Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

«Ըստ Ժնեւի Կոնվենցիայի՝ սա լուրջ բնույթի պատերազմական հանցագործություն է»

Հոկտեմբեր 12,2020 13:30

Արա Ղազարյանը՝ Ադրբեջանի կողմից Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու հարվածների առիթով

«Դատելով փաստից, որ երկու անգամ են հարվածել Շուշիի Ամենափրկիչ եկեղեցուն եւ դատելով, որ դրա շուրջ ռազմական օբյեկտներ չկան, իսկ մենք բոլորս պատկերացնում ենք վայրը. այնտեղ որեւէ ռազմական օբյեկտ չկա եկեղեցու հարեւանությամբ, հետեւաբար դա թիրախավորում էր միտումնավոր, որն արդեն ըստ նույն Կոնվենցիայի լուրջ բնույթի պատերազմական հանցագործություն է»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց մարդու իրավունքների hարցերով փորձագետ Արա Ղազարյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու անգամ հարվածեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն:

Արա Ղազարյանը շեշտեց՝ առաջին հերթին այս հարցը՝ պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների կամ պաշտամունքային վայրերի՝ որպես ռազմական թիրախ օգտագործելու անընդունելիությունը սահմանված է նախեւառաջ զինված հակամարտությունների մասին օրենքներով, այսինքն՝ Ժնեւի կոնվենցիայով: «Հատկապես դա սահմանվում է Կոնվենցիայի թիվ մեկ արձանագրությամբ՝ 53-րդ հոդվածով՝ մշակութային եւ պաշտամունքային կատարման տեղերի պաշտպանությունը: Այստեղ հստակ նշվում է, որ այս օբյեկտները չեն կարող ռազմական թիրախ հանդիսանալ»:

Արա Ղազարյանը նշեց՝ փաստաթղթում մասնավորապես ամրագրվում է՝ արգելվում է կատարել որեւէ թշնամական գործողություն ուղղված այն պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների կամ պաշտամունքային կատարման վայրերի դեմ, որոնք հանդիսանում են ժողովուրդների մշակութային կամ հոգեւոր ժառանգություն:

Ադրբեջանն ակնարկում է, թե եկեղեցուն հասցված վնասը հարակից վնաս էր, այսինքն՝ իրենք թիրախավորել էին որեւէ ռազմական օբյեկտ Շուշիում եւ հումանիտար իրավունքով թույլատրվում է, երբ թիրախավորման օբյեկտի հարակից, նույնիսկ քաղաքացիական բնույթի օբյեկտները վնասվում են: Այս առիթով Արա Ղազարյանը պարզաբանեց. «Սա տեսականորեն: Տեսա մի կին, որ պնդում էր՝ քանի որ դրված է տեսանյութ, որ հայ զինվորները մտել էին եկեղեցի պաշտամունքի գործողություն կատարելու, դա իրենց իրավունք է վերապահում թիրախավորել: Իհարկե, ոչ: Անվերապահորեն այդպիսի իրավունք հակամարտության կողմը չունի: Հակամարտության կողմը կարող է թիրախավորել պաշտամունքային վայրը միայն այն դեպքում, եթե այն վերածվել է ռազմական նշանակության օբյեկտի, այն էլ պետք է նախապես վստահ լինի, որ ռազմական այլ գործողություններով ինքը չի կարող հասնել նույն ռազմական առավելության, եթե ինքը հարվածի այդ թիրախին՝ այն էլ նախօրոք տեղեկացնելով, որ պատրաստվում է թիրախավորել պաշտամունքի այդ վայրը»:

Արա Ղազարյանը հիշեցրեց՝ հայկական կողմի ռազմական մարմինները որոշ դեպքերում լրատվական միջոցներով նախօրոք տեղեկացնում են մոտավորապես, թե որ ուղղությամբ կամ նույնիսկ, թե ինչ բնույթի հարված են հասցնելու. «Դա արվում է պատերազմի, զինված հակամարտությունների հիմնական կանոնը ապահովելու համար, որ նվազագույնի հասցվի հնարավոր որեւէ վնաս քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական բնույթի օբյեկտների: Բայց դատելով փաստից, որ երկու անգամ են հարվածել եկեղեցուն եւ դատելով, որ դրա շուրջ ռազմական օբյեկտներ չկան՝ մենք բոլորս եղել ենք Շուշիում, լավ պատկերացնում ենք վայրը. այնտեղ որեւէ ռազմական օբյեկտ չկա եկեղեցու հարեւանությամբ, հետեւաբար դա թիրախավորում էր միտումնավոր, որն արդեն ըստ նույն Կոնվենցիայի լուրջ բնույթի պատերազմական հանցագործություն է»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այս հանցագործության համար, Արա Ղազարյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք չունենք միջազգային ատյան, որտեղ սա ներկայացնենք, բայց այս նույն հարցը կարելի է ներկայացնել մարդու իրավունքների հիմքով արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նման բան արվել է, օրինակ՝ 2016-ին Թալիշի դեպքերի կապակցությամբ, որովհետեւ Թալիշում թիրախավորվել էր եկեղեցին, քանի որ դա պաշտամունքի առարկա է, ապա դա շոշափում է տվյալ համայնքի անձնական կյանքի հարգման իրավունքը: Իհարկե, այստեղ կան նաեւ ռասիզմի դրսեւորումներ. նպատակն է ոչ թե եկեղեցուն թիրախավորելով ռազմական առավելության հասնելը, այլ կրկին ահաբեկելը քաղաքացիական բնակչությանը՝ այս անգամ որպես թիրախ դարձնելով պաշտամունքի առարկան: Այսինքն՝ պաշտամունքի առարկան թիրախավորելը օգտագործվում է որպես պատերազմ վարելու միջոց. դա էլ լուրջ բնույթի խախտում է»:

Մեր հարցին՝ նման նախադեպեր կա՞ն, որ այդ հիմքով պատասխանատվության ենթարկեն պետությանը, կա՞ն կոնկրետ նման դատական ակտեր, փորձագետը պատասխանեց. «Կոնկրետ նման դատական ակտեր կան: Բայց տեսությունը հստակորեն ամրագրում է, որ անձի անձնական կրոնական համոզմունքների իրավունքը կամ անձնական կյանքի հարգման իրավունքը համայնքի կամ համայնքի անհատ անդամների խախտվում է, եթե զինված հակամարտության ժամանակ թիրախավորվում է, օրինակ, եկեղեցին կամ պաշտամունքի որեւէ առարկա, ինչպես նաեւ տվյալ անձի պաշտամունքի առարկան, օրինակ՝ նրա խաչը: Վստահորեն անձը ոչ միայն ունի կրոնական համոզմունքի իրավունք, այլեւ այդ համոզմունքն ի ցույց դնելու իրավունք: Եկեղեցին պաշտամունքի առարկա է, այն էլ ուշադրություն դարձրեք, այստեղ նշվում է՝ որոնք հանդիսանում են ժողովուրդների մշակութային կամ հոգեւոր ժառանգություն: Դա ե՚ւ մշակութային, ե՚ւ հոգեւոր ժառանգություն է, այսինքն՝ դա միայն պաշտամունքի վայր չէ քրիստոնյաների համար, որոնք ապրում են Շուշիում, այլ դա նաեւ ժառանգություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031