Հոդվածը գրելու պահը համընկնում է պատերազմի 13-րդ օրվա հետ: Շատ է գրվել ու խոսվել երկկողմ զոհերի քանակների ու ավերածությունների ծավալների մասին, ուստի չեմ անդրադառնա այդ թեմային, չնայած այն որոշակիորեն առնչվում է սույն նյութին:
Անկեղծ ասած, ինչպես ամեն հայ, ես եւս հոգուս խորքում լրիվ դեմ եմ տարածքներ զիջելուն, քանզի այն վերացական հասկացություն չէ, այլ արյամբ ետ բերած տարածք է (ոչ երբեք գրավյալ), որն այնքան կարեւոր է հենց նույն Արցախի ժողովրդի համար, սակայն նման հարցի լուծման իրավասությունը պատկանում է ողջ հայ ժողովրդին եւ հայկական երկու պետություններին: Այդ իսկ պատճառով, փորձ կարվի ընդամենը վերլուծել ու գնահատել այդ հարցը՝ իր հնարավոր հետեւանքներով: Մինչեւ սեպտեմբերի 27-ը տարածաշրջանում հարաբերական կայուն, կարելի է ասել նաեւ հարաբերական խաղաղ իրավիճակ էր եւ հայ ժողովուրդն ու հայկական երկու պետություններն ունեին հստակ որոշում. ոչ մի պարագայում տարածքների զիջում (անգամ հակառակորդի կողմից փոխզիջման առաջարկության դեպքում) չի լինելու:
Իրոք պետք է խոստովանել, որ լիովին անսպասելի էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի այդպիսի դերակատարմամբ (պատերազմի համակարգմամբ), վարձկան ահաբեկիչների նման քանակի ներգրավվածությամբ այսպիսի լայնածավալ, միաժամանակ ժամանակակից հրետանային զինտեխնիկայի չափազանց մեծ քանակի կիրառմամբ նման ահեղ ռազմական ագրեսիայի ձեռնարկումը (անգամ տարբերություն չդնելով՝ հարվածի թիրախները քաղաքացիական բնակավայրեր են, թե իրենց դեմ մարտնչող՝ կենաց մահու կռիվ տվող զինվորականներ), որն ինչ-որ իմաստով անակնկալի բերեց հայ ժողովրդին, մասնավորապես՝ նաեւ Արցախի ու Հայաստանի ղեկավարությանը: Սակայն, սա է իրողությունը ու այսքանից հետո, նվազագույնն անհասկանալի է, թե Ադրբեջանի նման գործելակերպից այնկողմ, ուրիշ էլ ի՞նչ պետք է աներ, որ Հայաստանը դարձյալ հապաղում է եւ չի փորձում անմիջապես ճանաչել Արցախի անկախությունը, որից հետո նաեւ բարոյական իրավունք վաստակի նույն հարցով դիմելու աշխարհին, որին էլ պետք է անմիջապես հաջորդի ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Պաշտոնական տվյալներով, այս պահին արդեն 350-ին մոտ մատղաշ զինվորների եւ քաղաքացիական բնակիչների զոհ ունենք, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ էր: Հիմա ինչի՞ ենք սպասում, որ անգամ պարտադրված քայլերը ժամանակին չենք անում…
Հավանաբար, հենց այդպես է եղել Մեծ եղեռնի ժամանակ, երբ եղբոր, ամուսնու, հոր աչքի առջեւ մի քանի ասկյար թրով պատռել են հղի կանանց փորը, բռնաբարել կանանց, քույրերին, մայրերին, իսկ նրանք եւ ներկա գտնվող հազարավոր հայերից համարյա ոչ մեկը չի համարձակվել պաշտպանել նրանց: Երեւի այդ ժամանակ էլ են մտածել՝ եկեք սպասենք, դեռ պահը չէ շարժ անելու, միգուցե խղճան, խնայեն ու մի կերպ փրկվենք, որից հետո սրանց հերը կանիծենք: Մի հարցնող լիներ, եթե հղի կանանց չէին խնայում, ձեզ ինչո՞ւ պետք է խնայեին, ի՞նչ փրկվելու հույսի մասին էր խոսքը…: Փրկվելու մի հույս կար. մի քիչ թասիբ ունենայիք, միավորվեիք ու հենց առաջին մորթի ժամանակ փորձեիք վախին հաղթել (մոռանայիք ձեր կաշին փրկելու մասին) եւ համախմբված հարձակվեիք այդ մի քանի տասնյակ ասկյարների վրա, խլեիք զենքերը եւ սկսեիք անողոք կոտորել դրանց: Եթե այս դեպքում մի քանի զոհ պիտի տայիք, ապա նման պահելաձեւով բոլորիդ մորթեցին (սա համարյա համատարած կարծիք է, ուղղակի շատերը չեն բարձրաձայնում): Այդ ալիքը անմիջապես կտարածվեր, եւ դուք տասնյակ հազարներով կփրթեիք այդ պահին ձիերը հեծած մի քանի հարյուր ասկյարներին (չմտածեք, թե տաք-տաք խոսում եմ, ուղղակի դա էր միակ ճանապարհը): Մի՞թե սրբությունը լրիվ էր մեռել ձեր մեջ, որ ձեր հղի կանանց, ովքեր իրենց արգանդում կրում էին ձեր արյունը՝ ձեր երեխաներին, ձեր աչքի առաջ մորթում էին, իսկ դուք վախից սսկված դողում էիք, որ հանկարծ հերթը ձեզ էլ չհասնի: Եթե անգամ հրաշքով փրկվեիք, դրանից հետո քանի կոպեկ արժեր ձեր ապրելը: Մի՞թե բարոյական մահը հազարապատիկ անգամ գերադասելի չէ անբարոյական, ստրկական գոյությունից: Ձեր պահելաձեւը նույնիսկ ոչ մի գազանի, թռչնի կամ մեղվի ուղեղում չի տեղավորվի, քանզի նրանք հաստատ մինչեւ վերջին շունչը կպաշտպանեին իրենց ձագերին: Սիրտս ճմլվում է, էլ չեմ կարող այս աներեւակայելի ամոթի մասին եւս մեկ բառ ավելացնել…: Համոզված եմ, որ բացառություններ եղած կլինեն, ովքեր ենթարկված չեն լինի այս մորթապաշտական «կանոնին», որի հետեւանքով էլ նրանց ժպտուն հոգիները այսօր էլ տիեզերքից հսկում են մեզ՝ վախը սրտներում, թե հանկարծ չլինի այնպես, որ թուրքերի հետ հետագա կռիվների ժամանակ էլ նույն վախկոտ ու անամոթ պահելաձը որդեգրենք…:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 27-ից սկսած հենց նմանատիպ իրավիճակ է, սակայն հայն արդեն իր անվախությամբ ու համարձակությամբ զարմացնում է աշխարհին, քանզի եւ զինուժի, եւ զինտեխնիկայի թվաքանակով ու արդիականությամբ էապես զիջելով թուրքերին, իսկական դասեր է տալիս նրանց, տիեզերական համարձակությամբ ու հերոսությամբ անխնա ջնջում է հրոսակ թուրքերին: Եվ այս ամենը հանուն հայրենիքի, հանուն հողի, հանուն իր երեխաների եւ վերջապես՝ հանուն նամուսի ու թասիբի: Նրա միջից իսպառ վերացել է վախը եւ նա ոչ միայն թուրքերին, այլեւ ամբողջ աշխարհին է հերոսության, աներեւակայելի սխրանքների թեմայով դասեր տալիս, իսկ աշխարհի բնակչության բարոյական հատվածն իրոք ներքուստ հպարտանում է մեր հերոսների սխրագործություններով: Չափազանց կարեւոր է, որ երկնքում ննջող մեր հրաշք նահատակների հոգիները խաղաղվում են եւ ուզում են եւս մեկ անգամ վերածնվել ու հպարտորեն նահատակվել հանուն հայրենիքի: Բնավ չցանկանալով վիրավորած լինել եղեռնի ժամանակ նահատակված մեր միլիոնավոր հայրենակիցներից եւ ոչ մեկին (ընդամենը իրերը կոչում եմ իրենց անուններով, որը միշտ ցավոտ է լինում), նշեմ ընդամենը, որ հայը 1990թ.-ից սկսած եւ այսօր էլ Արցախը պաշտպանող եւ մի թիզ հողի համար կյանքը չխնայող տեսակ է, ով ամեն ինչ անում է զուտ գիտակցաբար…: Եթե անգամ ամբողջ աշխարհը հավաքվի, միեւնույն է՝ այս տեսակին հաղթել չի կարող, քանզի այս տեսակը անպարտելի է…:
Հասկանալի է, որ վերջին հարձակումը, այն էլ նման մասշտաբների եւ Թուրքիայի նման միջամտությամբ անսպասելի էր, սակայն հենց այդ մասշտաբներից ելնելով էր պետք հնարավորինս արագ՝ մեկ-երկու օրում հստակ որոշել. գնալու ենք փոխզիջումների, թե՞ գնալու ենք մինչեւ վերջ, քանզի ակնհայտ երեւում էր, որ շարունակության պարագայում եւ զոհերն են շատ լինելու, եւ ավերածությունները: Երկու կողմից էլ ոչ փոխզիջումների, ոչ էլ հրադադարի մասին խոսք չեղավ: Միայն Ադրբեջանը շարունակաբար բարձրաձայնում էր, որ ոչնչի առջեւ կանգ չի առնելու եւ ավերելու է Արցախը: Եվ ունեցանք այն, ինչ ունենք այս պահին: Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ այսօր գնդակն ավելի շատ մեր դաշտում է, որն էլ ենթադրում է, որ մենք ցանկացած պահի պետք է կողմ լինելով հրադադարին, ոչ մի դեպքում չպետք է գնանք տարածքների զիջման: Նորից եմ կրկնում, միգուցե իմաստավորված էր զիջումների գնալ պատերազմի առաջին, երկրորդ օրերին, երբ զոհերի թիվն ու ավերածություններն այս մասշտաբի չէին, իսկ այս պահի դրությամբ, կարծում եմ՝ դրանք արդարացված չեն: Կարող են հարցնել, իսկ ի՞նչ անենք, այսպես շարունակենք եւ զոհերի թիվն էլ ավելի շատացնենք…: Իհարկե, ամեն զոհը մեզ համար մի աշխարհի կորուստ է, սակայն զիջումների պարագայում մենք նվազագույնն անարդար կվարվենք ու մեծ մեղք կգործենք արդեն նահատակված 350 եւ ավելի մեր հերոսների առջեւ…:
Պարտադրված ենք հաղթել եւ սա վերջին կռիվն է լինելու…
Պետք է լուրջ եւ խորը վերլուծել, քանզի սխալվելը կործանում է…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2020