Ամերիկահայությունը շարունակում է բողոքի երթերը, մասնավորապես Լոս Անջելեսում կայացել է ամենահուժկու եւ բազմամարդ բողոքի երթը՝ ադրբեջանաթուրքական գործողություններին եւ սանձազերծված պատերազմին վերջ դնելու եւ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտի տվյալներով 100000-170000 մարդ է փողոց դուրս եկել:
«Մենք մեր զինվորների հետ ենք»՝ ի թիվս այլ կոչերի վանկարկում են ի աջակցություն Արցախի եւ Հայաստանի ցույցի դուրս եկած ամերիկահայերը:
www.nbclosangeles.com-ի փոխանցմամբ, համայնքն արդեն միլիոնավոր դոլարներ է հավաքել՝ իբրեւ մարդասիրական օգնություն Հայաստան եւ Արցախ ուղարկելու համար, որտեղ ներառված է նաեւ Քիմ Քարդաշյանի կողմից հանգանակած 1 միլիոն դոլարը:
Կարդացեք նաև
«Արցախը հարձակման տակ է, երթ դեպի հաղթանակ» հավաքի մասնակիցները բողոքի գործողությունները սկսել են Pan Pacific Park-ից, անցել են Բեւեռլի Հիլզով, իսկ վերջնակետը թուրքական հյուպատոսության շենքն է եղել: Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ հայերը վանկարկել են՝ «Ամոթ Թուրքիա», «Էրդողանը ահաբեկիչ է»:
www.nbclosangeles.com-ը հիշեցնում է, որ Լոս Անջելեսի քաղաքապետը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, թե կանգնած ենք մեր քույրերի ու եղբայրների կողքին՝ Արցախում եւ Սփյուռքում, հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, իսկ Թուրքիան հեռացվի: Նույն աղբյուրը գրում է, որ Արցախը լիովին բնակեցված է հայերով, հավելում, որ հուլիսի եւս բախումներ են եղել, ու ադրբեջանական կողմը սպառնացել է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը:
Բողոքի ցույցի ընթացքում Թուրքիային դատապարտող և Արցախին աջակցելու կոչերով ելույթ են ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ