին պայթյունը որ լսեցի, հետո կրակահերթի ձայներ լսվեցին, միանգամից միտքս եկավ՝ տղաս ծառայության մեջ է։ Սկզբում չհասկացա՝ ինչ է կատարվում, մտածեցի՝ էս մտե՞լ են քաղաք, ինչքա՞ն մոտ են։ Բոլորս դուրս ենք եկել փողոց, չենք հասկանում ինչ է կատարվում, կարծում էինք՝ ինչ-որ թյուրիմացություն է, ժամանակավոր մի բան է։ Բայց չէ․․․»,-պատմում է Լիանան։

Նա 3-րդ պատերազմն է տեսնում, ասում է՝ հիմա ուրիշ պատերազմ է․ «Նախկինում գիտեինք՝ կար առաջնագիծ, մարտի դաշտ, հիմա մարդիկ չգիտեն վտանգը որտեղից սպասեն, նույն իրավիճակն է՝ կռվի դաշտում եւ Ստեփանակերտի փողոցներում, երկու դեպքում էլ պայքարի թեժ կետերն են, ամեն վայրկյան կարող է հրթիռ ընկնի։ Պատերազմի կանոնները փոխվել են»։

Այս օրերին շենքի նկուղն է դարձել ժամանակավոր բնակության վայրը․ «Նույնիսկ նկուղում մտածում էինք՝ արդյոք ապահով է։ Բայց միեւնույն է, երբ աղջիկներով, կանանցով միասին ենք, հոգեբանորեն ուժեղ ենք։ Մեր կամավորներին մի օր հանգստյան օր էին տվել, երբ եկան մտան նկուղ՝ հարսանիք էր այդ օրը մեզ համար»։ Ասում է՝ բոլորն էլ ռազմաճակատում կռվող ունեն, եւ եթե կանանց «դուխը» չլիներ՝ խելագարված կլինեին։ Իր եղբայրն էլ է մասնակցել արցախյան առաջին պատերազմին, հիմա եղբայրն իր երկու որդիների հետ է ճակատ գնացել։

Ինքն էլ է առաջին պատերազմի ականատես, այն ժամանակ նոթեր է գրել, հետո այն Երեւանի թատրոններից մեկում բեմադրել են։ Մոտ երեսուն տարի առաջ նոթերը գրելու ժամանակ ընկերուհիներից մեկը հավանելով այն, խորհուրդ է տվել՝ էլի կգրես։ «Ցավոք, էլի առիթ եղավ նման բան գրելու»։

Հոկտեմբերի 10-ին մարդասիրական հրադադարի առաջին րոպեներին նկուղ-ապաստարանում ապրող կանայք որոշեցին գեղեցկանալ, Լիանան ասում է՝ նկուղը վերածվեց գեղեցկության փոքրիկ սրահի․«Աղջիկներից մեկն իր վարսահարդարիչը բերեց, ասաց՝ աղջիկներ նստեք, հիմա բոլորիդ սիրունացնելու եմ, որ նշենք մեր գոնե ժամանակավոր պահը՝ թե ինչ բան է առանց պայթյունի երկինքը»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Օպերատոր՝ Ռուբեն Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031