Պատերազմը Ալիեւի համար իշխանությունը պահելու վերջին հնարավորություն է
Շատերը կհիշեն, որ հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետեւանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ եւ բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ «դժգոհել» էր, որ՝ «Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»: «Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»,-ասել էր նա՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը:
Գրեթե 2 ամիս անց՝ Հայաստանին «դեմ առ դեմ» կռվելու կոչ անող Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ Թուրքիայի մասնակցությամբ եւ վարձկան ահաբեկչների գործուն աջակցությամբ: Աշխարհի առաջատար երկրների պետական այրերը, պատգամավորները, փորձագետները, մամուլը, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահ պետությունների ներկայացուցիչները վարձկանների առկայությունն Ադրբեջանում հաստատել են:
Այժմ Ալիեւը կենցաղային ստախոսի կարգավիճակում է. պատերազմի առաջին օրերին նա հերքում էր Թուրքիայի միջոցով վարձկաններին Ադրբեջան բերելու ու Արցախի դեմ պատերազմին մասնակցելու փաստը:
Կարդացեք նաև
Ալիեւն իր պահվածքով այլեւս չի զարմացնում, նա շարունակում է նվաճել նոր «բարձունքներ»: Նա անթաքույց ստանձնել է Հարավային Կովկասը Թուրքայի հետաքրքրությունների դաշտ ու ազդեցության գոտի դարձնելու մարիոնետի գործը: Նրա վերջին հարցազրույցների մեխը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավման պահանջի ներկայացումն է նույնիսկ այն բանից հետո, երբ Մոսկվայում օրերս կայացած եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում արձանագրվել է, որ կողմերը վերահաստատել են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը։ Ալիեւը, սակայն այլ ձեւաչափում Թուրքիայի ներգրավման պահանջ է ներկայացնում:
Ստացվում է, որ Արցախյան պատերազմի կողմ Թուրքիան նաեւ խաղաղ կարգավորման գործընթացում ակտիվ «բանակցողի» հավակնություններ ունի: Ավելին՝ այդ պահանջը կյանքի կոչելու համար է նաեւ այսօր Թուրքիան ընդդեմ Արցախի ահաբեկչություն իրականացնում՝ վարձկանների «աջակցությամբ»:
Իսկ Ալիեւին մնում է կեղծիքներով համեմված ելույթներ ունենալ՝ ի ցույց դնել պետության առաջնորդին ոչ հարիր խոսելաձեւ ու բառապաշար: Վստահաբար ունենալով բավարար պատճառներ՝ Ալիեւին չի էլ հաջողվում թաքցնել ջղաձգությունը: Վերջին օրերին նրա ելույթներում բառամթերքի ընտրությունը վկայում է այդ մասին: Ալիեւն այս օրերին ամենեւին չի ցուցաբերում ՄԳԻՄՕ ավարտածի ու նույն հաստատությունում դասավանդածի հարիր «մակարդակ»: Ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկին անցյալ շաբաթ տված հարցազրույցում օրինակ ակնհայտ երեւում էր այն հոգեվիճակը, որում այսօր գտնվում է Ադրբեջանի նախագահը. նա դժվարությամբ է հավատում այն ստերի տարափին, որոնք ստիպված է հնչեցնել, նա անընդհատ թաքցնում է աչքերն ու հայացքը՝ իր առջեւ նստած լրագրողից:
Դժվար է ասել, թե արդյոք նա գիտակցում է, թե ինչ պատասխանատվություն է կրում այս պատերազմը սանձազերծելու ու Էրդողանի ձեռքում մարիոնետի կարգավիճակ ստանձնելու իր քայլով:
Ինչի է այս ամենը հանգեցնելու… Արցախում պատերազմը, վստահաբար, վաղ թե ուշ, Ալիեւի իշխանության կորուստի է հանգեցնելու: Տարիներ շարունակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, հետաքննող լրագրողները, մամուլը ներկայացնում էին ալիեւյան բռնապետական ռեժիմի ողջ «հմայքը», այն, թե ինչպես եւ ինչ գնով է նա իշխանություն պահպանում:
Այս ամենին գումարվեցին մի քանի մեղքեր եւս՝ Արցախում խաղաղ բնակչության դեմ պատերազմը, Հարավային Կովկասի Թուրքիայի ազդեցության գոտի դարձնելու մղումները եւ մեր տարածաշրջանը վարձկան ահաբեկիչների հարթակ դարձնելու հանգամանքը:
Էրդողանն այս համատեքստում գերտերությունների հետ «առեւտրի» մտնելու հարցում մեկ թեմա էլ շահեց՝ Հարավային Կովկասը: Սակայն Ալիեւը միայն կորցրել է, քանի որ ամենահարմար պահին Ալիեւին, իր ռեժիմով հանդերձ, կզոհաբերեն: Ակնհայտ է, որ Ալիեւը դարձել է մարիոնետ` ահաբեկիչների գործընկեր Էրդողանի ձեռքում եւ ռազմական հանցագործ՝ իր ժողովրդի համար, այսինքն, խոշոր հաշվով՝ քաղաքական դիակ: Անկասկած, վաղ թե, ուշ սա գիտակցելու են նաեւ Ադրբեջանում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ