Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհայտ դաշտում դրոշ տնկելուց մինչեւ կեղծ «թվիթ»-եր». պատերազմի հնարավոր հետեւանքն Ալիեւի համար

Հոկտեմբեր 12,2020 13:00

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ձեռնարկած եւ Թուրքիայի մասնակցությամբ ընթացող պատերազմի շուրջ ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների մասին «Առավոտը» զրուցել է իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ:

– Պարոն Տոնոյան, պատերազմի մեկնարկն ինչպե՞ս է փոխկապակցվել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ։

– Չեմ կարծում, թե որեւէ մեկի համար գաղտնիք է, որ Իլհամ Ալիեւի կողմից այս պատերազմը հրահրվել է նաեւ Ադրբեջանի Հանրապետության ներսում առկա ներքաղաքական իրավիճակով եւ սեփական իշխանության շարունակականությունն ապահովելու ցանկությամբ պայմանավորված։ Հատկապես թուրք փորձագետները պատերազմից առաջ վստահ հայտարարում էին, որ Ալիեւը խնդիր ունի իր իշխանության շարունակականությունը ապահովելու, եւ դրա լավագույն միջոցը պատերազմին դիմելն է, իսկ հաջողության դեպքում՝ հեղինակության շեշտակի բարձրացումը եւ դրված նպատակին հասնելը։

Մյուս կողմից ակնհայտ էր, որ հուլիսյան գործողություններից, դրանց զուգահեռ՝ Բաքվում տեղի ունեցած ցույցերը ցրելուց, մարդկանց ձերբակալելուց, «Ղարաբաղում կռվելու պատրաստ անգամ 150 կամավոր չունենք» բնույթի հանրային հայտարարություններից, ապա՝ Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելուց, թուրքամետ շրջանակների ակտիվացումից, դրանց միջոցով «Թուրքիայի հետ միասին Ղարաբաղի ազատագրման» քարոզից, հակառուսական տրամադրությունների սրացումից հետո Ադրբեջանի ներսում Թուրքիայի շահերը սպասարկող քաղաքական արբանյակների միջոցով ամեն օր էլ ավելի էր մեծանում պատերազմի վերսկսման ճնշումը երկրի ռազմաքաղաքական վերնախավի վրա։ Սրան նպաստում էին նաեւ Ադրբեջանի ներսի եւ վտարանդի ընդդիմադիրների քարոզները, ովքեր ամենօրյա պարբերականությամբ հիշեցնում էին Իլհամ Ալիեւին Ղարաբաղյան խնդրի մասին, օգտագործում այդ խաղաքարտը՝ վերջինիս վարկաբեկելու հարցում։

Մինչպատերազմական Ադրբեջանի ներքին խնդիրների մեջ ոչ երկրորդական տեղ ուներ նաեւ մայիսին Շուշիում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից (իսկ այդ օրերին Ադրբեջանի զինված ուժերն անցկացնում էին լայնամասշտաբ զորավարժություններ եւ այնտեղ, պայմանավորված ռազմաքաղաքական ղեկավարության այդ օրերի պատերազմական հռետորաբանությամբ, կար Շուշին հրթիռակոծելու հասարակական պահանջ, ինչը տեղի չունեցավ) եւ հուլիսյան պատերազմից հետո ռազմական վերնախավի վարկաբեկված եւ հեղինակազրկված լինելը։ Հասարակության ճնշող մեծամասնությունը հավատացած էր, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետ Նաջմադդին Սադիղովը դավաճան է, իսկ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ պատերազմելու անընդունակ։

Կարեւոր մի իրողություն, որ այստեղ արժի հիշել մինչպատերազմական Ադրբեջանի ներքաղաքական ներկապնակից, դա երկրի ղեկավարի՝ Իլհամ Ալիեւի խնդիրներն էին իր «դաստիարակի»՝ ԳԱԱ նախագահ Ռամիզ Մեհդիեւի հետ, որի հետ չէր ստացվում համաձայնության գալ եւ հաղթահարել լարվածությունն անգամ պատերազմի մեկնարկից դեռ մեկ օր առաջ։ Այս ամենից զատ՝ Իլհամ Ալիեւին հաճախ էին սկսել հիշեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերին, բայց անցկացվեցին փետրվարին։ Քիչ չէին հիմնավորում պահանջողները, որոնց, ենթադրաբար, խոստացվել էր պատերազմ, ինչի մասին այս օրերին երեւում է որոշ գործիչների, այդ թվում՝ Նաթիգ Ջաֆարլիի («Հանրապետական այլընտրանք» կուսակցություն) թույլ տված տեղեկատվական «արտահոսքերից»։

– Իսկ ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում այժմ՝ պատերազմի այս օրերին։

– Ե՛վ պատերազմից առաջ, ե՛ւ պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի Հանրապետության ներսում գործող քաղաքական ուժերի հետ պարբերաբար հանդիպումներ էր ունենում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ քաղաքական կուսակցությունների եւ օրենսդիր իշխանության հետ կապերի բաժնի պետը՝ Ադալաթ Վելիեւը, իսկ վտարանդի ընդդիմադիրների մի հատվածի հետ աշխատանքներ էր տանում պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, որի շնորհիվ, թերեւս, Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին պատերազմի առաջին փուլում հնարավոր է եղել ապահովել որոշակի ներքաղաքական կայունություն երկրի ներսում։ Սրան մասամբ օգնեց նաեւ նախապես մշակված «ռազմական գործողությունների մասին քարոզչության» ծրագիրը, որի ամբողջ իմաստն ամեն գնով ռազմաճակատից դրական լուրեր հայտնելն էր՝ թեկուզ դա լիներ մի անհայտ դաշտում դրոշ տնկելն ու դրա մոտ կրոնական աղոթքականչ կազմակերպելը, բնակավայրերի ցուցանակներ կեղծելը, նախագահի՝ «գյուղերի ու քաղաքների ազատագրման մասին» կեղծ «թվիթ»-երը եւ այլն։ Սա հանգեցրեց Ադրբեջանի ներսում լայն հանրային էյֆորիայի, եւ արդյունքում այդ երկրում ողջախոհ երիտասարդների միայն մի փոքր խումբ մնաց, որի համար պատերազմը եւ Իլհամ Ալիեւի իշխանությունը շարունակում է լինել անընդունելի։ Էյֆորիայի ապահովման եւ պահպանման նպատակով՝ հասարակության մեջ անհանգստությունն ու բողոքը բացառելու համար է նաեւ, որ չկա պատերազմական գործողությունների ժամանակ սպանվածների անվանացանկ, իսկ նրանք, ովքեր հրապարակում են նկարներ սպանվածներից կամ թաղման արարողություններից, զգուշացվում են իշխանությունների կողմից՝ ընդհուպ մինչեւ ձերբակալությամբ։

Միաժամանակ, Ադրբեջանի մինչպատերազմական շրջանի «ոչ իշխանական» ուժերի մի մասը, հատկապես՝ Թուրքիայի հետ ակտիվ համագործակցողները եւ այդ երկրի կովկասյան օրակարգի իրացումն Ադրբեջանում ապահովողները, մի կողմից Թուրքիայի դրդմամբ, մյուս կողմից՝ սեփական քաղաքական շահերից ելնելով, այս փուլում ավելի սուր պատերազմական հռետորաբանություն են որդեգրում եւ միտումնավոր ավելի են սրում հասարակության մեջ հակահայկական տրամադրությունները, պահանջում Ադրբեջանի նախագահից պատերազմել մինչեւ վերջ, չգնալ որեւէ բանակցությունների եւ որեւէ «զիջման»։

Ահա հատկապես այս վերջին հանգամանքն է, որ էլ ավելի է ծանրացնում ռազմի դաշտում շոշափելի հաջողություններ չունեցող եւ օր օրի իր դրած քաղաքական նպատակից ավելի հեռացող Իլհամ Ալիեւի վիճակը։ «Թագավորն ու չարչիի» մեջ ասվածը, եթե մի փոքր փոխենք եւ ասենք՝ «առաջը սուր, հետեւը` ջուր», շատ տիպական կարտահայտի այն իրավիճակը, որի հետ առերեսված է այսօր Իլհամ Ալիեւը։

– Ի՞նչ զարգացումներ կարող եք նախանշել Ադրբեջանի ներքաղաքական կյանքում առաջիկայում։

– 2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն այսպես թե այնպես ազդել, ազդում եւ շարունակելու են ազդել նաեւ Ադրբեջանի Հանրապետության ներքաղաքական կյանքի վրա։ 17 տարի Ադրբեջանը բռնապետական ռեժիմի մեջ պահած Իլհամ Ալիեւը տարբեր միջոցներով, այդ թվում՝ «վերեւից ներքեւ բարեփոխումների» անցկացմամբ, իսկ այս պահին արդեն նաեւ ղարաբաղյան խաղաքարտի օգտագործմամբ, ամեն կերպ փորձում է ապահովել իր իշխանության շարունակականությունը։ Թե ինչքանով սա կհաջողվի կամ չի հաջողվի Իլհամ Ալիեւին, կախված է պատերազմի դաշտում նրա ունեցած արդյունքներից կամ դրանց բացակայությունից։ Ալիեւյան ռեժիմն իշխանության է եկել հենց արցախյան պատերազմի ժամանակ՝ դրա ամենաթեժ օրերին մեջքից հարվածելով ժամանակի քաղաքական ղեկավարությանը։ Ունենալով նման փորձ՝ Իլհամ Ալիեւը շատ լավ է հասկանում, որ պատերազմում իր բանակի առաջին իսկ նահանջը կամ նույնիսկ դրված առաջադրանքի չկատարումը կարող է միանգամից խարխլել այս պահի ներքաղաքական փխրուն կայունությունը եւ հնարավորություն տալ որեւէ ուժի՝ կրկնելու իր հոր՝ 1993թ.-ի իշխանազավթման փորձը։ Իսկ այդ հնարավորությանը սպասում են եւ այսպես կոչված՝ «դասական ընդդիմադիրները» (ԱԺՃԿ, Մուսավաթ եւ այլն), եւ «իշխանությանը ծախված ընդդիմադիրները» (Հաֆիզ Հաջիեւ, Սարդար Ջալալօղլու, Ալի Ալիեւ եւ այլն), եւ իշխանությունների հետ գաղտնի համագործակցող «սոլիդար ընդդիմադիրները» (Հանրապետական այլընտրանք եւն), եւ վերջին ամիսներին իշխանությունից հեռացված հին գվարդիականները (Հեյդար Ալիեւի քաղաքական թիմը՝ Ռամիզ Մեհդիեւի գլխավորությամբ), եւ այսօր բոլոր նշվածներից առավել բարձր «կեցցե՛ Գերագույն գլխավոր հրամանատարը» գոռացող «Նոր Ադրբեջան» կուսակցության այն հատվածը, որի քաղաքական հեռանկարներն ու ունեցվածքը վտանգված են ոչ պակաս, քան Ռամիզ Մեհդիեւինը (պայմանական նախիջեւանյան ենթակլան՝ Վասիֆ Թալիբովի եւ Սիյավուշ Նովրուզովի գլխավորությամբ)։

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031