«Տնտեսական ինտեգրացիան անհնար է, եթե հաշվի չեն առնվում անվտանգային խնդիրները, քանի որ տնտեսական հարաբերությունների եւ դրանց զարգացման վրա շատ գործոններ են ազդում»,- այս կարծիքին է քաղաքագիտության թեկնածու, ՄՀՄՊԻ-ի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրա-ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղ ունեցած «ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետների երևանյան հանդիպման արդյունքները և մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության հրատապ հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ, բանախոսն արձանագրեց, հոկտեմբերի 9-ին, Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը ծանր մթնոլորտում էր անցնում՝ նկատի ունենալով Արցախի եւ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակումը, ինչի մասին խոսեցին եւ ՀՀ եւ ՌԴ վարչապետները:
Առհասարակ, Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, ԵԱՏՄ-ի զարգացման, այսպես կոչված, կովկասյան ուղղությունը զարգացման որոշակի հեռանկարներ ունի: Սակայն զարգացման, պայմանական ասած, «Մեծ Եվրասիա» ծրագիրը, որը ենթադրում է համագործակցություն ԵԱՏՄ երկրների անդամ երկրների հարեւանների հետ էլ, տվյալ պարագայում՝ Իրանի, ինչի համար Հայաստանը յուրօրինակ կապող կամրջի դեր ունի, կարող է կյանքի կոչվել բացառապես անվտանգային հարցերի կարգավորումից հետո:
«Այժմ Եվրասիական ինտեգրացիայի, այդ թվում նաեւ տնտեսական, կանգնած են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ ոչ միայն քաղաքական: Օրինակ, կորոնավիրուսի համավարակը, որը տարբերակում չի դնում՝ ով-ում կողմից է կամ ինչ սկզբունքների է դավանում՝ ինքնորոշում, թե տարածքային ամբողջականություն: Այն չի խնայում ոչ ոքի»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ համավարակը ինտեգրացիոն ծրագրերը որոշակի դադարի ռեժիմի է բերել, համաճարակն էլ դեռ շարունակում է զարգանալ եւ դեռ շատ վաղ է խոսել հետհամաճարակային աշխարհի մասին, մենք դեռ ապրում ենք համաճարակի հետ: Չնայած կարանտինայի սահմանափակումներին եւ ինտեգրացիոն գործընթացների զսպմանը, բանախոսի գնահատմամբ, առաջիկա զարգացման ծրագրերը պետք է քննարկվեն, որովհետեւ այս իրավիճակը վաղ թե ուշ կավարտվի եւ որոշակի տեսլականներ պետք է լինեն, որպեսզի վերականգնումը հնարավորինս արագ լինի:
Կարդացեք նաև
Սերգեյ Մարկեդոնովի գնահատմամբ, համավարակը նոր բացահայտումներ չարեց, միայն առավել սրեց առկա խնդիրները՝ ընդգծելով այն իրողությունը, որ առանց համագործակցության՝ միայնակ, գրեթե անհնար է հաղթահարել ոչ միայն քաղաքական բնույթի, այլ նաեւ ոչ քաղաքական բնույթ ունեցող խնդիրները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ