ՀՀ սահմանադրական դատարանում այսօր աշխատակարգային նիստ է ընթանում, որի արդյունքներով պետք է ՍԴ նախագահի եւ փոխնախագահի ընտրության գործընթացը տեղի ունենա:
Ազգային ժողովի՝ այս տարի ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում լիազորությունները դադարեցված նախագահ Հրայր Թովմասյանը դատարանի շենք մտնելուց առաջ լրագրողների հարցերին չարձագանքեց:
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն էլ անդրադարձավ տեղեկություններին, թե վերջերս ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանն արդեն ինքնահռչակ ՍԴ նախագահ է եւ աշխատակազմին հրահանգել է իրերը հավաքել՝ սեփական թիմին բերելու համար: «Ոչ: Աշխատակազմի ղեկավարը ես եմ, եւ աշխատակազմում նման հայտարարություն չի եղել»,-վստահեցրեց Էդգար Ղազարյանը: Նա հերքեց նաեւ տեղեկություններն այն մասին, որ Երվանդ Խունդկարյանն իրեն աշխատասենյակ է ընտրել, որը հիմա նորոգվում է:
Վերջերս ՍԴ դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանն էլ ասաց՝ տեղեկություններ չունի այն մասին, թե ՍԴ դատավորներից ովքեր են առաջադրվել որպես նախագահի թեկնածու. «Միայն մամուլից եմ լսել: Ինքս չէի ցանկանա առաջադրվել որպես նախագահի թեկնածու, որովհետեւ համալսարանի ամբիոնում աշխատանքս կձախողեմ»: Լրագրողները հետաքրքվեցին՝ նախընտրած թեկնածու ունե՞ք: Վաղարշյանը ժպտալով ասաց. «Ես եմ այդ թեկնածուն, բայց չեմ կարող…կներեք, երեխեք ջան, իրավիճակից ելնելով՝ իսկապես տրամադրություն չունեմ շատ խոսելու»:
Կարդացեք նաև
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ նախընտրեց կարճ խոսել. «Հարգելի լրագրողներ, հասկանում եմ, որ ձեր մասնագիտական աշխատանքն եք անում, բայց եկեք ստեղծված սահմանային իրավիճակը հաշվի առնենք: Այսօր տեղի կունենա աշխատակարգային նիստ: Չգիտեմ՝ ընտրություններն այսօ՞ր կլինեն, թե վաղը, բայց ենթադրում եմ, որ այսօր կամ վաղը հարցին վերջնական լուծում կտրվի»: Շաթիրյանը նախընտրեց չմանրամասնել, թե դատավորներից քանիսն են առաջադրվել որպես նախագահի թեկնածու. «Նիստը լինի՝ կտեսնենք: Ես չեմ պատրաստվում ինքնաառաջադրվել, բայց քննարկումների արդյունքում պատկերը պարզ կլինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ