Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը կոտրում է ֆիզիկական եւ մտավոր սահմաններն ու միավորում բոլորիս»

Հոկտեմբեր 12,2020 12:00

Հայաստանյան թատրոնները թեկուզ կարճ ժամանակով փորձում են երեխաներին կտրել սթրեսային իրավիճակից

Պատերազմական այս օրերին հայաստանյան մշակութային բոլոր օջախները բացի ռազմաճակատին օգնելուց, այլ գերխնդիր էլ են դրել իրենց առջեւ. Արցախից Հայաստան տեղափոխված կռվի արհավիրքը տեսած երեխաներին մասնակից դարձնել հետաքրքիր միջոցառումների, գոնե կարճ ժամանակով նրանց ժպիտ պարգեւել:

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ երկու սեանսով իրենց օջախում հյուրընկալել են արցախցի շուրջ 100 երեխայի, որոնք դիտել են Թումանյանի «Անխելք մարդը», իհարկե, ներկայացումները լինելու են շարունակական: «Մարդկությունն արվեստն ու մշակույթը համարում է մարդկային կապի եւ քաղաքակրթության զարգացման ամենակառուցողական ուժը: Արվեստը կոտրում է ֆիզիկական եւ մտավոր սահմաններն ու միավորում մեզ բոլորիս…»,- ասաց պարոն Բաբայանը:

  Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի ղեկավար Ռուբեն Մուրադյանը տեղեկացրեց, որ Երեւանի Հավաքական թիմերի մարզական կենտրոնում ներկայացրել են Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը: Նշեց, թե արցախցի երեխաները ոչ միայն ուշադրությամբ էին դիտում ներկայացումը, այլեւ մանկանը հատուկ անմիջականությամբ արձագանքում հերոսներին: «Ներկայացումից հետո արտիստները փոքրիկների հետ շուրջպար բռնեցին: Պետք էր տեսնել երեխաների, նաեւ արտիստների ոգեւորությունը… Աշխարհն է փաստում մեր բանակի հզոր լինելը: Հավելեմ, որ մեր բանակը հզոր է նաեւ իր թիկունքով: Իսկ թիկունքում մենք մշակույթով էլ ենք ոգեշնչում վաղվա զինվորին»,- հայտնեց պարոն Մուրադյանը:

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի փոխտնօրեն Թաթուլ Բոստանչյանից եւ դերասան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի մագիստրանտ Ժիրայր Գաբրիելյանից տեղեկացանք, որ թատրոնում հրավիրված երեխաները դիտել են Թումանյանի «Լինում է, չի լինում» ներկայացումը: Մեր զրուցակիցներն էլ հավաստիացրին, որ անպայման միջոցառումները կլինեն շարունակական: Նախօրեին էլ ինստիտուտի ուսանողները, կերպարանափոխված ճանաչված հեքիաթի հերոսների, այցելել ու շնորհավորել են արցախցի մի փոքրիկի ծննդյան օրը: «Տեսնելով երեխայի ուրախությունը, որոշեցինք մյուս փոքրիկներին էլ նման անակնկալներ մատուցել»,- նշեց Ժիրայր Գաբրիելյանը:

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը փոխանցեց հետեւյալը. «Մեր թատրոնում իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների համար տարբեր օրերի ցուցադրել ենք Եմելյանովայի «Երեք խոզուկները», «Գայլն ու յոթ ուլիկները», «Բժիշկ Այբոլիտը» ներկայացումները»: Իսկ թատրոնի մամուլի ծառայության պատասխանատու Վլադ Մուրադյանը հավելեց, թե հանդիսատեսի թվում նույնիսկ գրկի երեխաներ կային: «Անշուշտ, պատրաստ ենք երկար ժամանակ մեր փոքրիկներին գեղագիտական հաճույք պատճառել, բայց ամենամեծ ցանկությունն է, որ օր առաջ ավարտվի պատերազմը»,- շեշտեց նա:



Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031