Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Հոկտեմբեր 12,2020 14:05

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային և կրոնական վայրեր, ինչպես նաև սպառնում է լրագրողների անվտանգությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով և դրա երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը: Սա ներառում է նաև «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության դեպքում լրագրողների, մեդիամասնագետների և հարակից անձնակազմի պաշտպանության մասին» 2222 (2015 թ.) բանաձևով ստանձնած պարտավորությունները: Դրանք միտված են աջակցելու ազատ, անկախ և անկողմնակալ լրատվամիջոցներին՝ որպես ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից մեկը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև բոլոր կողմերին կոչ է անում նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել` աջակցելու այդ հանձնառությունների և պարտավորությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ուսումնական հաստատությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության թիրախավորման, մասնավորապես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման փաստը դատապարտելու նպատակով:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031